Նորին Մեծություն թագուհու համար

Նորին Մեծություն թագուհու համար

Երեկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ընդունելություն էր կազմակերպել «Կոնգրես» հյուրանոցի ամառային այգում: Երկու իրադարձություն էր նշվում` Նորին Մեծություն թագուհու պաշտոնական ծննդյան օրը, որը Միացյալ Թագավորությունում ազգային տոն է, հավասարազոր այլ երկրների կամ ժողովուրդների դեպքում տոնվող Անկախության օրվան: Նշվող երկրորդ իրադարձությունը պատմական տարեդարձ էր` Magna Carta-ի 800-ամյակը: 1215 թ․ հունիսի 15-ին Ջոն արքան 25 իշխանների հետ կնքեց «Ազատությունների մեծ խարտիան», լատինական անվանումով` Magna Carta: Դաշնագրով երաշխավորվում էին եկեղեցու իրավունքները, իշխանները պաշտպանվում էին ապօրինի ազատազրկումից, վերանայվում եւ սահմանափակվում էին ազնվականների կողմից գահին վճարվող հարկերը, իսկ ամենաէականը` սահմանվում էին ազատ մարդկանց (ազնվականների) իրավունքները:



«Magna Carta-ից են ոգեշնչվել Հիմնադիր հայրերը ԱՄՆ սահմանադրությունն ստեղծելիս, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էլեոնոր Ռուզվելտը` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ստեղծելիս, Մարտին Լյութեր Քինգը եւ Նելսոն Մանդելան` մարդու իրավունքների եւ իրավահավասարության համար իրենց պայքարը մղելիս»,- ողջույնի իր խոսքում ասաց Հայաստանում Նորին Մեծության դեսպանը` Ն․ Գ․ Քեթրին Լիչը: Ընդունելությանը ներկա էին ԱԳ նախարարը` պրն. Նալբանդյանը, այլ նախարարներ, փոխնախարարներ, Միացյալ Նահանգների դեսպանը, այլ դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գործարարներ:



Երեկ դեսպան Լիչը նաեւ ինչ-որ տեղ հրաժեշտի խոսք ասաց, քանի ինքը եւ ամուսինը` Ջոնաթան Ավեսը, ավարտում են համատեղ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարին, ի դեմս նրա՝ նաեւ նախարարությանը, իշխանություններին, ժողովրդին՝ համագործակցության եւ աջակցության համար, եւ ասաց, որ իր ընտանիքն իրոք տխրությամբ կհեռանա Հայաստանից, որովհետեւ սիրել են Հայաստանը, շատ տպավորություններ, հիշողություններ ունեն, վերջապես՝ իրենց երեխաները Հայաստանում են դպրոց գնացել: Իմիջիայլոց, դեսպանի դուստրը ներկա էր ընդունելությանը` փոքրիկ գեղեցկուհի էր, եւ, ինչ խոսք, նա երկար կհիշի Երեւանը: Դեսպանը խոսքն ավարտեց հայերեն՝ հրավիրելով բոլորին բաժակ բարձրացնելու Նորին Մեծություն թագուհու համար:
Թերեւս վերջին անգամ, քանի որ սեպտեմբերին Հայաստան կժամանի Նորին Մեծության նոր դեսպանը` Ն. Գ. Ջուդիթ Ֆարնուորֆը: