ՀՀԿ-ն չի համոզի, որ չթանկանա հոսանքը, իրենց համար կարևոր են թանկացման հիմնավորումները

ՀՀԿ-ն չի համոզի, որ չթանկանա հոսանքը, իրենց համար կարևոր են թանկացման հիմնավորումները

Ազգային ժողովում այս պահին ընթանում են խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցի հետ կապված։ Հարցրեին պատասխանողը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն է, սակայն պատգամավորները Բիբինին էլ էին ցանկանում տեսնել դահլիճում։ Պարզվեց՝ Բիբինը չի բարեհաճել ներկայանալ, ինչը որակվեց որպես արհամարհանք նրա կողմից։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին Hraparak.am-ը հարցրեց՝ հնարավո՞ր է այս լսումների արդյունքում սակագնի փոփոխություն լինի։
«Եթե հիմնավորումներ կլինեն, լուրջ հիմնավորումներ, որոնք նկատի կառնվեն ՀԾԿՀ-ի կողմից, կարող են որոշակի փոփոխություններ լինել։ Եթե լսումները կազմակերպված են հանձնաժողովի նիստից առաջ, բնականաբար, դրա ազդեցությունը կարող է լինել։ Հակառակ դեպքում՝ ես իմաստ չէի տեսնում, այսինքն՝ միևնույնը կլիներ՝ նիստից առաջ ենք անում լսումներ, թե նիստից հետո»,-ասաց նա՝ նշելով, այսօր հարցադրումներ կլինեն, որոնք կքննարկի ՀԾԿՀ-ն, կհրավիրի նիստ և ամսի 17-ին վերջնական որոշում կկայացնի։
Մեր հարցին՝ այս լսումների նպատակն ու դրանցից ակնկալիքն այն է, որ իջեցվի՞ էլեկտրաէներգիայի սակագինը, Բաղդասարյանը կրկնեց նույնը․ «Եթե լինեն հիմնավորումներ, որոնք կարողանանք պնդել և նաև հանձնաժողովը կարողանա ընկալել և ընդունել, բնականաբար, կարող է փոփոխվի»։



-Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը հենց ա՞յդ ակնկալիքով է մասնակցում լսումներին, որ իջեցվի սակագինը։



-Քաղաքական մեծամասնությունն արդեն հանդիպում ունեցել է այս ֆորմատով, որին ներկա են եղել նաև ցանցերի ներկայացուցիչները, մենք չորս ժամից ավել տևած հանդիպման ժամանակ այդ բոլոր խնդիրները, հարցերը բարձրացրել ենք, ստացել ենք պատասխաններ, և աշխատել ենք այնքան մանրացնել այդ խնդիրները, որպեսզի ստանանք ավելի համոզիչ պատասխաններ, և, կարծես թե, մոտվորապես եկել ենք այն համոզմանը, որ թանկացումն անխուսափելի է, բայց ոչ այն հայտով, որը որ պետք է ներկայացվեր։ Իսկ ինչը նախնական ներկայացվել է, մենք դա նորից քննարկում ենք։



-Հարցս ուղիղ ձևակերպեմ․ Հանրապետականը ցանկանու՞մ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ներկայացված հայտից՝ 6.93 դրամից էլ ցածր լինի։



-Ցանկությունը այլ խնդիր է։ ՀՀԿ-ն և բոլոր քաղաքացիները ցանկանում են, որ ընդհանրապես չլինի, բայց եթե կան հիմնավորումներ, մենք չենք շեղվելու այդ հիմնավորումներից։ Այն հիմնավորումները, որոնք օբյեկտիվ են և անխուսափելի են, մենք դրանց հետ չենք կարող չհամաձայնել։



-Այսինքն՝ այս լսումների արդյունքում, այդուհանդերձ, սակագնի իջեցում դժվար է ակնկալել։



-Չշտապենք, կավարտվեն լսումները, որից հետո նիստից մեկ-երկու օր առաջ, ինձ թվում է, հանձնաժողովի կարծիքը կլինի, և նիստի արդյունքում կերևա։



-Դուք փորձելու՞ եք համոզել, հակափաստարկներ բերել, որ չթանկանա։



-Համոզելու կարիք չկա։ Բնականաբար, եթե այս հակափաստարկները չներկայացնեինք և չհամաձայնեցնեինք հանձնաժողովի հետ, մեր հարցապնդւոմները չանեինք, այդ 17 դրամն էլ չէր իջեցվի։ Ինչ մնում է, որ մենք վերջնական ինչ-որ արդյունքի հասել ենք և վերջնական մենք գիտենք, որ սրանից հետո արցեն թանկացումը հիմնավորված է, նորից եմ կրկնում, քննարկումները շարունակվում են։ Համենայնդեպս, այն, ինչ որ օբյեկտիվ է և հիմնավորված, անկախ նրանից՝ դու դա ցանկանում ես, թե չես ցանկանում, դա պետք է լինի։ Մենք համոզելու կարիք չունենք, մենք պարզապես պնդում ենք հիմնավորումներն ու օբյեկտիվ պատճառները և պետք է պնդենք մինչև վերջ։