Նման բան ուղղակի չի եղել

Նման բան ուղղակի չի եղել

Բաղրամյան պողոտայում կենդանի պատնեշ կազմած պատգամավորներից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն այս օրերին էլի շարունակում է այցելել Բաղրամյան պողոտա եւ զրուցել այնտեղ մնացած փոքրաթիվ ցուցարարների հետ: Երեկ եւս նա այցելել էր: ՕԵԿ-ական պատգամավորը, սակայն, դժվարանում է եւ աշխատում է զերծ մնալ շարժման մասին գնահատականներ, կարծիքներ հնչեցնելուց, քանի որ դա կդիտվի ուղղորդում եւ միջամտություն ժողովրդական զանգվածի գործողություններին, իսկ իր եւ իր գործընկերների առաքելությունն այլ է:



Մարգարյանի պատկերացումներով, սակայն, ցուցարարներին հաջողվել է թեկուզ փոքր, բայց հաղթանակ գրանցել՝ ելնելով նախագահի հայտարարությունից, որ թեպետ թանկացման որոշումը չի չեղարկվի, բայց աուդիտ կանցկացվի, այդ ընթացքում էլ ժղովուրդն այդ ավելացված 7 դրամը չի մուծի: Երեկվա այցելության ժամանակ, ի դեպ, երբ Մարգարյանը զրուցելիս է եղել ցուցարարների հետ, մի տարեց կին, նկատելով նրան, ուրախությամբ բղավել է. «Վայ, ազիզ ջան, էսի Հանրապետականի ամենալավ մարդն ա»: Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե իրեն՝ որպես ՕԵԿ-ական պատգամավորի, ՀՀԿ-ականի հետ շփոթելը վիրավորա՞նք է համարում, թե՞ հակառակը՝ կոմպլիմենտ: Պարոն Մարգարյանը նախ նկատեց, որ նման բան չի եղել, այդ կինն ասել է ոչ թե Հանրապետականի, այլ «Լեննականի ամենալավ մարդն է», թեպետ մամուլում հստակ նշված է, եւ կնոջ խոսքն էլ հստակ լսվել է: Ապա ասաց. «Գիտե՞ք ինչ, նախ «Օրինաց երկիր» կուսակցությունն ինձ համար օջախ է, Հանրապետականից էլ, բոլոր կուսակցություններից էլ ես ունեմ լավ ընկերներ, բայց նման բան ուղղակի չի եղել, եթե լիներ էդ շփոթմունքը, ես կպատասխանեի»:



Բայց չէ՞ որ ՀՀԿ-ի հանդեպ ժողովրդի իրական վերաբերմունքը մի քանի օր առաջ երեւաց՝ հանրապետական պատգամավորների այցի ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններից, մյուս կողմից՝ ամիսներ առաջ մամուլը գրել էր, թե «ՕԵԿ»-ն Ազգային ժողովում շրջանառվում է որպես վիրավորական բառ։ Պատգամավորն արձագանքեց. «Ինձ համար պատիվ է լինել ՕԵԿ-ում, ինձ համար օջախ է ՕԵԿ-ը: Ես լուրջ էլ չեմ վերաբերվում նման բաներին, որովհետեւ ամենաիմաստունը, այ, ժողովուրդն է, ովքեր էնտեղ կանգնած են, եւ ես շատ շնորհակալ եմ, իրենց ցավը տանեմ»: