Քանդում ենք, քանդում, դեռ լույսը չի երեվում…

Քանդում ենք, քանդում, դեռ լույսը չի երեվում…

60-ականներին Երեւանի պետական համալսարանում խլրտում էր: Գրեթե ամբողջ համալսարանը՝ ուսանող թե դասախոս, դեմ էինք ատոմակայանի կառուցմանը, այն էլ՝ Արարատյան դաշտում: Այդ առիթով համալսարանի մեծ դահլիճում մեզ հետ հանդիպում ունեցավ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը: Լեփլեցուն դահլիճը չափազանց լարված էր: Այսօրվա բառով ասած` վարչապետ Մուրադյանն իր ելույթում նշեց, որ Լոնդոնից 25 կմ հեռավորության վրա ատոմակայան կա կառուցված, որը երբեւէ վտանգ չի սպառնացել, իսկ Հայաստանում կառուցվողը գիտության վերջին խոսքով է: Նա միաժամանակ հասկացրեց, որ ԽՍՀՄ ատոմային էներգիայի մինիստր, մեր հայրենակից Պետրոսյանցը խնդրել է, որ էներգակիրներ չունեցող Հայաստանին անհրաժեշտ է ատոմակայան ունենալ, եւ շատ նրբորեն հասկացրեց, որ դա ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար է: Դե, այն ժամանակ պետական այրերի տված խոսքը դատարկ կրակոց չէր: Համոզվեցինք, կառուցեցին: Հետո փակեցինք, հետո վերաբացեցինք: Տասնամյակներ անց մենք չէինք պատկերացնի, որ ատոմակայան ունեցող Հայաստանում օրումեջ կարող է էլեկտրաէներգիա թանկանալ, այն էլ՝ տարածաշրջանի ամենաթանկը: Հիմա, երբ մեր այս երիտասարդ սերնդին եմ նայում, ակամա մեր այդ համալսարանական շրջանն եմ հիշում: Լավ, հրաշալի երիտասարդություն ունենք, մնում է հոգեպես չջարդենք:



***
Վաղամեռիկ տաղանդաշատ արձակագիր Մուշեղ Գալշոյանի հետ, երբ 70-ականների առավոտյան Կոմիտասի Շիրվանզադեի անվան դպրոցի կանգառում երկար էինք սպասում` տրամվայները, տրոլեյբուսները, ավտոբուսները պարզապես լեցուն էին, մարդիկ կախված էին աշխատանքի գնում: Համեմատության համար այսօրվա փոքրիկ մարդատար ավտոմեքենաները խաղուպար են: Մի քիչ սպասելուց հետո մեկ էլ Մուշեղն ասում էր` Ռոբերտ, արի ոտքով գնանք, մենք էս տրանսպորտից շուտ կհասնենք: Այն ժամանակ Մուշեղ Գալշոյանն աշխատում էր Տերյան փողոցի վրա գտնվող «Սովետական գրող» հրատարակչությունում, իսկ ես` նույն փողոցում գտնվող «Ֆիլմ» թերթի խմբագրությունում: Ինքներս մեզ համար մի խաղ էինք հնարել: Մուշեղի առաջարկությամբ տրոլեյբուսի կամ ավտոբուսի համարն էինք վերցնում, որպեսզի տեսնենք, թե որտեղ ենք հանդիպելու: Ինչպես Թումանյանը կասեր, նրանք ձիով, մենք` ոտքով: Նախ իջնում էինք «Բարեկամություն» հրապարակ, մի քանի րոպե նայում մետրոպոլիտենի կառուցման շինարարական գծագիրը, որի օր օրի աճող դիագրաման մեզ չափազանց ուրախացնում էր, ու հետո նորից շարունակում էինք ոտքով: Դրանից հետո նոր միայն մտքներումս պահած համարի տրանսպորտը մեզ էր հասնում: Ցավոք, Մուշեղ Գալշոյանը չտեսավ մետրոպոլիտենի գործարկվելը: Նրա ողբերգական մահը, Սեւակի եւ Մինասի կորստի նման, ցնցեց մեր ժողովրդին: Ափսոս, որ այսօր հայ մեծ գրողին եւ մարդուն քչերն են հիշում:
Մետրոպոլիտենի շահագործման հանձնելը ցնծություն էր մայրաքաղաքի ազգաբնակչության համար, իսկ ինձ համար՝ թախծոտ ու տխուր մի բան: Մետրոպոլիտենը Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտի հազարավոր աշխատակիցներին 1981 թվականին կապեց մեկ այլ հսկայի` տասը հազարից ավելի աշխատակից ունեցող «Հայէլեկտրո» գործարանի հետ: Մետրոպոլիտենի այսօրվա երկու վագոնների փոխարեն այն ժամանակ չորսն էին գործում, մարդկանց հոսքն ուղղակի եռում էր (փակագծում ասեմ, որ հիմա ուղեւորներս ու կայարանի աշխատողներն իրար ճանաչում եւ բարեւ-բարի լույս ենք ասում): Ի դեպ, ասեմ, որ մետրոյում, գետնի տակ, մարդիկ ավելի բարեկիրթ են, քան գետնի երեսին: Կարգ կա, որը պահպանվում է: 1988-ին մի պահ եղավ, որ «Ռոսիա» կինոթատրոնը, Մարզահամերգային համալիրը եւ մետրոպոլիտենը մեր թերթերից մեկը խորհրդային շրջանի գիգանտոմանիայի ճարտարապետություն համարեց: Փառք աստծո, եւ մետրոպոլիտենը պահպանվեց, եւ համալիրը: Իսկ կինոթատրոնը դեռեւս վիճահարույց է: Հույս ունեմ, որ մեր երիտասարդությունը մի օր էլ դրա համար կպայքարի:
Միշտ երազել եմ, որ գոնե վերջին այս քսանհինգ տարվա ընթացքում երկու կանգառ կառուցվի․ Աջափնյակ ու լամպերի գործարան տանող ուղին արդեն զգալի փորված է: Ինչեւէ, արդեն մեկ-երկու ամիս է, ինչ մետրոյի կանգառների հայերեն հաղորդումներին ավելացել է նաեւ անգլերենը: Էլի բան է…
Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ