Լռում է Էրդողանը, խոսում է Բայկալը

Լռում է Էրդողանը, խոսում է Բայկալը

Թուրքիայի հունիսի 7-ի ընտրություններն ամեն ինչ են գլխիվայր շրջել երկրում, մինչ նախագահ Էրդողանը ցնցումից լռել է եւ չի խոսում, երկրի քաղաքացիներն իրենց հաղթանակն են տոնում ու սրախոսում: Ինչպես թերթերից մեկն էր ձեւակերպել` Թուրքիան վայելում է Էրդողանի լռությունը:



Լռությունը հաշվարկող ժամացույցը



Հունիսի 7-ից անցել է արդեն քանի օր, իսկ Էրդողանը, եթե չհաշվենք երեկվա կարճ երեւալը շրջանավարտների մի միջոցառմանը, ասպարեզում րի երեւում: Իհարկե, ընտրությունների հաջորդ օրը նա մի կարճ հայտարարություն տարածեց` անդրադառնալով ընտրությունների արդյունքներին եւ արձանագրելով, որ ձայների ներկա բաշխմամբ կուսակցություններից ոչ մեկը չի կարող ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Ավելի ուշ Էրդողանը հանդիպեց վարչապետ Դավութօղլուին, ով, ընդունված կարգով, հրաժարական կներկայացնի, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Չորեքշաբթի էլ ամենահետաքրքիր եւ անսպասելի հանդիպման մասին էր հայտնի դարձել լրատվամիջոցներին` Անկարայում հանդիպել էին Էրդողանը եւ Դենիս Բայկալը` CHP-ի (հիմնական ընդդիմադիր կուսակցության) նախկին ղեկավարը:



Էրդողանը չի երեւում այն դեպքում, երբ ընտրարշավի ողջ ընթացքում, չնայած չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջին, իր անձով, չվերջացող հանդիպումներով ու հանրահավաքային ելույթներով միայնակ ստվերի մեջ էր թողել բոլոր 20 կուսակցություններին: Երկուշաբթի օրվանից թուրքական լրատվական կայքերում սոցիալական ցանցերով տարածված մի էլեկտրոնային ժամացույց էր երեւում, որն օրերով, ժամերով, րոպեներով ու վայրկյաններով ցույց էր տալիս, թե արդեն որքան ժամանակ է, ինչ Էրդողանը լուռ է: Ամբողջ 13 տարի ո՞վ էր Էրդողանից տեսել այդպիսի լռություն, նույնիսկ չէին պատկերացրել: «Ջումհուրիեթը» գուցե հեգնել էր, բայց գույները չէր խտացրել՝ ասելով. «Թուրքիան վայելում է Էրդողանի լռությունը»:



Սակայն, որքան էլ հետաքրքիր լինեն Էրդողանի լռությունը հաշվարկող ժամացույցի տվյալները, ավելի հետաքրքիր է, թե երբ է Էրդողանը խախտելու լռությունը: Ի վերջո, ի՞նչ է անելու` համակերպվելու է նախագահի արարողակարգային դերի՞ն, թողնելու է քաղաքականությո՞ւնը, թե՞ վերադառնալու է AK-ի ղեկավարման ղեկին:
Առայժմ ոչինչ հասկանալի չէ: Հասկանալի չէ անգամ՝ Թուրքիայում կառավարություն ձեւավորվելո՞ւ է, թե՞ նշանակվելու են նոր խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, ընդդիմության առաջնորդ Քիլիչդարօղլուն հայտարարում է, թե նոր ընտրությունը միայն ժամանակի կորուստ եւ ընտրողների հանդեպ անհարգալից վերաբերմունք կլինի, բայց մյուս կողմից էլ հայտարարում է, թե CHP-ն ոչ մի պարագայում AK-ի հետ կոալիցիա չի կազմի: Նույնն են հայտարարում նաեւ մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։ Այս անորոշության մեջ Էրդողանի եւ CHP-ի նախկին ղեկավար Բայկալի հանդիպումը բոլորի ուշադրությունը գրավեց:



Էրդողան-Բայկալ մենամարտերը



Ինչպես արդեն ասվեց, Դենիս Բայկալն ընդդիմադիր CHP-ի նախկին առաջնորդն է: Նա տարիքով 75-ն անց է, զինվորականության հետ կապված CHP-ին` Թուրքիայի Հանրապետական կուսակցությանը միացել է 1970-ականներին, 80-ականների սկզբի ռազմական հեղաշրջման ժամանակներում ազատազրկվել է, 80-ականների վերջին ակտիվորեն ներգրավված է եղել CHP-ի վերաբացման աշխատանքներում եւ 1992-2010թթ. անձամբ առաջնորդել է CHP-ն: Քաղաքականության մեջ անցկացրած չորս տասնամյակների ընթացքում եղել է կառավարությունների կազմում, այդ թվում՝ երկրի ԱԳ նախարար, համարյա միշտ եղել է խորհրդարանում, մինչ այդ դասախոսել է իրավունք եւ համալսարանական կրթություն է ստացել ԱՄՆ Բերքլիի ու Կոլումբիայի համալսարաններում: Միով բանիվ, Էրդողանի հակապատկերն է ամեն ինչում, ինչն էլ անվերջ հակասություններ ու բախումներ էր ծնում:



Իսկ ամենից հիշարժան բախումը, իհարկե, 2010-ի սիրային սկանդալն էր, որի արդյունքում Բայկալը թողեց CHP-ի ղեկը, իսկ Էրդողանը հանգիստ հաղթեց 2011-ի ընտրություններում: 2010-ի մայիսին համացանցում հայտնվեց մի տեսաժապավեն, որտեղ, ըստ լրատվամիջոցների, ինչ-որ սիրային անտուրաժում երեւում էին Բայկալը եւ CHP-ից մի կին պատգամավոր, ով ժամանակին Բայկալի քարտուղարուհին է եղել: Տեսաժապավենը դիտողների տպավորությունն այն էր, թե Բայկալի ու կնոջ հանդիպումը չի ավարտվում այնտեղ, որտեղ ավարտվում է ժապավենը: Բայկալը, իհարկե, հայտարարեց, թե ժապավենը կեղծ է, մոնտաժված է, դա AK-ի քաղաքական դավադրությունն է` իրեն ընտրությունների նախաշեմին չեզոքացնելու համար, եւ այլն, բայց, ի վերջո, հրաժարական տվեց: CHP-ի ղեկավար ընտրվեց Քեմալ Քիլիչդարօղլուն, որ հինգ տարի կուսակցության նոր դիմագիծ է կերտում: Այն ժամանակ Էրդողանը երդվելով մերժում էր Բայկալի բոլոր մեղադրանքները, թե AK-ն կապ ունի, կամ ինքը տեղյակ է եղել ժապավենի գոյությունը:
Անցավ երեք տարի, եւ ահա, 2013-ի դեկտեմբերին, նոր սկանդալ պայթեց Թուրքիայում, այս անգամ աուդիո ձայնագրություն էր հայտնվել ինտերնետում, եւ հերոսն Էրդողանն էր, որը որդուն ցուցումներ էր տալիս, թե տանը եղած կանխիկ գումարներն ինչպես բաժանի ազգականներին, որպեսզի ոստիկանությունը խուզարկության դեպքում ոչինչ չգտնի: Այս անգամ, հասկանալիորեն, Էրդողանի հերթն էր հայտարարելու, որ ձայնագրությունը կեղծ է, մոնտաժված է, քաղաքական հակառակորդների դավադրությունն է… Հարցը հասավ խորհրդարանում քննարկման: Եվ, ահա, խորհրդարանում ելույթի ժամանակ, Էրդողանը հանկարծ ասում է. «Չեմ հասկանում` Բայկալն ինչո՞ւ է լռում, ինքն էլ, չէ՞, այսպիսի դավադրության զոհ դարձավ, իր դեմ էլ, չէ՞, նույն մարդիկ գործեցին…» (նկատի ունի Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին, ում հետ Էրդողանը եւ AK-ն 2010-ին բարեկամներ էին, 2013-ին՝ արդեն թշնամիներ): «Օհո՜,- արձագանքել էր Բայկալը,- փաստորեն, պրն. Էրդողանն ահագին էլ բան գիտի 2010-ի ժապավենի մասին, ակնկալում եմ, որ իր տիրապետած մանրամասներն ինձ էլ հաղորդի»: Ինչպես ասում են` բռնվեց խոսքում:



Երբ հալածում է ճակատագիրը



Հիմա, երբ Էրդողանը հերթական, բայց մինչ այժմ ամենաաղետալի քաղաքական նավաբեկության մեջ հայտնվեց, պատահական չէ, որ հենց Բայկալի հետ է ցանկացել հանդիպել: Ճակատագրի հեգնանքով ինչ իրավիճակներում որ Բայկալն է հայտնվել, եւ Էրդողանը կողքից դիտել է (եթե, իհարկե, անձամբ ռեժիսորը չի եղել), վերջում նույն իրավիճակներում նաեւ ինքն է հայտնվել: Այնպես որ, հիմա երեւի ողջ խորությամբ հասկանում է Բայկալին: Դրա համար էլ նրան էր հանդիպման հրավիրել: Ընդսմին, երկուսուկես ժամ տեւած հանդիպումը կայացել էր Թուրքիայի ԱԳՆ-ի շենքում, քանի որ CHP-ից, ինչպեսեւ մյուս կուսակցություններից ոչ ոք չի համաձայնում Էրդողանի նորակառույց նստավայրը` Ak Saray պալատ գնալ:



Իհարկե, Բայկալի հետ հանդիպումը պաշտոնապես բացատրվել է նրանով, որ, իբրեւ խորհրդարանի ամենատարեց անդամ, ներկա պահին Բայկալն է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նա է նախագահելու առաջին նիստում, եւ նախագահ Էրդողանը նրան հանդիպման է հրավիրել խորհրդարանի աշխատանքի մեկնարկին վերաբերող հարցեր քննարկելու համար:



Սակայն առավել հավանական է, որ Էրդողանը կամ հոգին է թեթեւացրել Բայկալի առջեւ, նաեւ մխիթարվել, որ այլոց վերելքն էլ, ի վերջո, ավարտվել է: Կամ էլ նույնքան հավանական է, որ Էրդողանը գիտակցում է իրավիճակի ողջ լրջությունը, եւ, լուծումներ գտնելու գործը չվստահելով իր կուսակիցներին, անձամբ է կոալիցիոն կառավարության հնարավոր կոնֆիգուրացիաների կամ դրանք տապալելու քողարկված զոնդաժներ կատարում: Հանդիպումից հետո Բայկալը հրապարակավ հայտարարել էր, թե Էրդողանը շահագրգիռ է՝ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն։ Իսկ երեկ արդեն նեղ շրջանակներում ասել էր, թե, իր տպավորությամբ, Էրդողանը մտորում է արտահերթ ընտրությամբ կորցրածը վերադարձնելու մասին: Ի վերջո, ի՞նչ է անելու Էրդողանը, եւ ի՞նչ է լինելու Թուրքիայում․ հարցը մնում է բաց։