Մենք այսօր չունենք արմատական փոփոխությունների խնդիր

Մենք այսօր չունենք արմատական փոփոխությունների խնդիր

Երեկ Դատախազության աշխատողի օրն էր։ Իհարկե, մենք հրավիրված չէինք արարողակարգային այդ միջոցառումը լուսաբանելու, միայն մի քանի հեռուստաընկերություններ էին ներկա, սակայն շենքի առաջ, մինչեւ կժամանեին բարձրաստիճան հյուրերը, հասցրինք ճեպազրույց ունենալ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Կոստանյանը նախ նշեց, որ ինքը գոհ չէ իր եւ իր թիմի աշխատանքից, բավարար է գնահատում ե՛ւ իր, ե՛ւ համակարգի աշխատանքը։ Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, Կոստանյանը կարող է թվարկել դրանք, բայց չի կարող նշել, թե «ա՛յ, գիտե՞ք, սա ինչ արտառոց ձեռքբերում է», քանզի դա սովորական արդյունք է, սովորական ընթացք է, որն իրենք ամենօրյա աշխատանքով են ցույց տալիս։ Նրա համար սովորական են նաեւ վերջին երկու դեպքերը՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելը եւ Հրաչյա Հարությունյանին արտահանձնելը․ «Դա էլ, ա՛յ, հիմա տեսե՛ք, դուք կարող եք դա բնութագրել որպես ինչ-որ արտառոց հաղթանակ կամ չգիտեմ ինչ, բայց դա եւս մեր աշխատանքի մի մասն է, որը մենք միշտ իրականացնելու ենք եւ իրականացնում ենք»։



- Իսկ ե՞րբ եք պատրաստվում «հաղթանակ» գրանցել նաեւ Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու հետ կապված գործերում, եթե կարելի է դա հաղթանակ համարել։



- Գործը քննվում է, եւ ամեն գործով էլ մենք արդյունքում հաղթանակներ արձանագրելու ենք։



- Դատախազության գլխավոր խնդիրն այսօր ո՞րն է՝ առաջնահերթ եւ արմատական լուծման կարոտ։



- Արմատական լուծում… գիտե՞ք, արմատական լուծումը միշտ պահանջում է արմատական քայլեր։ Մենք այսօր չունենք արմատական փոփոխությունների խնդիր, մենք ընդամենը կարիք ունենք կատարելագործվելու նույն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, նույն օրինականության ամրապնդման շրջանակներում, այսինքն՝ դրանք այն նպատակներն ու խնդիրներն են, որոնք միշտ եղել են դատախազության օրակարգում։ Դրանց ուղղված քայլերի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ են պետք։ Մենք սահմանադրական գործառույթներից չենք կարող դուրս գալ, հեծանիվ չենք կարող հայտնագործել, անում ենք էն, ինչ որ մենք պարտավոր ենք անել, ուղղակի աշխատում ենք, որ մեր այդ անելիքները լինեն ընդգծված արդյունավետ։



- Իսկ արդյունավետության պակասի, առհասարակ, արդարության հետ կապված խնդիր չունե՞նք այսօր, քանի որ հասարակությունը հենց դա է մատնանշում։



- Ես արդեն, կարծում եմ, ուղիղ չորս տարի է՝ այդ մասին խոսում եմ, որ մենք արդարության պակասի մասին չէ, որ խոսում ենք, մենք խոսում ենք արդարության ընկալման փոփոխության մասին, որովհետեւ մի բան է, երբ որ մենք ունենք արդարություն, մի բան է, երբ որ այդ արդարության ընկալումն էնպիսին է, որ հասարակության մոտ վստահություն չի ներշնչում այդ արդարությունը։ Հետեւաբար, մենք պետք է այնպես անենք, որ հասարակության կողմից արդարադատության եւ արդարության նկատմամբ վստահություն ձեւավորվի։



- Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։



- Շատ բան։



- Մի հարց էլ՝ վերջին իրադարձությունների հետ կապված․ ինչպե՞ս եք գնահատում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարունակվող բողոքի ակցիաներն ու նաեւ ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ։



- Այդ մասին ես բազմիցս խոսել եմ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված հասարակական միջոցառումները, այդ հանրահավաքները, որոնք իրականացվում են, դրանք սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ ընթացակարգ է։ Ոստիկանական գործողությունների մասով, որոնք որ հասարակական ինչ-որ ընդվզման տեղիք են տվել, հանձնարարական տրվել է Հատուկ քննչական ծառայությանը, եւ այդ առումով նախապատրաստվում են նյութեր։ Ոստիկանական գործողությունների օրինաչափության եւ իրավաչափության հարցը մենք առիթ կունենանք քննարկելու, երբ որ այդ նյութերը սահմանված կարգով արդյունք տան։



ՀԳ․ Այս հարցազրույցն արել ենք առավոտյան, իսկ երեկոյան արդեն ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդագրություն տարածվեց, որ «Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությունների գործով մեղադրանք է առաջադրվել 5-րդ անձին»․ խոսքը Սդղի գյոլի դեպքի եւ Լիսկայի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի մասին է։ Ըստ այդմ․ «Բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, եւ հարցաքննվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ