«Ժողովուրդը միշտ ճիշտ է»․ Աշոտյանի ու Ֆարմանյանի հարցում նո՞ւյնպես

«Ժողովուրդը միշտ ճիշտ է»․ Աշոտյանի ու Ֆարմանյանի հարցում նո՞ւյնպես

Այսօր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանից՝ արդյոք ճի՞շտ էր Արմեն Աշոտյանի և Սամվել Ֆարմանյանի՝ Բաղրամյան այցելելը, հատկապես այն ֆոնին, թե ինչպես նրանց դիմավորեց ժողովուրդը, և արդյոք պետք չէ՞, որ նրանք թողնենք ասպարեզը, որովհետև ժողովուրդը ակնհայտորեն ցույց տվեց իրենց վերաբերմունքը նրանց ու նաև ՀՀԿ-ի հանդեպ։ Ի պատասխան՝ Նաղդալյանը նախ ասաց, որ ասուլիսն այլ թեմայով է, և հարցը այս շրջանակներում տեղին չի համարում, ապա նկատեց, որ ինքը կդժվարանա պատասխանել որ հարցադրումների, քանի որ այստեղ չի եղել և չի տիրապետում բոլոր մանրամասներին։



«Ինչ վերաբերում է իմ գործընկերների այդ քայլին, ապա պիտի ասեմ, որ դա նրանց կողմից բավականին համարձակ քայլ էր, և քաղաքական գործիչը պիտի ժողովրդի կողքին լինի և պիտի կարողանա ուզենալ և հասկանալ, թե ինչ են մտածում, ինչ են ուում մասսաները, և պարոն Աշոտյանի և իմ մյուս գործընկերոջ քայլը դրանով եմ բացատրում»,-այդուհանդերձ հարցին պատասխանեց տիկին Նաղդալյանը՝ նշելով, որ մնացածի վերաբերյալ չի կարծում, թե ինքը պիտի գնահատականներ տա։



Հարցին՝ ինքը չի՞ պատրաստվում անձամբ կրկնել Արմեն Աշոտյանի սխրանքը, Նաղդալյանն ասաց․ «Եթե պատրաստվեմ, Դուք տեղյակ կլինեք»:
Անդրադառնալով նաև հունիսի 23-ի լուսադեմին տեղի ուենցած գործողություններին, Նաղդալյանը նկատեց, որ այն ծառայողական քննությունը, որ իրականացվելու է, տեղին է և տալու է շատ հարցերի պատասխաններ։



Լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը նշեց, որ հունիսի 23-ի դեպքերի առիթով նշանակված է ծառայողական քննություն, բայց տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել Աշոտյանի հետ, ինչո՞վ կբացատրի այդ հակասությունը, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց․ «Ես չասեցի, որ ես տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել է Աշոտյանի հետ, հակառակը: Ասեցի՝ այն, ինչ-որ զրույցների հետ կապված պատգամավորների, դրա մասին այդքան տեղյակ չե, որովհետև դա մամուլում շատ չի արծարծվել։ Բայց այն, ինչ արծարծվել է մամուլում, ու թեև մենք իսկապես շատ ծանրաբեռնված ենք եղել և որևէ րոպե ու վայրկյան չենք ունեցել, բայց, այնուամենայնիվ, ինչ արծարծվել է մամուլում, ես դրան ծանոթ եմ, բնականաբար»։
Լրագրողի այն հարցին էլ, թե այդ դեպքում՝ լա՞վ են արել, պե՞տք էր, պե՞տք չէր, ժողովուրդը ճի՞շտ էր այդ հարցում, Նաղդալյանը նախ ճշգրտեց․ «Ինչի՞ն ժողովուրդը ճիշտ էր»։



Այստեղ, երբ լրագրողը փորձեց հստակեցնել, որ խոսքը Աշոտյանի հանդեպ վերաբերմունքի մասին է, Նաղդալյանը, զուգահեռ լրագրող արձագանքին, ավելացրեց․ «Ժողովուրդը միշտ ճիշտ է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ