Երեկվա լսումները դեմագոգիայից ու մեղադրանքներից այն կողմ չանցան

Երեկվա լսումները դեմագոգիայից ու մեղադրանքներից այն կողմ չանցան

Ազգային ժողովում երեկ դեմագոգիայի ցերեկույթ էր կազմակերպվել։ Պատգամավորներով ու ՀԿ-ների ներկայացուցիչներով հավաքվել էին հոսանքի թանկացման հիմնավորումները լսելու։ Հենց սկզբից մի հարց առաջացավ՝ լսումներ են հրավիրել, որ ի՞նչ անեն, եթե դրանց արդյունքում որեւէ բան չի փոխվելու․ սակագինը որոշված է՝ հոսանքը թանկանալու է 6.93 դրամով, սրան համաձայնել է արդեն քաղաքական մեծամասնությունը։ Մյուս կողմից՝ ենթադրենք, հիմնավորեցին թանկացումը, դրանից ժողովուրդն ի՞նչ կշահի, դրանից թանկացումը ՀՀ քաղաքացու վրա ավելի քի՞չ կազդի։ Թեպետ միայն այն հանգամանքը, որ լսումներին չէր ներկայացել այս «կռիվ կինոյի» գլխավոր բացասական հերոսը՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, արդեն իսկ հերիք էր, որ հիմնավորումները բավարար չլինեին։



Բիբինի բացակայությունն էլ հենց դարձավ լսումների գլխավոր մեխն ու ՀՀԿ-ի բերանը լեզու դրեց՝ դեմագոգիայով ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Մի քանի ժամ շարունակ ընդդիմությունից սկսած՝ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերով վերջացրած, Բիբինին կոխեցին ցեխը, հանեցին, ինչ ասես ասացին, մեղադրեցին, թե ինչու չի ներկայացել լսումներին, մուննաթ եկան, ու այդպես շարունակ։



«Բիբինն էդ ո՞վ դառավ, որ մեզ մերժի… Ինքը շատ ա փոշմանելու, որ չի եկել․․․ Բիբինն ո՞վ ա, էդ ո՞վ ա, մի հատ ընկերության տնօրեն ընդամենը»,-իր ելույթներում զայրանում էր նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը։ Խոսրով Հարությունյանն էլ Բիբինի այս քայլը համարեց արհամարհական վերաբերմունք իշխանությունների նկատմամբ։ Իսկ Բիբինը չէր ներկայացել լսումներին, որովհետեւ «զբաղված էր», ինչի մասին տեղեկացրել էր նամակի միջոցով, այն էլ՝ էլեկտրոնային։ Պատգամավորները Բիբինի այս քայլն ուղղակի լկտիություն համարեցին։



Այս ամենը չափազանց զայրացրել էր ներկաներին՝ ընդդիմադիր, թե իշխանական, այդ թվում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով եւս շատ խիստ տոնով արտահայտվեց Բիբինի հասցեին։ Խոսվեց Բիբինի կատարած անիմաստ ծախսերի, միլիոնավոր դրամների շռայլությունների, նրա աշխատավարձի, որը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար է կազմում, եւ այլ բաների մասին։ Երբ Բիբինի քարկոծման արարողությունը, որը լսումների ժամանակի գրեթե կեսը խլեց, մի փոքր հանդարտվեց, սկսեցին ավելի առարկայական խոսել։ Հեղինե Բիշարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այսուհետ աղմկահարույց ձերբակալություններ չպե՞տք է սկսվեն՝ ստուգումներ սկսելով տեղական էլեկտրացանցերի տնօրենների աշխատանքում, մինչեւ ավելի բարձր օղակներ, որպեսզի պարզեն, թե ով ումից ինչքան հոսանք է գողացել։ Կամաց-կամաց սկսեցին խոսել ոչ միայն Բիբինի կատարած ծախսերի, լվացած հավանական փողերի, այլեւ ողջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած փողերի լվացման մասին։ «ՀԷՑ-ը տուժում է, բայց էներգետիկայի ոլորտի շատ պատասխանատուներ առանձնատներ են կառուցում»,-իր ելույթում նկատեց Տիգրան Ուրիխանյանը։ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ պետք է ամբողջ համակարգի անկախ աուդիտ արվի։



Իսկ դահլիճից դուրս արդեն ավելի պարզ էին արտահայտվում՝ նկատելով, որ «լուրջ փողեր են կերել», եւ եթե բացվի այս կծիկը, ապա շղթայական ռեակցիայով կարող է սկսեն հասարակ էլեկտրիկից մինչեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվություն կրել։ Իսկ այսպիսի գործընթաց սկսելու համար, բնականաբար, քաղաքական կամք է հարկավոր, բայց քանի որ մեկի պոչը մյուսի տակն է, որեւէ մեկը չի գնա այդ ռիսկային քայլին։ Ուստի հիմա փորձ է արվում ոչ այնքան Բիբինի, այլ ամբողջ համակարգի վրա մեղքը բարդել։ Խոսակցություն կար նաեւ հոսանքի թանկացման հարցը լուծել օրենսդրական եղանակով՝ ԱԺ-ի քննարկմամբ, սակայն պարզվեց՝ որոշումը վերջնական է եւ կհաստատվի ՀԾԿՀ-ի կողմից՝ հունիսի 17-ին։



ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, հանրությանը պետք է ներկայացնել ինչպես հայտատուների (գլխավորը ՀԷՑ-ն է) դիրքորոշումը, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե ինչու է 17 դրամի հայտ ներկայացվել, եւ թե ինչու է ՀԾԿՀ-ն նվազեցրել հայտն ու թողել 6.93 դրամ։ Իսկ թե ինչ տվեցին այս լսումները, եւ արդյոք լսումների կարիք կար, թե ոչ, Նազարյանն ասաց, որ լսումների կարիք, միանշանակ, կար, սակայն ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ որեւէ կոնստրուկտիվ առաջարկություն չհնչեց։ Հարցին՝ ի վերջո, խնդիրը որտեղ է՝ Բիբինի սխալ կառավարմա՞ն մեջ, թե՞… ՀԾԿՀ նախագահն ասաց․ «Ես Բիբինին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ իրենց սեփականատերերին։ Բիբինը սովորական գործադիր տնօրեն է, երբ որ այդ թերությունները հայտնաբերվում էին 2007 թվականին, իր սեփականատերերը պետք է կոնկրետ գործողություններ անեին, որը չարեցին»։ Արդյոք ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները, Վերահսկիչ պալատն ու նախարարությունն իրենց մեղքի բաժինը նո՞ւյնպես չունեն այստեղ՝ կարող էին ժամանակին կանխել այս չարաշահումները եւ չարեցին։ Նազարյանն ասաց, որ, իր կարծիքով՝ ոչ․ «Դա սեփականատիրոջ խնդիրն է, որովհետեւ հիմնականում նրանք վնասներ են կրել եւ շահույթով են փոխհատուցել»։ Նա նաեւ նշեց, որ ինքը որոշակի օրենսդրական փոփոխությունների կարիք տեսնում է այս հարցում, սակայն այս որոշումն իրենք են կայացնելու, ԱԺ չի մտնելու, քանզի դա լուրջ քննարկումներ է պահանջում։ Ի դեպ, Նազարյանին բարկացրել էր Բիբինի տված հարցազրույցը, որտեղ նա հոսանքի թանկացման հարցում մեղադրել էր ՀՀ կառավարությանն ու ՀԾԿՀ-ին։



Հանրապետականներն իրենց ելույթներում փորձեցին կրկին իրենց գովքն անել այն առումով, որ իշխանությունների տարած հետեւողական աշխատանքի արդյունքում է, որ 17-ի փոխարեն 6.93 դրամով է թանկանում հոսանքի սակագինը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում հասկացրեց, որ այս լսումները սակագնի վրա չեն ազդելու։ Սակայն ՀԿ-ների ներկայացուցիչներն ու պատգամավորները մեզ հետ զրույցում ասացին, որ հստակ հիմնավորում չլսեցին։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, ՀԷՑ-ը սնանկ ձեռնարկություն է՝ վերցրել է 250 միլիոնի վարկ, որը չի կարողանում վերադարձնել, եւ օրենքով պետք է հայտարարվի սնանկ ձեռնարկություն։ «Բայց դա ի վիճակի չէ մեր իրավական համակարգը, որովհետեւ էդ վարկի երաշխավորը եղել է ՀՀ կառավարությունը։ Այսինքն՝ այս ամենն անդրկուլիսյան պայմանավորվածությունների արդյունքն է»,-ասաց նա։



Բավարարեցի՞ն ներկայացված հիմնավորումները, Պողոսյանն ասաց․ «Ես չեմ կարող լուրջ չընդունել Նազարյանի էն հայտարարությունը, որն ասաց մի քանի անգամ, որ էն, ինչը որ շռայլություն է, այսինքն՝ եկեղեցի կառուցել, Lexus-ներ գնել եւ այլն, դա հանված է եւ չի մասնակցում սակագնի գոյացմանը։ Եվ դրա շնորհիվ 17 դրամը դարձավ 6.93 դրամ»։ Իսկ գողություն եղե՞լ է, ի վերջո, թե՞ ոչ։ Պողոսյանն ասաց, որ գողությունը կորուստների այն մասն է, որը չի վճարվել, եւ դա նորմատիվ լեզվով կոչվում է կոմերցիոն կորուստ, ժողովրդի լեզվով է կոչվում գողություն։ «Դրա համար էդ տնտեսության պատասխանատուն, որը ՀԷՑ-ն է, պետք է դիմեր դատախազություն, որովհետեւ իրենից են գողացել։ Պիտի դիմեր, որ այսինչ օբյեկտից կամ մասնաճյուղից գողացվել է»,-ասաց նա։



Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն էր իր խոսքում «բերանից թռցրել», թե կատարվել է գողություն։ Այդ հարցին, ի դեպ, երեկ խորհրդարանում Զախարյանը խուսափեց պատասխանել։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ