Ստորացուցիչ, անգրագետ, բայց ռազմավարական նշանակության համաձայնագիր

Ստորացուցիչ, անգրագետ, բայց ռազմավարական նշանակության համաձայնագիր

Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստով քննարկեցին, ապա նաեւ քվեարկեցին «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ ՌԴ-ն վարկային միջոցների հաշվին մեզ ռուսական արտադրության ռազմամթերք կմատակարարի: Համաձայնագրով սահմանված է, որ պետական արտահանման վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, որից առաջին 3 տարիները՝ արտոնյալ պայմաններով, 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրի արժեքի 10 տոկոսի չափով ավանսային վճարումների տեսքով:



Հիմնական զեկուցողը պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն էր, ով ներկայացրեց համաձայնագրի կարեւոր կողմերը՝ նշելով, որ այս՝ 200 մլն դոլարի վարկով Հայաստանին տրամադրվելու են նոր զինատեսակներ։ Դրանց ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանում ուժերի հավասարակշռմանը։ «Մենք ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը ՀՀ սպառազինության մեջ չի եղել նախկինում»,- ասաց պարոն Նազարյանը՝ նշելով, որ այս վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին։
Այս պայմանագիրը, սակայն, ոչ բոլորի կողմից ողջունվեց, թեպետ վերջում գրեթե բոլորը կողմ քվեարկեցին, եղավ 1 դեմ՝ Զարուհի Փոստանջյանը։ Հ



ԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, օրինակ, հղում անելով մամուլին, ասաց, որ այս վարկի մի մասն ուղղվելու է էլեկտրաէներգիայի այդ թանկացված յոթ դրամը ժողովրդի փոխարեն վճարելուն, եւ նկատեց, որ այս համաձայնագիրն ստորագրվել է հենց այն ընթացքում, երբ բողոքի ալիքները բարձրացան, ու նախագահն էլ հանձնարարեց, որ կառավարությունն իր վրա վերցնի սակագնի բարձրացման բեռը, մինչեւ կանցկացվի աուդիտ։ Արա Նազարյանը վստահեցրեց․ «Պարոն Զուրաբյան, Դուք կարող եք համոզված լինել, որ որեւիցե ցենտ կամ լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որը որ Դուք նշեցիք։ Ես հատուկ իմ ելույթում էլ նշեցի, ու համաձայնագրում էլ նշված է, որ այդ վարկը ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման համար է, այսինքն՝ միմիայն կարող է ձեռք բերվել ռազմական արտադրանք, որը նշված է համաձայնագրի ցանկում»։ Նա նաեւ ընդգծեց, որ նույնիսկ պաշտպանության նախարարության բյուջեով նախատեսված որեւէ լումա չի կարող ուղղվել այն նպատակին, որը Զուրաբյանը նշեց, բացի այդ՝ իրավական տեսանկյունից նույնպես հնարավոր չէ նման բան։ Պատասխանը, սակայն, չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին․ «Համոզված չենք կարող լինել, որովհետեւ մենք չենք վստահում այս իշխանությանը։ Դրա համար ես առաջարկում եմ ցույց տալ պայմանագրային այն դրույթները, այն հոդվածները, որոնք ստեղծում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել իրավիճակը եւ համոզված լինել, որ ոչ մի լումա այլ նպատակի չի ուղղվելու»։ Նազարյանն էլ ասաց, որ ինքն արդեն ցիտեց այդ հոդվածներն իր ելույթում, եւ կրկնեց այդ ամենը։



«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ այս համաձայնագիրն ամոթալի եւ ստորացուցիչ անվանեց, որովհետեւ, ըստ նրա, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը նույն զենքը վաճառում է մեր հակառակորդ երկրին՝ Ադրբեջանին, հետո այդ նույն զենքը վարկով տրամադրում մեզ՝ ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքը։ Նա կասկած հայտնեց, թե սրանք իսկապե՞ս ռազմավարական դաշնակցի կողմից գործընկերային հարաբերություններ են։ «Դուք գնացել՝ նորից ձեզ ստորացրել եք, հիմա եկել եք մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որն ուղղակի ստորացուցիչ պայմաններում Հայաստանի Հանրապետությանը դնում է ահավոր վատ վիճակի մեջ»,- նկատեց տիկին Փոստանջյանը։ Այս դիտարկումները դուր չեկան փոխնախարար Արա Նազարյանին․ «Դուք վիրավորում եք եւ հետո ուզում եք, որ ես ինչ-որ հարցի պատասխանեմ։ Ինձ համար անհասկանալի է Ձեր դիրքորոշումը։ Ես չգիտեմ՝ Դուք խորությամբ պատկերացնո՞ւմ եք անվտանգության միջավայրը եւ ռեա՞լ եք պատկերացնում ուժերի հարաբերակցությունը եւ այն հնարավոր սպառնալիքները, որոնք առկա են, բայց եթե ուսումնասիրեիք, ինձ թվում է՝ նման հարցադրում չէիք անի եւ նման տոնով չէիք խոսի»։



ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ գրագիտության կոպիտ սխալներ գտավ համաձայնագրում՝ տառասխալ, կետադրական, լեզվական սխալներ՝ հորդորելով զերծ մնալ անգրագիտությունից, քանզի սա առաջին դեպքը չէ, որ պետական փաստաթղթում անգրագիտության նման դրսեւորումներ են նկատվում։
Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում ու հարցերում փորձում էր կապ գտնել նախագահի հայտարարության, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների եւ այս համաձայնագրի միջեւ․ «Կան ողջամիտ կասկածներ, որ էս վարկային համաձայնագրի շուրջ ստեղծվում է ֆինանսական բուրգ, որտեղ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է վճարենք Հայաստանի էլցանցերի ոչ տնտեսվար կառավարման արդյունքում առաջացած թալանի համար։ Ուստի ես չեմ մասնակցելու քվեարկությանը»։ Նա նաեւ նշեց, որ թող ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատասխան տա, թե ինչ առնչություն ունի Սերժ Սարգսյանի հայտարարությունն այս վարկային պայմանագրի հետ։



Այս ընդդիմադիր ելույթներից հետո գրոհի անցավ ՀՀԿ-ի ռուսամետ «ռազմատեխնիկան»՝ Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, ովքեր անդրադարձան հնչած ելույթներին՝ հայրենասիրությունից, ռազմավարական արժեքներից, այս պայմանագրի կարեւորությունից, ռուսների հետ մեր դաշնակցային հարաբերություններից խոսեցին։
Ի վերջո, ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին այս համաձայնագրին, այն վավերացվեց ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։