Որտե՞ղ են թաքնված վարչապետի նշած «այլ միջոցները»

Որտե՞ղ են թաքնված վարչապետի նշած «այլ միջոցները»

Նախագահը հանձնարարել, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել է, որ մի քանի ամիս՝ մինչեւ կանցկացվի հայտնի աուդիտը ՀԷՑ-ում, կառավարությունն իր վրա կվերցնի ավելացված 7 դրամը ժողովրդի փոխարեն վճարելու բեռը: Նա, սակայն, չի նշել, թե ինչ միջոցներից է դա արվելու։ Վարչապետն էլ վստահեցրել է՝ ոչ բյուջեի միջոցներով, սակայն չի ասել, թե ում կամ ինչ միջոցներով․ «Երբ հստակ որոշենք, կտեղեկացնենք»։
Երեկ Ազգային ժողովում պատգամավորներն այդ հարցին պատասխանելիս վարչապետին էին հղում անում՝ կլինի, կիմանաք։ Թեպետ եղան նաեւ այնպիսիք, ովքեր տվեցին բավականին հետաքրքիր, երբեմն իրար հակասող պատասխաններ։ Օրինակ՝ ոմանք չեն բացառում, որ հնարավոր է դա նաեւ մասնավոր սեկտորի, գործարարների, պատգամավոր-պաշտոնյաների գրպանից վճարվի, վարչապետը որոշի՝ «պիտի ձեր գրպանից մուծվեք հանուն ազգի բարօրության», ու իրենք էլ մուծվեն, իսկ իրենք, ի դեպ, դեմ չեն, պատրաստ են մուծելու ժողովրդի փոխարեն, նույնիսկ սիրով են պատրաստ։



ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն անմիջապես հղում արեց վարչապետին․ «Պետք է սպասել, մի քանի տարբերակներ կան, դրանցից մեկը կառաջարկվի հանրությանը»։ Նա, սակայն, տեղյակ չէ, թե նման դեպքերում, սովորաբար, որտեղից են հայթայթվում անհրաժեշտ գումարները։ Իսկ հնարավո՞ր է վարկի տեսքով լինի։ «Ես չեմ կարող որոշակի բան ասել, ուղղակի ես առավել քան համոզված եմ, որ պարոն Աբրահամյանը որ ասեց՝ մի քանի տարբերակ կա, ու դրանցից մեկը կլինի, հենց այդպես էլ կլինի առաջիկայում»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ կարո՞ղ է այնպես ստացվել, որ աուդիտի ավարտից հետո, երբ պարզվի, որ արդարացված էր սակագնի բարձրացումը, կառավարության հայթայթած այդ միջոցները, որոնցով վճարվել է ՀՀ քաղաքացիների փոխարեն, հետո փոխհատուցվեն նույն քաղաքացիների կողմից։ «Այ, դրան չեմ կարող պատասխանել»,- ոչ հերքեց, ոչ հաստատեց ՀՀԿ-ական պատգամավորը։



Գործարար թեւից Մանվել Բադեյանն էլ նշեց․ «Ուրեմն, եթե դու օրենսդրությունը գիտես, Սահմանադրությունը կամ մի քիչ գրագիտություն ունենաս, էդպիսի հարց երբեք չես տա»։ ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Մուրադ Մուրադյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին ու ինքն էլ գործարար չէ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց համբերել, ամեն ինչ կհրապարակվի եւ կլինի բացահայտ։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ մասնավոր սեկտորի գրպանից վճարվի, Բաղդասարյանը չբացառեց․ «Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ մի բան չեմ բացառում, որը որ բացարձակապես կապ չպետք է ունենա բյուջեի հետ»։ Նա նաեւ վստահեցրեց, որ կառավարության կողմից վճարվածի համար հետո ժողովուրդը կրկին չի վճարի, եթե պարզվի, որ արդարացված էր թանկացումը։



Նույն խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ, իր կարծիքով, քննարկումների արդյունքում կարող են ընտրվել այլընտրանքային տարբերակներ, ուստի դժվար է ասել՝ մասնավորը կարո՞ղ է այդ այլընտրանքային աղբյուրը հանդիսանալ, թե ոչ։ ՀՀԿ գործարար թեւից Գարեգին Նուշիկյանն էլ թեպետ խորհուրդ տվեց այդ հարցով վարչապետին դիմել, բայց նաեւ չբացառեց, որ հնարավոր է մասնավորի գրպանից վճարվի։ Ավելին, ինքը նույնիսկ պատրաստ է վճարել սեփական գրպանից, եթե նման խնդիր դրվի իր առջեւ․ «Սիրով»։



ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հղում արեց վարչապետին, որ պարզ լինելուն պես կտեղեկացնեն, բայց եւ վստահեցրեց․ «Անհոգ եղեք, ե՛ւ մեր անվտանգության համար հատկացված, ե՛ւ սոցիալական հարցերի, աշխատավարձերի համար հատկացվող գումարների հաշվին որեւէ վճարումներ չեն լինի, իսկ թե որ աղբյուրներից եւ ինչպես, դրա համար հավելյալ կտեղեկացնեն»։ Դիտարկմանը, թե պատգամավորներ կան, ովքեր չեն բացառում, որ հնարավոր է գործարարները վճարեն, ասաց, որ չի կարող դա կանխատեսել՝ «նման ինֆորմացիա չունի»։ Իսկ մյուս հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է ժողովուրդը հետո փոխհատուցի իր փոխարեն վճարված գումարները, Սահակյանը մեզ հիշեցրեց Կիկոսի պատմությունը։



ՕԵԿ-ից դուրս եկած ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը նախ նշեց, որ իր ռեսուրսները պարզ գրված են, թե ինքն ինչ կարողություն ունի, սակայն վստահեցրեց, որ իր աշխատավարձից պատրաստ է որոշակի հատկացում անել, եթե կառավարությունը նման որոշում կայացնի։
ԲՀԿ-ից տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այդ «այլ միջոցները» հայթայթելու համար տարբեր տարբերակներ կան, ու սկսեց մատնանշել մասնագիտական մի քանի տարբերակ, որոնցից մեկը, օրինակ, ռիսկերի դիվերսիֆիկացիան է․ «Էնպես չի, որ էդ ամբողջ 7 դրամը ֆիքսել ու դրա ձեռը կրակն ենք ընկել։ Էդ 7 դրամից 4 դրամը ներքին արտադրող կայաններինն է, չէ՞։ Ուրեմն դա նշանակում է, որ դրանց ներքին գինն էլ է աճում։ Մենք կարող ենք աուդիտ անելիս տեսնել, թե դրանց ծախսերի ու եկամուտների արժանահավատությունն ինչպիսին է, նոր ելնենք»։ Մելքումյանը, սակայն, կտրականապես բացառեց, որ հնարավոր է մասնավորի վրա դրվի այդ բեռը․ «Ոչ, միանշանակ՝ ոչ»։ Նա նաեւ ասաց, որ այդ վճարումը կառավարության կողմից է, դա կառավարության ռիսկն է, ուստի չի կարծում, թե դա հետո ժողովուրդը պիտի փոխհատուցի իր գրպանից։



ԲՀԿ-ից դուրս եկած, այժմ անկախ պատգամավոր, գործարար Արագած Ախոյանն էլ մեր հարցին ի պատասխան, թե ինքը պատրաս՞տ է իր գրպանից վճարել, եթե կառավարությունը որոշի որպես այլ միջոց ընտրել գործարարներին, կտրուկ պատասխանեց՝ ոչ։ «Առանց այդ էլ ամեն ինչ թողած է մասնավորի վզին, էլ մասնավորը որտեղի՞ց վճարի։ Էս պետության հենասյուներն էլ մասնավորներն են, էլի, ի՞նչ ունենք պետական, որ»,-ասաց նա։ Այդ դեպքում, իր կարծիքով, այդ «այլ միջոցները» որո՞նք են, Ախոյանն ասաց․ «Դե, պետություն ա, կունենա պահուստային միջոցներ, ռեզերվային տարբերակներ, մի բան կգտնի, մինչեւ աուդիտի պատասխանը կլինի, եւ համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն»։