Ես քաղաքականության մեջ նույնքան ազնիվ եմ, որքան իմ ստեղծագործություններում

Ես քաղաքականության մեջ նույնքան ազնիվ եմ, որքան իմ ստեղծագործություններում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, պարզվում է, բավականին տաղանդավոր երգահան է։ Նա այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսին, օրինակ, «Только ты» երգն է, որը կատարում էր երջանկահիշատակ տաղանդավոր երգչուհի Վարդուհի Վարդանյանը։ Այն, իսկապես, հրաշալի երգ է, բայց ո՞վ կմտածեր, որ այդ երգի բառերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ կրթության եւ գիտության նախարարը։ Իհարկե, լեզուներս չի պտտվի տաղանդավոր անվանել նրան նաեւ որպես նախարար, ավելին՝ նա այս հարցում առավել քան խիստ քննադատության արժանի նախարարներից է, սակայն, որպես արվեստագետ, չի կարելի չգնահատել նրա տաղանդը։ Աշոտյանի ստեղծագործական մտքի թռիչքը միայն այդ երգով չի սահմանափակվել։ Վերջերս նա Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ եւս մի սիրային երգ գրեց ու նվիրեց կանանց։ Խոսքն «Ինձ խոստացիր» երգի մասին է, որը կատարում է ռոմանսների հայտնի երգիչ Հայկոն, ով նաեւ այդ երգի գործիքավորումն է արել։ Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաեթերով եւ համացանցով ակտիվորեն պտտվում է Աշոտյանի հեղինակած այդ երգի տեսահոլովակը։ Այս կապակցությամբ բժիշկ-նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զգացողություններ է ունենում իր երգի տեսահոլովակը դիտելիս եւ իր անունն այնտեղ կարդալիս։



- Առաջին տեսահոլովակը չէ ինձ մոտ, ոչ էլ առաջին երգն է, առաջին տեսահոլովակը նկարահանվել է Վարդուհի Վարդանյանի կատարմամբ, «Только ты» երգի հիման վրա՝ հետմահու, որից հետո եղել են տեսահոլովակներ Անչոկի, Նարեկ Բավեյանի հետ, հիմա սա չորրորդն է։



- Ի՞նչ կասեք այդ երգի ու տեսահոլովակի մասին։



- Շատ ուրախ եմ, որ Լուսինե Մարտիրոսյանը եւ Հայկոն այդ անակնկալը մատուցեցին ինձ, ինքը պարզ տեսահոլովակ է, երգի նման պարզ է, հասկանալի է, հասարակ ու, միաժամանակ, բարդ բանի մասին է՝ սիրո մասին։



- Պատրաստվո՞ւմ եք առաջիկայում էլի երգեր գրել, տեսահոլովակ նկարել։



- Ես էլի ունեմ երգեր, շատ երգեր ունեմ, ուղղակի ժամանակ չի լինում զբաղվել։ Երկարատեւ դադարից հետո թողարկվեց Հայկոյի կատարմամբ «Ինձ խոստացիր» երգը, հուսամ՝ կլինի ժամանակ, եւս մեկ․․․ տարին մեկ գոնե մի երգով հանդես գամ։



- Հնարավո՞ր է, որ նախարարի պաշտոնից հետո մշակութային գործունեությամբ զբաղվեք, տեղափոխվեք շոու բիզնեսի դաշտ։



- Ինձ համար դա բիզնես չէ, ես շոու բիզնեսին շատ դրական եմ վերաբերվում, ունեմ շատ ընկերներ, ծանոթներ, ինձ համար դա ավելի շատ հանգստանալու միջոց է, հոբբի է։



- Պարզապես լրագրողները, ինչպես Դուք եք նշում, միշտ ցանկանում են Ձեզ այս պաշտոնից «ազատել» եւ ուրիշ տեղ ուղարկել, մտածում ենք՝ միգուցե այդ դա՞շտ տեղափոխվեիք։



- Իրենց հարցրեք՝ ինչո՞ւ են իրենք այդքան դաժան իմ հանդեպ (ծիծաղում է)։



- Այսինքն՝ ուզում եք մնալ հենց այդ պաշտոնին կամ գոնե քաղաքականությա՞ն մեջ։



- Ոչ, ես ուզում եմ միայն մնալ քաղաքականության մեջ, պաշտոնը երկրորդական է։



- Քաղաքական մոտիվներով երգեր հնարավո՞ր է գրվեն մի օր Ձեր կողմից։



- Ոչ։ Ես գրում եմ այն, ինչ զգում եմ, իսկ քաղաքականությունն իմ համար աշխատանք է, ոչ թե զբաղմունք։



- Այսինքն՝ քաղաքականություն չե՞ք զգում, միայն մշակո՞ւյթ։



- Քաղաքականությունն աշխաանք է, աշխատանք․․․ Ես քաղաքականության մեջ նույնքան ազնիվ եմ, որքան իմ ստեղծագործություններում։



- Ձեր հոգում միայն մշակո՞ւյթ է տիրում։



- Այո։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ