Ես միշտ կուզեմ, որ իմ հաջորդն ինձանից ավելի լավ արդյունքներ ունենա

Ես միշտ կուզեմ, որ իմ հաջորդն ինձանից ավելի լավ արդյունքներ ունենա

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է զգում իրեն նոր պաշտոնում, եւ առաջնահերթ լուծման ինչ խնդիրներ կան։ Հարցրինք նաեւ իր նախկին պաշտոնի նոր տիրոջից՝ Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանից, թե ինչ կասի նրա մասին՝ որպես մարզպետի։ Հիշեցնենք, որ Ջրպետկոմի նախկին ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էր, ով շատ կարճ պաշտոնավարեց, որից հետո այս կառույցի ղեկավար նշանակվեց Արամ Հարությունյանը՝ ազատվելով Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն էլ մարզպետ նշանակվեց Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։



«Դրա համար պետք է ժամ խնդրեք, ես հարցազրույց նշանակեմ, Դուք գաք, եւ մենք Ձեզ հետ միասին խոսենք, քննարկենք, եւ Ձեզ խնդիրները ներկայացնեմ․․․ Իսկապես, խնդիրները շատ են, քանի որ հիմա նաեւ ոռոգման ծանր շրջան է, այդ իսկ պատճառով լարված աշխատանքային փուլի մեջ ենք»,-մեր առաջին հարցին ի պատասխան՝ ասաց պարոն Հարությունյանը։



- Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախկին ղեկավարից այս պաշտոնում։



- Երբեք ժառանգությունից չեմ խոսել, որովհետեւ․․․



- Երբ ստանձնեցիք այս պաշտոնը, Վահե Հակոբյանն իր կարճատեւ աշխատանքով ինչ-որ ձեւով հեշտացրե՞լ էր Ձեր աշխատանքը։



- Այո։



- Իսկ Դո՞ւք որքանով էիք հեշտացրել Կոտայքի մարզպետի աշխատանքը մարզի նոր ղեկավարի համար, երբ թողեցիք այդ պաշտոնը։



- Այդ հարցն ուղղեք նոր մարզպետին։



- Ի՞նչ կարծիք ունեք նոր մարզպետի մասին։



- Նորմալ, լավ։ Միասին աշխատել ենք, ես եղել եմ մարզպետ, ինքը՝ քաղաքապետ։ Շատ նորմալ եմ գնահատում ե՛ւ մեր աշխատանքային հարաբերությունները, ե՛ւ նրա կատարած աշխատանքը։ Դրանից հետո, ես կարծում եմ, որ ինքն ունի այն բոլոր հնարավորությունները՝ մարզը պատշաճ մակարդակով ղեկավարելու։



- Կհաջողվի՞ նրան ավելի լավ մարզպետ լինել, քան նախորդներին հաջողվեց, այդ թվում՝ Ձեզ։



- Ես Ձեզ խնդրում եմ, իմ պաշտոնավարման բոլոր տեղերում երբեւիցե ես գնահատականներ չեմ տալիս։ Գնահատականը տալիս է հանրությունը, գնահատականը տալիս է ղեկավարությունը։ Ես ներկայացնում եմ իմ տեսակետը։ Այո, ես համոզված եմ, որ գործող մարզպետն ի վիճակի է մարզպետարանի առջեւ դրված խնդիրները լուծելու։



- Պարզապես փոփոխություններն արվում են ավելի լավի ձգտումով։



- Դե լավ ա, էլի, ուրախ չե՞ս։ Ես միշտ կուզեմ, որ իմ հաջորդն ինձանից ավելի լավ արդյունքներ ունենա։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ