Շանթի որդու օրինակելի ակցիան եվ Լիսկայի որդու օրինակը՝ ՀՀԿ-ի աչքով

Շանթի որդու օրինակելի ակցիան եվ Լիսկայի որդու օրինակը՝ ՀՀԿ-ի աչքով

Հունիսի 13-ին Երեւանում անցկացված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը թերեւս հիշվի ոչ թե հայերի լավ խաղով կամ պարտությամբ, այլ խաղի ժամանակ խաղադաշտ ներխուժած մի պատանու իրականացրած քաղաքական ակցիայով։ Պատանին Շահենն էր՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին, ով, «ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառը ձեռքին, մտավ խաղադաշտ, այդ օրը մեր դարպասին երեք անգամ գոլ խփած Ռոնալդուին հատուկ ճարպկությամբ մի լավ վազեցրեց «դանդալոշ» ոստիկաններին, հետո բռնվեց ու մեկ ժամով հայտնվեց ոստիկանական բաժանմունքում։ Իր արարքից Շահենը գոհ էր, քանզի փորձել էր որեւէ կերպ օգնած լինել ճաղերի հետեւում հայտնված, հացադուլ անող իր հորն ու նրա ընկերներին՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Իսկ աշխարհն իմացավ այդ մասին համաշխարհային աստղ Ռոնալդուի միջոցով․ նա վերցրեց գետնին ընկած անգլերեն գրությամբ պաստառն ու կարդաց այնտեղ գրվածը։ Այդ կադրը ֆիքսեցին ֆոտոլրագրողները, ու անմիջապես տարածվեց այն միջազգային մամուլում։



Շահենի այս քայլից հետո բոլորն սկսեցին քննարկել այս ակցիան, հերոսացնել ու փառաբանել նրան՝ որպես հոր արժանի զավակ, որպես իր հոր ազատության համար ամեն գնով պայքարող հերոս պատանի։ Զուգահեռներ անցկացվեցին Շանթի որդի Շահենի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդու միջեւ․ ի դեպ, նրա անունը՝ Տիգրան, գրեթե չէր տրվում, միայն ասում էին՝ Լիսկայի տղան եւ վերջ։ Մի կողմից հերոսացվում էր հոր անունը բարձր պահող պատանու կերպարը, մյուս կողմից պախարակվում էր հանցագործությունների մեջ մեղադրված, սակայն իշխանությունների կողմից մշտապես անպատժելի մնացած օլիգարխիկ հոր՝ Սյունիքի բդեշխ Լիսկայի որդու կերպարը, ով վերջերս Սդղի գյոլում մասնակցեց մի վեճի, որի ժամանակ իր հասակակից մի երիտասարդ զրկվեց աչքից։ Մեր «արագավազ» ոստիկանները, սակայն, եթե Շանթի որդու հետեւից հասան ու բռնեցին, ապա Լիսկայի որդու հետեւից այդպես էլ չհասան, որովհետեւ ՀՀ նախագահի հովանավորչությունը վայելող հոր զավակն ավելի «արագ է վազում»։



Երեկ խորհրդարանում փորձեցինք իշխանական պատգամավորներից հետաքրքրվել, թե հայ պատանին, եթե օրինակ վերցնելու լինի, ումի՞ց պետք է վերցնի՝ Լիսկայի՞ որդուց, ով հոր համար ամեն անգամ նոր գլխացավանք է ստեղծում, թե՞ Շանթի, ով հոր համար նման անձնվեր քայլերի է դիմում։ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը, ով այս տարվա վերջին քառօրյայում հասցրեց վերջապես իր առաջին ելույթն ունենալ ամբիոնից, նախ ասաց, որ դիտել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որտեղ Շանթ Հարությունյանի որդին պաստառը ձեռքին դաշտ է վազել եւ քաղաքական ակցիա իրականացրել՝ ի պաշտպանություն հոր։ Նա Շանթի որդու արարքին բացասական գնահատական չտվեց․ «Ինքն իր հոր ազատության համար ինչ-որ մի ակցիա է ձեռնարկել, հիմա ինքն էդ կարգով ա մտածում՝ ինչ-որ ձեւ արձագանքի, ինչ-որ մի բանով կարողանա իր հորն օգնի։ Ես չեմ կարող ասել՝ դա ճիշտ ա արել, թե սխալ ա արել, բայց, այնուամենայնիվ, ինքը մտածել ա էն կարգով, որ ինչ-որ մի ձեւով ներկայացնի էդ խնդիրը»։



Արդյոք նրա հասակակիցները պե՞տք է օրինակ վերցնեն Շահենից, իշխանական պատգամավորն ասաց․ «Չեմ կարծում, որ օրինակ պետք է վերցնեն, պետք չի օրինակ վերցնեն, դա, գիտե՞ս ինչ, ամեն ինչը մի մարդու է, այսպես ասած, հարմարվում, ինքը եթե դա արել ա, նշանակում ա՝ ինքն էդ մասին մտածել ա․․․»։ Իսկ երբ զուգահեռ անցկացրինք նրա արարքների եւ Սուրիկ Խաչատրյանի որդու «քաջագործությունների» միջեւ՝ հարցնելով, թե ավելի շատ Շանթի՞ որդուց պետք է օրինակ վերցնեն հայ պատանիները, թե՞ Լիսկայի, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխան գտնել։ «Չեմ կարող էդ հարցին պատասխանել»,-ասաց եւ շտապեց հեռանալ։



ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ մեր նույնատիպ հարցին, թե ումից պետք է օրինակ վերցնել, Շանթ Հարությունյանի՞ որդուց, թե՞ Սյունիքի մարզպետի, իր պատասխանը կառուցեց ավելի շատ Շանթ Հարությունյանի որդու արարքը գնահատելով․ «Ինձ թվում է՝ շատ լավ ակցիա է արել, կարծում եմ, որ յուրաքանչյուր զավակ ամեն քայլի կդիմի իր հոր իրավունքները եւ ծառացած խնդիրներին լուծում գտնելը պաշտպանելու համար։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նորմալ է»։ Իսկ օրինակելի՞ արարք էր Շանթի որդու քայլը, պատգամավորն ասաց․ «Օրինակելին չեմ կարող ասել, որովհետեւ ստեղ ինքը չի կարող չափորոշիչ լինել, ինքը պոռթկում ա, սուբյեկտիվ պոռթկում»։



ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ այս հարցին գրեթե նժդեհյան ոգով պարուրված հայրենասիրական պատասխան տվեց․ պետք է օրինակ վերցնել «Սպարապետ Վազգեն Սարգսյանից»։ Բայց մենք երիտասարդներին նկատի ունենք։ ԱԺ փոխխոսնակը զարմացավ՝ ինչ է, Վազգեն Սարգսյանը երիտասա՞րդ չէր։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ այս թեմայով նախ ընդգծեց․ «Ես չեմ ընդունում քաղբանտարկյալ գործոնը»։ Շանթ Հարությունյանը նրա համար սովորական քաղաքացի է։ Իսկ երբ հնչեցրինք հարցը՝ այսօր հայ պատանին ումի՞ց պետք է օրինակ վերցնի՝ Շանթի՞ որդուց, թե՞ մարզպետի, ԱԺ նախագահը, չգիտես ինչու, ասաց․ «Համենայնդեպս՝ ոչ քեզանից։ Երկու տարբերակն էլ կարելի է, բայց ոչ՝ քեզնից»։ Գուցե նկատի ուներ․ ինչ ուզում եք արեք՝ մարզադաշտ վազեք, մարդկանց աչքը հանեք, քրեական պատմությունների մեջ ընկեք, բայց ինձ հարցեր մի տվեք։