«Հրաշալի քառյակի» հեղինակը Լեվոն Մարտիրոսյանն է

«Հրաշալի քառյակի» հեղինակը Լեվոն Մարտիրոսյանն է

Երեկ գրել էինք, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ԱԺ մի խումբ պատգամավորներ պատրաստվում են հաղորդաշարով հանդես գալ, անունն էլ՝ «Հրաշալի քառյակ»։ Առաջին՝ պիլոտային հաղորդումն արդեն նկարահանել են, որը տեղի է ունեցել սրճարանում։ Հաղորդման մասնակից «հրաշալի քառյակի» անդամներն են չորս պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ու «Ժառագություն» խմբակցության քվոտայով պատգամավոր դարձած Ալեքսանդր Արզումանյանը։



Լեւոն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, ավելին, նույնիսկ նշեց, որ հաղորդման նախաձեռնությունն իրենն է եղել, սակայն հաղորդման մանրամասներից ինքը տեղյակ չէ, թե երբ է եթեր գնալու, ինչ հաճախականությամբ, ինչպես։ Այդ հարցով խնդրեց «Արմենիա» TV-ին դիմել։ Հայտնի է, որ հաղորդավար չի լինելու, ուղղակի չորսով նստած՝ զրուցելու են, քննարկելու քաղաքական հարցեր։
«Բայց էն, ինչ որ հայտարարվել է, համապատասխանում է իրականությանը, մի փորձնական հաղորդում արդեն նկարահանվել է»,-ասաց նա՝ նշելով, որ նկարահանումն անցկացվել է «Արմենիա» ՀԸ-ում տեղակայված «Ջազզվե» սրճարանում։



Թե ինչի մասին է հաղորդումը եւ ինչ ձեւաչափով է անցկացվելու, Մարտիրոսյանն ասաց․ «Հաղորդումը տվյալ շաբաթվա իրադարձությունների քննարկումն է՝ ոչ ֆորմալ ձեւով, այսինքն՝ հանգիստ քննարկում է, բոլորն իրենց կարծիքներն են հայտնում… ուղղակի ես պատրաստ չեմ պրոֆեսիոնալ պատասխանել էդ հարցին, որովհետեւ պրոդյուսերներ, ռեժիսորներ կան, իրենք ավելի լավ կպատասխանեն էդ հարցերին»։ Նա թեպետ վստահ չէր, սակայն նշեց, որ, հավանաբար, հաղորդումը եթեր կգնա սեպտեմբերին։
Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ իրենց չեն վճարելու դրա համար, իրենք պարզապես սեփական նախաձեռնությամբ որոշել են առանց որեւէ վարձատրության նման հաղորդում ստեղծել։
«Գաղափարի հեղինակը, իմիջիայլոց, ես եմ․․․ նպատակն այն է, որ ուղղակի քաղաքական եւս մի հաղորդում լինի՝ ավելի անկաշկանդ մթնոլորտում, բայց թե ինչ կստացվի, դեռ չգիտեմ»։



- Իսկ ինչո՞ւ հենց «Հրաշալի քառյակ»։



- Դա էլ չգիտեմ, դա էլ է «Արմենիա» TV-ն որոշել։



- Դա չի՞ ասոցացվի երբեմնի ընդդիմադիր «հրաշալի քառյակի» հետ։



- Միգուցե ասոցացվի, բայց, համենայնդեպս, ես իշխող մեծամասնության ներկայացուցիչ եմ, մնացածը՝ կա՛մ ընդդիմադիր պատգամավորներ են, կա՛մ անկախ։



- Նախընտրական բնույթ կրո՞ւմ է հաղորդումը։



- Բացարձակ։



- Մասնակիցներն ի՞նչ սկզբունքով են ընտրվել, ինչո՞ւ հենց իրենք։



- Բոլոր գեղեցիկ պատգամավորներն են ընտրվել… գեղեցիկ՝ այն առումով, որ քաղաքական բազմազանությունն է ապահովվել եւ պատգամավորների ցանկությունը։



- Այսինքն՝ գեղեցիկ ասելով արտաքի՞նը նկատի ունեք, թե՞ ավելի շատ ներքին, ինտելեկտուալ գեղեցկությունը։



- Չէ, չէ, ներքին գեղեցկությունը․․․ ինձ թվում է՝ ընթացքում փոփոխություններ էլ կլինեն, մյուս պատգամավորներն էլ կմասնակցեն կամ, ընդհանրապես, ոչ քաղաքական դեմքեր, բայց դա ապագայի հարց է, ես չեմ որոշելու դա։



 



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ