Ուրիխանյանը շոուներին չի ցանկացել մասնակցել

Ուրիխանյանը շոուներին չի ցանկացել մասնակցել

Ազգային ժողովի պատգամավոր, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ընդամենը 1 օր է Բաղրամյան պողոտայում կենդանի պատնեշ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Դրանից հետո նրան այլեւս այնտեղ չեն տեսել:
Ուրիխանյանը դա բացատրում է նրանով, որ չի ցանկացել մասնակցել շոուներին: Նա նախ նշեց, որ առաջին երկու օրը, երբ տեղի ունեցավ անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ, ինքը հանդես է եկել հայտարարությամբ, այնուհետեւ նույն օրը, գրեթե ամբողջ գիշեր, գտնվել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Դրանից հետո իրենք իրենց կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտապես սատարել են այն պահանջին, որը ներկայացվել է հանրության կողմից:



«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ տեղի ունեցած իրադարձություններին, դրանց զարգացմանը եւ վերջին օրերին՝ երեկ, այսօր, միգուցե նաեւ դրանց հաջորդող օրերին տեղի ունեցող հանգուցալուծումներին, ապա դրանք իրենք խոսում են իրենց փոխարեն»,- ասաց նա՝ նշելով, որ այլ փակագծեր ու չակերտներ բացել չի ուզում՝ բացի մեկից. «Ինձ համար անթույլատրելի է եղել այդ բողոքի դրսեւորման շահարկումը քաղաքական նպատակներով, ես գիտակցաբար չեմ տվել հարցազրույցներ, չեմ սեթեւեթել տեսախցիկների առջեւ ո՛չ հիշյալ, ո՛չ էլ հաջորդող օրերին: Ինձ համար ակնհայտ էր, որ մի շարք քաղաքական դեմքեր եւ ուժեր փորձում էին սեփական PR-ն ապահովել այդ ընթացքում»: Եվ թեպետ անուններ չտվեց, բայց նկատեց, որ դրանց թվում կային նաեւ խորհրդարանական ուժեր:



Հարցին, թե ինքը ոստիկանության կողմից վտանգ տեսնո՞ւմ է, որ կարող է նորից ուժ կիրառվել ցուցարարների նկատմամբ, ու կրկին այդ կենդանի պատ կազմելու անհրաժեշտությունն առաջանա, Ուրիխանյանն ասաց, որ եթե հանկարծ նման վտանգ տեսնի, կրկին ներկա կգտնվի. «Բայց շոուներին մասնակցել չեմ պատրաստվում»: Իսկ այս պահին Բաղրամյան պողոտան փակելը ճի՞շտ եք համարում, եւ ցուցարարների պահանջների բավարարում որեւէ կերպ եղե՞լ է, թե՞ ոչ։ «Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է եւ պիտի լինի շատ ավելի ցածր, թանկացում կարող էր չլինել եւ չպիտի լինի, չարաշահողները եւ գողացողները, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված պաշտոնյաները պիտի կրեն քրեական պատասխանատվություն: Որեւէ այլ թեմա ես այս հարցի շուրջ չունեմ: Ինչ վերաբերում է բողոքի շարունակականությանը, ապա այն, անշուշտ, պիտի տեղի ունենա»,- ասաց պատգամավորը։



Իսկ ի՞նչ տարբերակով, եւ, ըստ նրա, Բաղրամյան պողոտան կարո՞ղ է փակ մնալ այնքան ժամանակ, մինչեւ բոլոր պահանջները լիարժեք չբավարարվեն, թե՞ պայքարը շարունակելու այլ տարբերակ եւս կարող է լինել։ Ուրիխանյանն ասաց. «Ես չգիտեմ, իրենք պիտի որոշեն: Ես՝ անձամբ եւ «Ալյանս» կուսակցությունը պատրաստ ենք ցանկացած պարագայում սատարել եւ օժանդակել, եթե դրա անհրաժեշտությունը կա»: Իրենց սատարումը քաղաքակա՞ն օժանդակություն կլինի, նորաստեղծ կուսակցության ղեկավարն ասաց. «Ցանկացած անհրաժեշտ»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ