Պատմական ակնարկ․ Եգանի և Նադիր Շահի ռազմավարական համագործակցությունը

Պատմական ակնարկ․ Եգանի և Նադիր Շահի ռազմավարական համագործակցությունը

Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:



Նադիր շահի նախորդները թուրքական ճակատում անհաջողության էին մատնվել, կորցրել տարածքներ: Պարտության պատճառներն էին. Տեղաբնակ ժողովրդի չեզոքությունը, ինչպես նաև՝ հյուսիսից Ռուսաստանի ներխուժումը: (1722-23-ի ռուս-թուրքական երկճակատ-խաչաձև արշավի արդյունքում Պարսկաստանը պարտվում է: 1724թ. Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով ռուսներին ու թուրքերին են անցնում Պարսկաստանի հյուսիսային տարածքները, մասնավորապես՝ հայաբնակ գավառները անցնում են Օսմանյան կայսրությանը: 1724-30թթ. Սյունիքում, Երևանում հայերն ապստամբում են նոր տերերի դեմ, սակայն ճնշվում):



Նադիրը Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել նոր արշավանքի համար: Ահա, թե ինչպես: 1934թ. Նադիր շահը գալիս է Էջմիածին, կոշիկները հանում, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագի՝ ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա (Պարսից շահերը և Օսմանյան սուլթանները մինչ այդ տարբեր առիթներով մտել էին եկեղեցիներ, սակայն երբեք չէին աղոթել): Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել Նադիր շահին (նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել): Այնուհետև Նադիրը Դիզակի մելիք Եգանի ուղեկցությամբ հանդիպում է հայ մելիքների հետ, որոնց ներկայությամբ Եգանին դիմում է «մեծ եղբայր»-ով: Եգանի հեղինակությամբ և եկեղեցու աջակցությամբ դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, որոնք հանդես են գալիս 6 առանձին զորախմբերով՝ ընդհանուր մոտ 20.000 զինվոր (նախորդ արշավանքի ժամանակ մասնակցել էին մոտ 1.250 հայ զինվոր):



Ռուսական վտանգը չեզոքացնելու համար Եգանը, որպես Նադիր շահի լիազոր ներկայացուցիչ, 1732-ին թանկարժեք նվերներով, ոսկով գնում է Սանկտ Պետերբուրգ, բանակցում ցարուհի Աննա Յոհանովնայի հետ, խոստանում՝ դեպի Հայաստան արշավանքի ժամանակ չանցնել 1724-ի պայմանագրով հաստատված Ռուսաստանի սահմանը, իսկ արշավանքի ժամանակ անձամբ պաշտպանել ռուսների անվտանգությունը, ներդրումները, շահերը: Եգանի և Աննայի հանդիպման մանրամասները տակավին հայտնի չեն: Հայտնի է, որ դռնփակ հանդիպումից հետո ցարուհին դուրս է գալիս ժպտադեմ, խոստանում է չհարձակվել Պարսկաստանի դեմ, իսկ Եգանին շնորհում է գեներալի կոչում: Այդպիսով, Նադիրն ու Եգանը, չեզոքացնելով ռուսական ներխուժման վտանգը, 1735-ին սկսում են նոր արշավանք, որի արդյունքում Հայաստանն ազատագրում են օսմանյան տիրապետությունից:



Հայ մելիքների խիզախ զինակցության և ժողովրդի աջակցության դիմաց երախտագետ Նադիր շահը հարկային-մաքսային արտոնություններ է շնորհում հայ առևտրականներին, ընդարձակում եկեղեցու կալվածները, հայ գյուղացիներին ազատում հարկերից, փրկագնով ազատում նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ սպաների ու զինվորների: Եվ ամենակարևորը՝ ինքնավարություն է տրամադրում Արցախի մելիքություններին՝ Եգանի գլխավորությամբ:



ԼՂՀ Հադրութի մարզում պեղված արձանագրությունից տեղեկանում ենք. «1737թ.: Այսպես է, որ ես՝ Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդն ինձ քյոխվա կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն (հայաբնակ մյուս մարզերից ձերբակալվել և Թուրքիա են աքսորվել 7.500 զինվոր ու սպա): Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոն¬յա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի (իշխանաց-իշխան) կարգեց, շնորհ արեց: Ով կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»:



Հակոբ Մկրտչյան
«Գայդբուք» նախագիծ