ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը գոյություն չունեցածի հաշիվ է

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը գոյություն չունեցածի հաշիվ է

ԵԽԽՎ այս նստաշրջանում պետք է քննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ներկայացված մի զեկույց, որտեղ հակահայկական մի տող կա, որով Վեհաժողովը Հայաստանը ճանաչում է որպես օկուպանտ։ Ինչո՞ւ ենք մենք ԵԽԽՎ-ում նման զեկույցներ ունենում եւ ինչո՞ւ չենք կարողանում որեւէ կերպ դրա դեմն առնել։



Ազգային ժողովի նախկին պատգամավոր, միջազգային հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այսպիսի զեկույցները միջազգային հարթակներում դառնում են ամբողջ երկրի վարած արտաքին քաղաքականության եւ պետության կարողությունների հայելին։ Նա կարծում է, որ այս ամենը հետեւանք է հայաստանյան պատվիրակության անդամների վատ եւ անարդյունավետ աշխատանքի։ Ըստ նրա՝ մեր պատվիրակների մոտ բացակայում են պրոֆեսիոնալիզմն ու գործին տիրապետելու ընդունակությունը, եւ միայն անգլերեն իմանալը կամ ելույթներ ունենալն ու դրանք իրենց PR-ի համար կայքերում տարածելը դեռ արդյունավետ աշխատանքի գրավական չեն։ Հարկավոր է ճիշտ լոբբինգ անել, անձնական կապեր հաստատել, որը մեր պատվիրակները չեն անում, կամ բոլորը չէ, որ անում են ու կարողանում դա արդյունավետ իրացնել։



Ինչո՞ւ են ծնվում կամ ե՞րբ կարող են ծնվել այդպիսի զեկույցները․ ինքն իր համար այս հարցն է բարձրացնում պարոն Սաֆարյանն ու պատասխանում․ «Դրանք կա՛մ արդյունք են լինում աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, կա՛մ վատ աշխատանքի, երբ տվյալ երկրի պատվիրակությունը գոյություն չունեցածի հաշիվ է։ Երկու պարագան էլ այս զեկույցի դեպքում առկա է, որովհետեւ անցած տարիներին մեր խորհրդարանական պատվիրակության աշխատանքն ուղղակի մոտ է եղել զրոյին եւ առնչություն չի ունեցել օրվա թեմաների հետ։ Ես, իհարկե, ընդունելու եմ, որ այս պահին Հայաստանին ինչ-որ բան հասկացնելու անհրաժեշտությունը կա, խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ-ԵՄ բանակցություններն այդպես էլ չեն առարկայանում եւ չեն հանգում որեւէ փաստաթղթի ընդունման։



Բայց նաեւ, նկատի ունենալով ԵԽԽՎ-ի գործունեության դերը, որտեղ չափազանց մեծ լոբբինգի հնարավորություններ կան, որտեղ պատգամավորի անհատական աշխատանքը շատ մեծ ազդեցություն է թողնում, կարող ենք ասել, որ Հայաստանի պատվիրակությունը գրեթե արդեն բացակայում է այնտեղից։ Ես հիշում եմ՝ երբ ես էի պատգամավոր եւ դիվանագիտական պատվիրակությունների անդամ, մենք մեր թիմով՝ Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, ամեն մեկս մի պատվիրակության կազմում էինք եւ կարողացանք այնպես անել, որ այդ հինգ տարիների ընթացքում միջազգային կառույցներում որեւէ բանաձեւ՝ ի վնաս Հայաստանի, չընդունվեց»։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ մեր պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները ներքուստ շատ ուրախանում են, որ իշխանական պատգամավորները չեն գործում, եւ շատ ուզում են, որ սխալներ թույլ տան, որպեսզի իրենք գան եւ Երեւանում շահարկեն դա, թե «այս ապաշնորհ իշխանությունները տապալեցին, եւ այլն, եւ այլն»։



- Բայց նրանց աշխատանքից տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմադիր պատգամավորները եւս ԵԽԽՎ-ում կարծես նույնացվում են իշխանականների հետ եւ ոչնչով չեն առանձնանում իրենց աշխատանքում։



- Այո, վերջին շրջանում, հատկապես, ինձ համար տարօրինակ է, որ ամենաառանցքային պահերին ոչ միայն իշխանական պատգամավորներն էնտեղ չեն հերթագրվում՝ հարցեր տալու համար, այլ նաեւ ընդդիմադիրները։



- Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ են պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը։ Ռուստամյանը մեզ հետ զրույցում այս խնդիրների մեղքը, այսպես ասած, բարդեց Ադրբեջանի վարած նավթադոլարային քաղաքականության վրա։ Իսկապե՞ս միայն դա է խնդիրը, եւ մենք դրան հակակշիռ ի՞նչ ունենք։



- Ես շատ հարգում եմ պարոն Ռուստամյանին եւ շատ լավ տեղյակ եմ խորհրդարանական դիվանագիտության մեջ նրա հնարավորություններին, բայց ես ասեմ, որ չեմ ընդունում այդ արդարացումը, որովհետեւ այդպես միշտ արդարացել են իշխանությունները, երբ չեն կարողացել կանխել որեւէ բանաձեւի ընդունում եւ մեղքը գցել են Ադրբեջանի վարած խավիարային դիվանագիտության վրա կամ մեղադրել են Ալիեւին, որ նա գործում է Հայաստանի դեմ։ Սա միգուցե որոշ մարդկանց համոզիչ թվա, բայց ոչ ինձ, ով լավ գիտի այդ վեհաժողովների աշխատաոճը եւ նիստուկացը։ Եվ ես ամենեւին վստահ չեմ, որ այս զեկույցի նախագիծն ադրբեջանական ցանկությամբ է։



- Ո՞րն է արդյունավետ աշխատանքը, եւ կա՞ն, ի վերջո, մեր այժմյան պատվիրակության կազմում անդամներ, ովքեր քիչ թե շատ արդյունավետ աշխատանք են տանում։



- Ես ասեմ, թե հիմնական անելիքները որոնք են։ Նախեւառաջ՝ չափազանց ակտիվությունը։ Երբ դու ակտիվ ես լինում, քեզ շատ արագ նկատում են, էդ վեհաժողովներում ակտիվ մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Այդ ակտիվությունը բավականին հեղինակություն է բերում պատվիրակությանը, երկրին։ Ինչ վերաբերում է այժմյան ԵԽԽՎ պատվիրակության անդամներին, ապա նրանց ելույթները, այսպես ասեմ, ոչ մեծ դիապազոնի, Հայաստանի ուղեգծի սահմաններից դուրս չեկող ելույթներ են։ Մի ելույթ եմ հիշում՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից, Սիրիայի հետ կապված, որ օգտակար էր, մնացածը կա՛մ ուղղակի, այսպես ասած, արձագանք է Ադրբեջանին, Թուրքիային եւ ոչ ավելին։ Այսինքն՝ մեզ համար աշխարհն ավարտվում է այդ երկու պետություններով։ Նրանք պետք է էդ ոլորտներին տիրապետեն, բայց պատվիրակության մեջ մենք չունենք այդքան խորը իմացություններ ունեցող մարդիկ։ Լեզու իմանալը բավարար չէ, լեզվի հետ միասին պետք է ունենալ նաեւ ասելիք։



- Պատվիրակության ղեկավարի փոփոխությունը՝ Դավիթ Հարությունյանից Հերմինե Նաղդալյանի, որեւէ ազդեցություն ունեցա՞վ պատվիրակության աշխատանքի արդյունավետության վրա։



- Պատվիրակության ղեկավարը շատ պատասխանատու եւ կարեւոր նշանակություն ունի։ Ես կարծում եմ՝ Դավիթ Հարությունյանը շատ ավելի լավ էր պատկերացնում, թե ինչ բան է ԵԽԽՎ-ն, եւ այն, որ նա ԵԽԽՎ-ի քաջգիտակներից էր․ դա անվիճելի է։



- Բայց Դավիթ Հարությունյանը եւս ժամանակին որոշակի դիվանագիտական սխալներ է թույլ տվել՝ որպես պատվիրակության ղեկավար, եթե չեմ սխալվում։



- Այո, իհարկե։ Սխալներ թույլ էին տալիս բոլոր ժամանակներում։ Օրինակ, 2007-ից սկսած՝ մի տեւական ժամանակ, ներքին պայմանավորվածություն կար, որ ադրբեջանցիները, որպես կանոն, մեզ վերաբերող բանաձեւերի քննարկումներին են ձեռնպահ մնալու, մենք՝ իրենց վերաբերող քննարկումներին։ Այս պայմանավորվածությունը, սակայն, հիմնականում չպահպանվեց եւ բերեց շատ լուրջ խնդիրների, օրինակ՝ որոշ զեկույցներում անզգույշ քվեարկություններ գնացին, երբ Հայաստանը քվեարկեց այնպես, ինչպես չպիտի քվեարկեր, եւ դա եղել է Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ։



- Ըստ Ձեզ՝ պատվիրակության անդամների կարծիքներն ու առանձին քայլերը որքանո՞վ են հաշվի առնվում պատվիրակության ղեկավարի կողմից, թե՞ ամեն ինչ, մեծ հաշվով, իրականացվում է վերեւից իջեցված քաղաքական որոշումներով։



- Պատվիրակության ներսում հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, բայց պատվիրակությունը նրա համար է, որ ամեն մեկն անի իր գործը շատ լավ եւ պրոֆեսիոնալ, եթե կարողանում է անել, իհարկե։ Այս կտրվածքով ես կարող եմ ասել, օրինակ, որ որքան էլ եղել են տարաձայնություններ ընդդիմության եւ իշխանության միջեւ, բայց, օրինակ, նույն Եվրանեսթում, որի պատվիրակության անդամ էի ես, չեմ կարող չնշել ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանի անունը, որ երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչն է տեսնում, որ քո ասածը հիմնավոր է եւ խելամիտ է, ինքն էլ էր սկսում այդ ուղղությամբ աշխատել։ Պատվիրակության ղեկավարն ադ ժամանակ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն էր։ Դրա համար Եվրանեսթում, թերեւս, մեր աշխատանքն ամենահաջողվածներից մեկն էր։ Իսկ ԵԽԽՎ-ում մենք այսօր ունենք պատվիրակություն, որի աշխատանքն ուղղակի զրո է՝ միանշանակ։ Եվ այն, որ մեր պատվիրակությունն ուղղակի շարունակում է մնալ ԵԽԽՎ-ում շարքային, չերեւացող պատվիրակություն, դա ակնհայտ է։ Այսինքն՝ մեր պատվիրակությունը կա ԵԽԽՎ-ում, բայց ուղղակի գոյություն չունեցածի հաշիվ է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ