Հայի խելքը, փաստորեն, չի օգնում մեզ ԵԽԽՎ-ում

Հայի խելքը, փաստորեն, չի օգնում մեզ ԵԽԽՎ-ում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հրապարակված այն աղմկահարույց զեկույցին, որում Հայաստանին օկուպանտ են ճանաչել։ Հայաստանյան պատվիրակությունից այդ հանձնաժողովի անդամներ են պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը։



«Դա նորություն չէ, դա սկսել էր այն ժամանակ, երբ զեկույցի պատրաստման մասին հարց բարձրացվեց։ Զեկույցի վերնագիրն արդեն իսկ հակազդեցության էր արժանացել, բայց վեհաժողովում ձևավորվել է ադրբեջանական լոբբիի ստվար զանգված։ Մի անգամ սա նրանք արեցին, բայց մեր պատվիրակությունը բոյկոտեց, կարողացան տապալել, այժմ կարծես պրոբլեմներն ավելի շատ են»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ արդբեջանական լոբբինգը շատ ուժեղ է աշխատում այնտեղ, և մենք չենք կարողանում պայքարել դրա դեմ։



Hraparak.am-ի դիտարկկմանը՝ այսինքն հայի խելքն ու հնարամտությունը չի՞ օգնում՝ պայքարել ադրբեջանական լոբբիի դեմ, Վարդանյանն ասաց․ «Փաստորեն չի օգնում։ Մեր խելքն ու հնարամտությունը անսահմանափակ ուժի գործոններ չեն»։



Մեր մյուս հարցին, թե շատերի կարծիքով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ուղղակի անարդյունավետ է աշխատում, դրա համար էլ չենք կարողանում պայքարել նման զեկույցների դեմ, Վարդանյանը չհամաձայնեց․ «Երկար տարիներ գոնե մեր խմբակցության ներկայությունը, այդ թվում՝ Արմեն Ռուստամյանի ներկայությունը եղել է այդ պատվիրակության կազմում, մանրամասն և խորքից ամեն ինչ գիտենք, և հայկական պատվիրակությունն իսկապես իր հնարավորությունների սահմաններում աշխատում է»։
Նա նկատեց, որ երկու հանգամանք այստեղ, մեկը ադրեբջանական հզոր լոբբինգն է, մյուսը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, որը, ըստ նրա, մի լրացուցիչ ազդակ է ադրբեջանական լոբբիի ուժեղացման համար։



«Բայց քանի դեռ մենք կարողանում ենք պահպանել Մինսկի ձևաչափը, և դա փոփոխության կարող է ենթարկվել միայն կողմերի համաձայնությամբ, իսկ կողմերից մեկը, բնականաբար, Հայաստանն է, որևէ լուրջ հետևանքներ նման բանաձևերը չեն կարող ունենալ»,-ընդգծեց դաշնկցական պայքարել՝ նշելով, որ ակնհայտ է, որ մեր ԱԳՆ-ն և հնարավոր բոլոր ուժերը պիտի կարողանան հակազդել է և պայքարել դրա դեմ, բայց որ դա այսօր չի հաջողվում, դա իրականություն է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ