ԱԺ նիստերից հոգնածները դժգոհում են արտահերթը «հարամ» անողներից

ԱԺ նիստերից հոգնածները դժգոհում են արտահերթը «հարամ» անողներից

Ազգային ժողովում արտահերթ նիստն այս շաբաթ չավարտվեց, այն կշարունակվի նաեւ երկուշաբթի։ Նշենք, որ կառավարությունը, սովորության համաձայն, այս տարի էլ ամառային արձակուրդից առաջ նախաձեռնեց արտահերթ նիստ՝ տարվա ընթացքում կուտակված օրինագծերն արտահերթ ռեժիմով անցկացնելու համար։ Նիստի շրջանակներում, սակայն, խորհրդարանը կառավարության օրենքների հետ նաեւ խորհրդարանականների նախագծերից մի երկուսը հասցրեց մտցնել ցանկ ու արտահերթ քննարկելով անցկացնել։ Կառավարության արտահերթը ամառվա այս արձակուրդային օրերին տրտունջների ու դժգոհությունների առիթ է հարուցել պատգամավորների շրջանում։ Նախ շատ քիչ պատգամավոր է գալիս ու մասնակցում նիստերին, շատերն առավոտյան գալիս, արագ գրանցվում, քվեարկում-«թռնում» են։ Քվեարկություններն էլ այնպես են դասավորել, որ ամբողջ օրը քննարկեն, հաջորդ առավոտյան նոր քվեարկեն, որ ամբողջ տարին օրենսդրական «տքնաջան» աշխատանքից «գերհոգնած» ու մի կերպ, չուզելով այս արտահերթին եկող հատկապես օլիգարխիկ-մեծահարուստ պատգամավորները երկար չմնան շենքում, առավոտ շուտ քվեարկեն ու գնան։ Այդ է պատճառը, որ դեռ նիստի մեկնարկից մեկ ժամ չանցած՝ դահլիճում մնում են հիմնականում միայն պարտադրված աշխատող մի քանի հանրապետականներ, ԲՀԿ-ի ակտիվ, խոսող թեւն ու, բնականաբար, ՕԵԿ-ը՝ լայն կազմով, քանզի խոսելու եւ եթերով երեւալու առիթը չեն կարող բաց թողնել։ Մյուս խմբակցություններից էլ՝ նայած ում քեֆը երբ է տալիս։ Պատգամավորներ էլ կան, որ արդեն լրիվ արձակուրդային վիճակներում են գալիս խորհրդարան՝ ջինսով, կարճաթեւ, ազատ ոճի շապիկներով, «չարոխներով»։ Նշենք, որ նիստերի տեւողությունը սովորականից երկար է՝ առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 18:30-ը, որպեսզի արագ քննարկեն նախագծերն ու շուտ վերջացնեն։ Սակայն մի քանի «հարամ» պատգամավորներ ամեն նախագծի վրա այնքան են «լռվում» ու ժամերով մի չնչին հարցը քննարկում, որ չի ստացվում արագ անցկացնել նախագծերը։ Նիստերից ու անիմաստ քննարկումներից հոգնածները դժգոհում են, թե իրենք չեն հերթագրվում, հարց չեն տալիս, որ ավելորդ ժամանակ չգնա, արագ քննարկեն-վերջացնեն, դրա փոխարեն ուրիշներն են առիթից օգտվում ու սկսում պոպուլիստական ելույթներով PR անել իրենց ու հիմիկվանից նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Պատգամավորների հետ զրույցներից հասկացանք, որ նրանք նույնիսկ փորձել են իրար մեջ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ քիչ հարց տան, քիչ ելույթներ ունենան, որ ամառվա այս տապին ու արձակուրդային շրջանում արտահերթով իրենց հանգիստը չփչացնեն, բայց, ինչպես տեսնում ենք, բոլորը չէ, որ համաձայնել են իրենց ժողովրդի աչքին երեւալու հաճույքից զրկվել։ Ի դեպ, կառավարության նախաձեռնած այս արտահերթի գլխավոր «խերն» այն եղավ, որ եւս մեկ «թանկացնող» օրենք հասցրին ուժի զոռով անցկացնել․ դա «Ակցիզային հարկի մասին» օրենքն է, որի հետեւանքով կթանկանան դիզվառելիքը, բենզինն ու սեղմված գազը, որին ՀՀԿ-ն թեպետ դեմ արտահայտվեց, բայց կողմ քվեարկեց առաջին ընթերցմամբ՝ երկրորդ ընթերցումը խոստանալով անցկացնել արդեն աշնանը։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ