Զինծառայողների մասին օրենքը թեպետ լավն է, բայց կտարածվի ոչ բոլորի վրա

Զինծառայողների մասին օրենքը թեպետ լավն է, բայց կտարածվի ոչ բոլորի վրա

Ազգային ժողովում երկու օր է՝ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի շրջանակներում քննարկվում է զինծառայողներին արտերկրում բուժվելու հնարավորություն տվող նախագիծը։ Նախագծի հեղինակն ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։ Թվում էր, թե նախագծին բոլորը կողմ են, քանզի առաջին ընթերցմամբ բոլորն անխտիր կողմ քվեարկեցին։ Սակայն երեկ երկրորդ ընթերցումն անցավ բավականին թեժ եւ հակասական քննարկումների մթնոլորտում։



Պարզվեց՝ նախագիծը լավն է, բայց թերի կողմեր ունի, որը փորձում էին շտկել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները՝ իրենց առաջարկություններով, սակայն նրանց ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մարտական հերթապահության ընթացքում եւ առաջնագծում վնասվածք ստացած զինծառայողները պետական բյուջեի միջոցներով արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան, եթե բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մինչդեռ պատգամավորները, այդ թվում նաեւ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, կողմ էին, որ օրենքը բոլորի վրա տարածվի՝ թե՛ առաջնագծում, մարտական հերթապահության ժամանակ վիրավորվածների, թե՛ խաղաղ պայմաններում, օրինակ՝ զորամասում հրազենից կամ այլ հանգամանքներում վնասվածք ու խեղում ստացածների վրա։ Այսինքն, եթե լավ բան են անում, թող անեն բոլորի համար, որ բոլոր հավանական շահառուները շնորհակալ լինեն այս նախագծի համար, ոչ թե միայն մի մասը։



Նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը՝ նշելով, որ ինքը 2 առաջարկ է ներկայացրել, մեկը, որ օրենքը հետադարձ ուժ ունենա, եւ մյուսը, որ տարածվի բոլոր զինծառայողների վրա։ Նրա առաջարկներից միայն առաջինն է ընդունվել՝ հետադարձ ուժի մասով, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը վիրավորված զինծառայողների վրա էլ տարածվի։ Իսկ երկրորդ առաջարկը մերժվել է, որի հիմնավորումներն իրեն չեն բավարարել։ «Ի՞նչ է նշանակում՝ մենք այս պահին հնարավորություն չունենք մեր բոլոր զինծառայողների համար ապահովել արտերկրում բուժվելու հնարավորություն: Մեր բոլոր զինվորները, նրանց ընտանիքները պետք է վստահ լինեն, որ պետությունը երաշխավորում է նման օգնություն այն իրավիճակներում, ինչը նախատեսված է օրինագծով»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ սա այն իրավիճակն է, որ տարբերակում չպետք է դրվի, թե զինծառայողն ինչ իրավիճակում է խեղում կամ վնասվածք ստացել:



Նրա խոսքով՝ իրադրության համակողմանի քննարկում չի եղել, եւ, այդ իմաստով, այն լուծումը, որ տրված է այս օրենքի նախագծով, ամբողջական չէ։ Ըստ նրա՝ ոչ պաշտոնական հաշվարկներով, դա տարվա կտրվածքով պետության վրա ծախսային մեծ բեռ չի առաջացնի, մինչդեռ կառավարությունը, կարծես, հենց բյուջեի վրա բեռ չավելացնելու նպատակով դեմ է եղել նախագծի նախնական տարբերակին, որ օրենքը բոլորի վրա տարածվի, դրա համար էլ նախագծից հանվել է այդ մասը, եւ նեղացվել է շրջանակը։ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ մյուս իրավիճակներում վնասվածք ստացած զինվորների բուժման ծախսերը կարելի է իրականացնել մասնավոր հիմնադրամների միջոցով։ Այս բացատրությունը, սակայն, չբավարարեց պատգամավորներին։ Նահապետյանի հետ համակարծիք էր նաեւ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը։



Մեզ հետ զրույցում Կ․ Նահապետյանը, ով կարծես դժգոհ էր, որ իր հետ՝ որպես ոլորտային հանձնաժողովի նախագահի, նախապես չեն քննարկել հարցը, ասաց, որ իր հիմնական մտահոգությունը նախագծի արժեքի հետ է կապված։ Նշենք, որ նախագծի քննարկման գլխադասային հանձնաժողովը ԱԺ նախագահի կողմից նշանակվել է սոցիալական հարցերի հանձնաժողովը: Իսկ ինքը փորձե՞լ է աշխատել նախագծի հեղինակների հետ, իր առաջարկությունները ներկայացնել, քննարկել։ Նահապետյանն ասաց․ «Նախագծի հեղինակներին կարող եք այդ հարցն ուղղել՝ արդյոք պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում իրենք նախնական քննարկումներ կազմակերպե՞լ են, թե՞ ոչ…»։ Հասկացանք, որ քննարկում չի եղել։ «Ենթադրում եմ, որ իրենք պետք է փորձեին նախաձեռնել նման քննարկումներ»։ ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ օրենքը բոլորի վրա տարածելու առաջարկի մերժման բուն նպատակը հեղինակների կողմից կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածությունը չխախտելն էր, քանզի այդ մասին նաեւ բարձրաձայն հնչեցվեց, որ եթե լիներ զինծառայողների առավել մեծ շրջանակ, ապա կառավարության համար, ենթադրվում է, անընդունելի կլիներ նախագծի այդ տարբերակը։



Նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանն էլ մեզ ասաց, որ նախագիծը որոշակի քննադատության արժանացավ, քանզի ցանկություններ կային, որոնք, ըստ նրա, այս պահին հնարավոր չէր բավարարել։ «Թեեւ պետք է ասեմ, որ այստեղ նաեւ պոպուլիզմը մեծ դեր խաղաց։ Այսինքն՝ ռեալ իրականությունն ու պոպուլիզմը մի քիչ իրար հետ հակադրվեցին»,-նկատեց անկախ պատգամավորը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի դժգոհություններին, Էդմոն Մարուքյանն ասաց․ «Ինքը հանձնաժողովի նախագահ է, ինչը շատ բարձր պաշտոն է, եւ ինքը կարող էր նշված նախագիծը 3 տարի առաջ կամ նախկին՝ չորրորդ գումարման խորհրդարանում ներկայացնել, ինչը որ չի արել։ Հիմա գալ մարդկանց, որոնք որ աշխատում են, ինչ-որ բան ասել, քննադատել, դժգոհել, բան… ովքեր որ դժգոհ են այդ նախագծից, կարող են նոր նախաձեռնությամբ հանդես գալ եւ տանել առաջ»։ Մարուքյանի խոսքով՝ նախագիծը հրապարակային դրվել է շրջանառության մեջ, որի մասին բոլորն իմացել են, եւ մինչեւ քննարկումը որեւէ արձագանք չի եղել։



Ի վերջո, իսկապես անհնա՞ր էր «բոլորը» բառը ներառել նախագծում եւ օրենքը բոլորի վրա տարածել, մի՞թե ավելի օգտակար չէր լինի նախագիծն այդ տեսքով, ու ավելի չէր նպաստի նախագծի հեղինակների վարկանիշի բարձրացմանը։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Էդմոն Մարուքյանը կրկին հիշեցրեց, որ մյուս դեպքերի համար կա մասնավոր հիմնադրամ, որով այդ խնդիրները լուծվում են, ապա հավելեց․ «Մենք պոպուլիզմով չենք զբաղվել ու ռեյտինգի համար չենք էս նախագիծը ներկայացրել»։ Նրա խոսքով՝ իր գործընկերների ելույթներից այնպիսի տպավորություն ստացվեց, թե իրենք ավելի քիչ հայրենասեր են կամ չեն պատկերացնում, թե ինչ են անում։



«Նախագծի նախնական տարբերակն այդպիսին է եղել (բոլորի վրա տարածվող), եւ ո՞ւր էին էդ մարդիկ, երբ որ էդ նախնական տարբերակը կար։ Պարզապես քննարկումների արդյունքում եկել ենք այս տարբերակին, որ միայն սահմանագծում եւ մարտական հերթապահություն իրականացնողների վրա տարածվի, ինչո՞ւ, որովհետեւ այս պահին որեւէ մեկը որեւէ մեկի անունը չտվեց, որ եղել է պահեստային զորամասում, նման դեպք է եղել, եւ նրա հիվանդությունը հնարավոր չէ բուժել Հայաստանում»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք խնդիրը լուծում են այս մասով, թող մյուսներն էլ լուծեն պահեստային զինծառայողների մասով։



Իսկ կառավարությունից ճնշում եղե՞լ է, որ հենց այդ տեսքով պետք է ներկայացվի նախագիծը, հակառակ պարագայում չեն ընդունի։ Նախագծի հեղինակն ասաց․ «Ճնշում չի եղել, կառավարությունը դրական եզրակացություն է տվել միայն մարտական հերթապահություն իրականացնելու եւ առաջնագծում զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում խեղում, վնասվածք եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդության հետ կապված հարցերի մասով»։
Նշենք, որ որոշ առաջարկությունների չընդունման պատճառով կռվախնձոր դարձած այս նախագծի քվեարկությունը կկայանա այսօր առավոտյան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ