Պատգամավորները «հայրենասեր» են անգամ հանգստանալու հարցում

Պատգամավորները «հայրենասեր» են անգամ հանգստանալու հարցում

Թեպետ խորհրդարանականներից շատերը տրտնջում են, թե հոգնել են ԱԺ նիստերից, հատկապես արտահերթից, որը դեռ ավարտվելու միտք չունի, սակայն առայժմ չեն շտապում մեկնել արձակուրդ։ Նրանցից ոմանք նույնիսկ հպարտորեն հայտարարեցին, որ չեն հոգնել օրենսդրական աշխատանքից, եւ այնպես չէ, թե անհամբեր սպասում են արձակուրդին, որ «փախչեն» իրենց աշխատանքից ու մի քանի օրով գլուխներն ազատեն։ Ի դեպ, ԱԺ ամբիոնից հաճախ հայրենասիրական կոչերով բոցաշունչ ելույթներ ունեցող մեր պատգամավորների մոտ հանգստի հարցում եւս, կարծես թե, հայրենիքն ու հայրենասիրականը գերիշխում են։ Ավելի շատ հանգամանքներն են այդպես ստիպում, թե իսկապես հայրենիքի կանչն է ձգում, իրենք կիմանան։
Ազգային ժողովի գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի իր հանգիստը Հայաստանում է անցկացրել, իսկ այս տարի դեռ չի պլանավորել, թե որտեղ եւ ինչպես կանցկացնի։ Գնալու դեպքում էլ, հավանաբար, օգոստոս ամսին կգնա արձակուրդ։ Նա նշեց, որ հատուկ, սկզբունքային մոտեցումներ չունի հանգստի անցկացման հարցում, նայած, թե երբ, ինչ տրամադրություն եւ ինչ իրավիճակ է լինում, ըստ այդմ էլ կազմակերպում է հանգիստը։
Հարցին՝ ֆինանսական կողմին ուշադրություն դարձնո՞ւմ է, թե որտեղ է ավելի հարմար, մատչելի պայմաններով հանգիստ առաջարկվում, գործարար պատգամավորն ասաց․ «Էդպես կոնկրետ շատ չեմ կենտրոնանում էդ հարցի վրա, ավելի շատ նայում եմ էն հանգիստը, այսինքն՝ չեմ նայում էն թանկարժեքին, էն էժանին․․․ կարեւոր է նորմալ վիճակ, նորմալ տեղ, հարմարություններ լինեն, քանի որ հանգիստը կազմակերպում ես նաեւ երեխաների համար, քանզի ընտանիքով ես գնում, որպեսզի ավելի հարմարավետ լինի, բայց ավելի շատ մտածում ես, որ երեխաների համար նորմալ լինի»։
Ինչ վերաբերում է օրենսդրական աշխատանքից հոգնածությանը, ապա Մարտուն Գրիգորյանն ասաց, որ խորհրդարանի աշխատանքներն իր մոտ առանձնապես հոգնածություն չեն առաջացրել, չնայած ինքն ամենօրյա աշխատանքի մեջ է գտնվել Ազգային ժողովում։ «Ճիշտն ասած՝ էդպես անհամբեր չեմ սպասում, քանի որ նաեւ արտագնա նիստ ունենք մեր հանձնաժողովով դեպի Դիլիջան արգելոց»,- նշեց նա։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ երազում է մի քանի օր առանց քաղաք վերադառնալու հանգստանալ իրենց ամառանոցում, որովհետեւ այս տարի դեռ չի հասցրել հանգստանալ։ Իսկ ամառանոցը գտնվում է Կոտայքի մարզում, Լուսակերտի տարածքում։
Երկրից դուրս մեկնելու ծրագրեր էլ դեռ չկան, քանզի պատգամավորի ամուսինը, ով հայտնի դերասան Արա Դեղտրիկյանն է, ամռան այս օրերին զբաղված է, բայց եթե հնարավորություն լինի, տիկին Աճեմյանը ծովափնյա հանգիստ է գերադասում, սակայն չգիտի՝ կստացվի՞ այս տարի, թե՞ ոչ։
Հնարավորություններն ավելի շատ ժամանակի՞ հետ են կապված, թե՞ նաեւ ֆինանսի։ «Ե՛վ ժամանակի առումով, մի քիչ էլ՝ ֆինանսական, բայց, ընդհանուր առմամբ, զբաղվածության՝ ավելի շատ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Կարելի՞ է ասել, որ Ազգային ժողովի աշխատանքներից հոգնած է ցանկանում գնալ հանգստի ու կտրվել խորհրդարանական առօրյայից։ Կարինե Աճեմյանն ասաց, որ ընդհանրապես ցանկացած մարդ, հատկապես աշխատող մարդը, պետք է հանգստանա, եւ ինքը դա նորմալ է ընդունում։
Նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր էլ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը, երրորդ տարին է, որ ամառային արձակուրդին չի հանգստանում, որովհետեւ աշխատում է։ «Անցյալ տարի ընկերներս ինձ որոշեցին նվեր անել եւ մեկշաբաթյա ուղեւորության փաթեթ նվիրել Կիպրոս՝ իմ եւ ընտանիքիս համար, էն էլ օգոստոսյան դեպքերը եղան, հրաժարվեցի, չէի կարող ինձ ստիպել գնալ հանգստի։ Երեխաներիս ուղարկեցի Շորժա՝ էն նկարիչների կիսավեր պանսիոնատը, որտեղ ես էլ եմ մեծացել, հիմա էլ երեխեքիս սիրած տեղն է, բայց սարսափելի, հատուկ ընդգծված անհարմար պանսիոնատ է, բայց Սեւանի ամենափառահեղ ափն է։ Հիմա, քանի որ էս տարի սպասում ենք էս արտահերթերը վերջանան, Արցախում էլ՝ գործերս, որոնք խոսքերով աննկարագրելի մասշտաբի են, ուզում եմ ինչ-որ մի ռեզյումեի հանգեցնել, որ ինձ թույլ տամ գնալ հանգստի»,- ասաց նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Շորժայում 15-օրյա հանգիստ նախատեսում է, բայց դեռ հստակ պարզ չէ։
Երգչուհի պատգամավորն ասաց, որ ինքն ավելի շատ հոգնել է Երեւան-Արցախ ճանապարհից, որ հաճախակի է անցնում։ Իսկ որպես պատգամավոր՝ օրենսդրական աշխատանքներից առանձնապես չի հոգնում, քանզի եթե թեման իրեն հետաքրքիր է, կարող է լսել, բանավիճել, իսկ եթե լինում են իրեն ոչ հասու թեմաներ, քանզի նեղ մասնագիտական են, այդ ժամանակ նախընտրում է ինչ-որ մի գործ անել Արցախի թեմայով։ Հարցին՝ ֆինանսական հնարավորությունները խնդիրներ ստեղծո՞ւմ են հանգստի տեսակն ընտրելիս, երգչուհի պատգամավորն ասաց․ «Այո, իհարկե։ Ես ձեզնից մեկն եմ»։
«Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ ամառային արձակուրդին իր հանգիստը կանցկացնի ընտանիքով՝ հայրենի Արցախում։ Նրա համար դա ամենալավ հանգիստն է, քանզի տեսնում է իր ընկերներին, բարեկամներին, որոնց շատ կարոտել է, այցելում է հայրենիքի տեսարժան վայրերը, հետաքրքիր տարածքները, որտեղ իր մանկությունն է անցել, հիմա էլ իր երեխաներին է տանում նույն վայրերը։ Պողոսյանն աշխատում է չհոգնել աշխատանքից, քանի որ լավ հանգստանալու ժամանակն էլ կգա, երբ որ արդեն թոռնիկներ կունենա։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի համար ֆինանսը կարող է խանգարող հանգամանք լինել՝ հանգիստը ըստ ճաշակի անցկացնելու առումով, քանզի միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն էլ պատրաստվում է իր հանգիստն անցկացնել Հայաստանում, տանը, թեպետ չի բացառվում՝ շաբաթ-կիրակի օրերին ընտանիքով որեւէ տեղ մեկնի՝ քաղաքից դուրս։ Հանգստի այդ տարբերակը պատգամավորի երեխաների ցանկությամբ է, քանի որ նրա մեծ աղջիկը գտնվում էր արտասահմանում, եւ հիմա, փաստորեն, ինքն էլ գալիս է Հայաստան՝ արձակուրդ, ուստի իրենք միասին կանցկացնեն հանգիստն այստեղ։ Փոստանջյանի համար եւս ֆինանսական հնարավորությունները խոչընդոտ կարող են հանդիսանալ նախընտրած հանգստի կազմակերպման հարցում։
Ազգային ժողովի ՀՀԿ-ական կանանցից Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանն էլ այս տարի իրենց հանգիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն Հայաստանում։ Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ առայժմ հստակ պլանավորված չէ, մի քանի առաջարկներ կան, բայց ինքը հայաստանյան հանգիստն է նախընտրում եւ տեղական որեւէ հանգստավայրից, նախնական, աչքի առաջ ունի Դիլիջանը կամ Ծաղկաձորը։ «Տեսնենք ինչպես կդասավորվի, բայց էս պահին անպայման ուզում եմ թոռնիկներիս հետ, ընտանիքով որեւէ տեղ մեկնել»,-ասաց նա՝ նշելով, որ հանգստի կազմակերպման հարցում ուշադրություն է դարձնում հարմարավետությանը, սպասարկմանը, շրջակա բնությանը։ Իսկ ֆինանսական կողմը խոչընդոտ կարո՞ղ է հանդիսանալ նախընտրած հանգստի կազմակերպման հարցում։ «Բնականաբար, եթե մի քիչ մեծ ընտանիքով ենք գնում, խոչընդոտ չէ, բայց խանգարող հանգամանք կարող է լինել»,- ասաց տիկին Մուրադյանը։ Շա՞տ է հոգնել օրենսդրական աշխատանքից։ «Զարմանալի բան ասեմ՝ ես չեմ հոգնել։ Նախ «հոգնել» հասկացությունն ամեն մեկի մոտ տարբեր կերպ է ընկալվում, ինձ հաճախ իմ ընկերները մեղադրում են դրանում, թե՝ հեչ չես հանգստանում, դու չե՞ս հոգնում։ Այստեղ ոչ թե հոգնածության խնդիրն է, այլ ինչ-որ վիճակի փոփոխության, թարմության, որն էլ ավելի կակտիվացնի հետագա աշխատանքդ, որովհետեւ ես՝ ինքս, պասիվ հանգստի կողմնակից չեմ, ես նաեւ հանգիստն եմ ակտիվ սիրում»։
ՀՀԿ-ում Մուրադյանի մտերիմը՝ Կարինե Պողոսյանն էլ ասաց, որ ինքը եւս դեռ չի պլանավորել հանգիստը։ «Բայց հաստատ համոզված եղեք, որ ես մնալու եմ Հայաստանում»։ Հայրենասիրությա՞մբ է պայմանավորված այս նախընտրությունը․ «Մեզ, իմ ընտանիքին է էդպես հարմար»։ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ ասաց, որ ինքը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս արձակուրդը կանցկացնի հայրենի՝ Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում, որտեղ որ մշտական բնակվում է։