10 տարվա ընկերություն․ Մենք կենացներ խմելով չենք կերտում ապագա

10 տարվա ընկերություն․ Մենք կենացներ խմելով չենք կերտում ապագա

Հուլիսի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ծննդյան օրն է»։ այս տարի ընկերությունը նշում է իր 10 ամյակը։ «10 տարվա ընկերություն» խորագրով տոնական միջոցառման ժամանակ այսօր ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախ շնորհավորեց, ապա շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած ողջ թիմին՝ ընկերությունն այս տասը տարիների ընթացքում հաջողությամբ կայացնելու և շուկայում առաջատար դիրքի հասցնելու համար։



Այնուհետև Պարոն Յիրիկյանը խոսեց ՎիվաՍել-ի ձեռքբերումների մասին՝ նկատելով, որ այս տարիներին իրենք ունեցել են և՛ կորուստներ ու անհաջողություններ, և՛ ձեռքբերումներ ու հաջողություններ։



«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները վերաբերում են ոչ միայն կատարողականի արդյունավետության՝ դեռևս չգերազանցված ցուցանիշներին, այլև՝ հասարակության հետ հաստատած հարաբերություններին։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջինն է մի շարք ցուցանիշներով․ շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 60 տոկոս՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներով, որոնցից 1.12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից»,-ասաց ընկերության գլխավոր տնօրենն իր խոսքում։ Նա նաև նկատեց, որ 10 տարվա ընթացքում իրենք 50 տարեկան մարդու փորձ են ձեռք բերել։



Hraparak.am-ը հետաքրքրվեց պարոն Յիրիկյանից, թե որն է հայաստանյան շուկայի, ինչպես նաև հայ սպառողի առանձնահատկությունը՝ հատկապես նրանց պահանջների բավարարման առումով, ինչպես նաև, 10 տարի անց՝ ընկերության կողմից ի՞նչ նորություններ և փոփոխություններ են սպասվում։



Նա նախ նշեց, որ նորություններ միշտ էլ սպասելի են, ապա հավելեց․ «Մրցակցությունը քեզ չի թողնելու, որ հանգիստ նստես և հարմար զգաս, որ ամեն ինչ իր բնական հունով կգնա, և,․ ուրեմն, աշխատելու կամ զարգացնելու կարիքը չկա, ընդհակառակը, քեզ միշտ ստիպում են, որ մտածես վաղվա մասին և մտածես՝ ինչ զարգացումներ և նորություններ կարող ես մտցնել, և դրանով մենք միշտ եղել ենք առաջամարտիկը։ Տարիների ընթացքում շուկան փոխվում է, ծառայությունների տեսակը փոխվում է, դրանց բովանդակությունը փոխվում է, հաճախորդի, բաժանորդի կամ սպառողի ճաշակը, պահանջները, ակնկալիքները կամ պատկերացումները փոխվում են, որովհետև տեխնոլոգիաներն են զարգանում և փոխվում»։ Նա նաև նշեց, որ ընկերության ապագան ավելի շատ մատնանշվելու է տվյալների փոխանցման տեխնոլոգիաների զարգացմամբ, բայց դա չի նշանակում, թե իրենք չեն ներդնելու նաև փայնային ծառայությունների զարգացման տեխնոլոգիաներ։



Մեր մյուս հարցին, թե ի՞նչ ծավալ են կազմում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը իրենց աշխատանքում՝ բարեգործություններ, նվիրատվություններ և այլն, Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ այդպիսի ծրագրերը միշտ եղել են իրենց ուշադրության կենտրոնում, և, այս պահի դրությամբ, դրանց ծավալը կազմում է ընկերության եկամուտների 4.25 տոկոսը։



«Մենք 2006-ից սկսեցինք նման ծրագրեր իրականացնել, պատճառը շատ պարզ է՝ մենք զգում ենք պատասխանատվություն մեր բաժանորդների, մեր հասարակության, մեր ժողովրդի, տնեսության, մեր երկրի հանդեպ, ուստի մենք չենք կարող լինել անտարբեր, և երբ որ մենք ունենք ցանկություն՝ տեսնել ավելի ավելի լավ, ավելի պայծառ ու զարգացող ապագա, կենացներ խմելով չենք ուզում դա տեսնել, սեղանների շուրջ նստելով ու տարբեր ճաշատեսակներ ուտելով չենք ուզում դա իրականացնել, մենք հավատացինք, որ մենք պետք է անենք ներդրում այն ապագայի մեջ, որը մենք ցանկանում ենք տեսնել»,-ասաց պարոն Յիրիկյանը՝ նկատելով, որ իրենք այդ ապագան կերտում են ռեալ ծրագրերով։
Վերջինս նշեց նաև, որ ընկերության տաս ամյակը նշելու են իրենք մինչև տարվա վերջ, և այդ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին անակնկալներ են սպասվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ