«Էկզոտիկ մտքերով» քննարկումն ավարտվեց ԱԺ-ում․ ղրղզների հարցը լուծեցին

«Էկզոտիկ մտքերով» քննարկումն ավարտվեց ԱԺ-ում․ ղրղզների հարցը լուծեցին

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Ղրղզստանին ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագրերն ու պայմանագրերը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը՝ նախագծերի փաթեթով։ Մի քանի ժամ շարունակ պատգամավորները այս հարցն էին քննարկում, իսկ ԵՏՄ-ին դեմ և Եվրամիությանը կողմ արևմամետները առանձնահատուկ էնտուզիազմով էին դեմ արտահայտվում այս փաթեթին։ Հիմնական զեկուցողը Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանն էր, ում սկսեցին «ազգովի քլնգել»։ Ամեն տեսակի խնդիր փորձեցին տեսնել այս վավերացման մեջ, նույնիսկ ղրղզներին ղազախների հետ շփոթեցին ու հասցրին նրան, որ Հերմինե Նաղդալյանը դիտողություն անի նույնիսկ այդ տարրական հարցում։ Տնտեսագետներն էլ ինչ-որ տնտեսական լուրջ վնասներից սկսեցին խոսել, թե Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալով Հայաստանը մի վնասներ է, որ կկրի․ իբր ԵՏՄ-ից շատ օգուտ ստացանք, ղրղզների միանալով էլ պետք է վնաս կրենք։



ԵՏՄ-ից էլ դեռևս միայն վնաս ենք ստանում կամ գոնե՝ օգուտի նշույլ առայժմ չենք տեսնում, և մի երկրի անդամակցումը, որն ընդամենը ընթացակարգային հարց է, և մեզանից հասնում է՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, ընդամենը վավերացնել, որ անարգել միանա այդ միությանը, մեր պատգամավորները երեկ դարձրին «հայոց հարցը» ու սկսեցին մի ամբողջ օր քննարկել ու այնպես քննադատել, կարծես Հայաստանը նորից անդամակցում է ԵՏՄ-ին։ Իսկ ղրղզները մեզ, ինչպես հասկացանք քննարկումներից, առանձնապես ոչ հատուկ օգուտ էին տալու, ոչ էլ վնաս։ Հետո էլ կդժգոհեն, թե կառավարությունն էս ամառ օրով արտահերթ նիստ է նախաձեռնել ու իրենց նորից աշխատեցնում է, մինչդեռ կարող են ամեն հարցի վրա այսքան շոուներ չսարքել ու կենտրոնան ավելի վտանգավոր ու խնդրահարույց նախագծերի վրա, որոնք կառավարությունը կցանկանա արագ ու աննկատ «սղցնել»։



ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս նախագծերի փաթեթում խնդիր չի տեսնում։
«Ուղղակի կարծում եմ, որ սա լրացուցիչ հնարավորություն է պատգամավորների համար՝ ևս մեկ անգամ անդրադառնալու Եվրասիական տնտեսական միության ընթացքին և նրա հետ կապված առկա մոտեցումները հնչեցնելուն»,-ասաց նա՝ նշելով, որ սա ևս ընդունելի տարբերակ է։



Բայց նա մի ուրիշ բան չի ընդունում այս պարագայում՝ էկզոտիկ մտքեր արտահայտելը քննարկումների ժամանակ․«Բայց, այնուամենայնիվ, սա բավականին լուրջ հարց է և լուրջ հարցերի շուրջ շահագրգիռ քննարկումներ կազմակերպելը կարևոր է»։
Նա նշեց, որ պայմանագրում գրված է, որ միության անդամ երկրները պետք է վավերացնեն այս համաձայնագիրը, որ նոր երկրները կարողանան անդամակցել այդ միությանը։ Իսկ Ղրղզստանի անդամակցությամբ մեզ համար որևէ խնդիր կառաջանա՞, որևէ օգուտ կամ վնաս կկրե՞նք մենք դրանից, Արտակ Զաքարյանն ասաց․ «Ղրղզստանի անդամակցության հետ կապված անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Օգուտներ կարող են լինել, որովհետև լրացուցիչ ևս վեցմիլիոնանոց շուկա է ստեղծվում, հատկապես որ մաքսային և հարկային օրենսդրությունը նույն կերպ է գործելու»։



Ըստ նրա՝ կարելի է էլի քննարկել, օբյեկտիվ մտահոգություններ հայտնել նման հարցի շուրջ, ինչը ընդունում է ինքը․ «Բայց, նորից եմ ասում, հենց այնպես էկզոտիկ մտքեր արտահայտելը՝ զուտ արատահայտելու համար, ես չեմ ընդունում»։



Այսօր առավոտյան տեղի ունեցավ արդեն քննարկվող հարցի քվեարկությունը։ Պատգամավորները 89 կողմ և 4 դեմ ձայներով վավերացրին Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը։ Դեմ քվեարկողներն էին Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը։ Ի դեպ, արևմտամետ պատգամավորներ կային, որ ո՛չ դեմ արտահայտվեցին, ո՛չ կողմ ու քվեարկությանն էլ չմասնակցեցին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ