Գալուստ Սահակյանը՝ կառավարության հրաժարականի մասին․ «Խնդիրներ կան, որ ամբողջ աշխարհին են ծնկի բերել»

Գալուստ Սահակյանը՝ կառավարության հրաժարականի մասին․ «Խնդիրներ կան, որ ամբողջ աշխարհին են ծնկի բերել»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցում գլխավոր մեղավորը կամ մեղավորներն ովքե՞ր են, որ ՀԷՑ-ում այդքան պարտքեր են գոյացել, որի համար հիմա ՀՀ քաղաքացին պետք է իր գրպանից վճարի։ Զուգահեռաբար հիշեցրինք նաև, որ մեղադրում են և՛ Բիբինին, և ամբողջ համակարգին վատ կառավարման համար, նաև ՀՀ կառավարությանն ու իշխանություններին։
Պարզվեց՝ խնդիրը լրիվ այլ տեղ էր թաքնված։ «Խնդիրը հետևալի մեջ է՝ դոլար-դրամ հարաբերություն։ Ենթադրենք նախկինում 400 էր, հիմա քանի՞ս է, 570 է, ինչքան ․․․ էդ հարաբերության մեջ հնարավորինս պիտի տեղավորվել, այսինքն՝ անվճար ոչինչ չկա»։
Այսինքն՝ միայն դոլար-դրամ հարաբերությու՞նն էր այս ամբողջ թանկացման ու պարտքերի միակ պատճառը, Գալուստ Սահակյանն ասաց՝ հիմնականում այո։ Իսկ վատ կառավարման պատճառով առաջացած պարտքերը կազմում են 106 միլիարդ, որը քաղաքացին չի վճարելու, մենք կվճարենք այն 23 միլիարդի համար, որը, ըստ ԱԺ նախագահի, դոլարի թանկացման արդյունքում է առաջացել։ «Դրա համար 106 միլիարդ էին ասում, էդ ամեն ինչը մնում է էդ վատ կառավարմանը, որտեղից ուզում են, թող ճարեն, բերեն տան»։



Հարցին՝ հնարավո՞ր է նոր օրենք ընդունեն, որ հոսանքի գինը կապվի կենսապահովման նվազագոյն զամբյուղի հետ, և տարբերակված մոտեցում լինի՝ հարուստենրի համար ավելի թանկ, անապահովների համար՝ ավելի էժան, ԱԺ նախագահը նկատեց․ «Էսօր շատ դժվար է հարուստին ու աղքատին որոնելը․․․ շատ լավ կլինի՝ ամբողջ ժողովուրդը հարուստ լինի, էդ հարուստն է բյուջեն կառուցում, իմիջիայլոց, էդ հարուստներն են, որ տնտեսություն են վարում, տնեսությւոն են զարգացնում, որպեզի բյուջեում փող լինի»։



Hraparak.am-ի այն դիտարկմանը, թե նոր կառավարության ձևավորումից հետո հասարակությունում դժգոհություններն ավելացել են, երկրի սոցիալ-տնտեսակն վիճակ վատթարացել է, այս թանկացումներն էլ՝ գումարած, արդյոք այս ամենը կառավարության հրաժարականի, վարչապետի փոփոխության պատճառ չպե՞տք է դառնա, Գալուստ Սահակյանն ասաց․ «Ամեն մի ժամանակաշրջան իր խնդիրներն ունի։ Ես չեմ կարծում՝ որևէ գործիքներ կան այսօր, որ կարելի է այնպես անել, որ հոսանքը չթանկանա, որ դուք էլ ավելի ակտիվ կյանք վարեն, և էդ գործիքները չեն օգտագործվում։ Խնդիրն էն է, որ խնդիրներ կան, որ ամբողջ աշխարհին են ծնկի բերել»։



Ըստ նրա՝ մենք այսօր սոցիալական խնդիրներ ունենք, և այդ սոցիալական բեռի պայմաններում ավելի ցավոտ ենք տանում այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ