Կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր խնդիրներից մեկը հասարակության անվստահությունն է

Կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր խնդիրներից մեկը հասարակության անվստահությունն է

Այս պահին Ծաղկաձորում ընթանում է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել է ՀՀ արդարադատության և «Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի կողմից։



Սեմինարի ընթացքում բացման խոսքում հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով ներկայացրեց կոռուպցիայի դեմ օայքրաի ուղղությամբ կատարված քայլերն ու այն, ինչ պատրաստվում են կատարել։ Նա խոսեց նաև էլկետրոնային համակարգերի ներդրումից, հակակոռուպցիոն խորհրդից, դրա կազմից, ու նաև կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու մեխանիզմների մասին։ Այստեղ նաև հատկապես կարևորեց բազմակողմանի փոխգործակցության հարցը՝ ՀԿ-ներ, պետական ապարատ, ՀՀ քաղաքացի, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի՝ այս գործում հաջողության ահսնելու հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը և մտահոգությունն այս խնդրի վերաբերյալ: ­



«ՀՀ կառավարությունը մեծ տեղ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք շատ ենք խոսում այս խնդրի մասին, սակայն իրական, տեսանելի արդյունքներ չկան: Մեր հանրության մեծ մասը քննադատում է իշխանությանը, քանի որ համոզված է, որ ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի այդ ոլորտում հիմնական գործառույթը: Սակայն կոռուպցիայ դեմ պայքարը մեր բոլորի և պետական բոլոր ճյուղերի, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, և, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Եթե մենք ուզում ենք տեսնել զարգացած պետություն, ապա այս խնդիրը պետք է դառնա յուրաքանչյուրիս մտահոգությունը»,-ասաց նա` նկատելով, որ կոռուպցիան ահռելի բացասական ազդեցություն է ունենում տնտեսական առաջընթացի վրա:
Քրմոյանը նաև խոսեց ԶԼՄ-ների դերի մասին այս հարցում՝ նշելով, որ ԶԼՄ­-ները հիմնականում միակողմանի և բացասական ֆոնի վրա են լուսաբանում այս խնդիրները` չնշելով նաև այն դրականի մասին, որը կա, որպեսզի մարդիկ տեսնեն և դրական, և բացասական երևույթները։



Փոխնախարարի խոսքով՝ մեր իրականությունոում հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները նախընտրում են բողոքելու փոխարեն իրենց խնդիրների լուծման համար տարբեր չափերի գումարներ տալ այս կամ այն անձանց․ «Միջազգային կազմակերպությունների տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը հանդուրժող է կոռուպցիոն դրսևրումների նկատմամբ: Մենք պետք հասկանանք, որ կոռուպցիան, բացի բոլորիս համար ծանոթ գումարային մասից, ունի նաև քողարկված դրսևորումներ՝ ծանոթ­-բարեկամ հարաբերակցության արդյունքում աշխատանքի ընդունում, անարժանին պարգևատրում և այլն»։



Քրմոյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը իրականացնում է կրթության, առողջապահություն, ոստիկանության ծառայությունների իրականացման և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում:
«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից կարևոր է տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրումը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս շատ ծառայություններ ստանան էլեկտրոնային եղանակով, ինչը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը նույնպես շատ կարևոր գործոն է դառնում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համար:



Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Քրմոյանը հատկապես ընդգծեց հասարակության անվստահության խնդիրը այս հարցում, քանզի որքան էլ կառավարութունը, ՀՀ իշխանությունները ջանքեր են գործադրում կոռուցպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, սակայն հասարակության մոտ, միևնույն է, լուրջ անվստահություն կա այս հարցում։ Դրան նպաստում է թերևս նաև այն հանգամանքը, թե ովքեր են գլխավորում հակակոռուպցիոն խորհրդի կազմը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան։ Այս կազմն ի սկզբանե զավեշտի առիթ էր տվել, թե ովքեր են եկել ու պայքարում կոռուպցիայի դեմ։



Նա նշեց, որ Ազգային ժողովի խմբակցություններին, օրինակ, միայն «Բարգավաճ Հայաստան»­-ն է համաձայնել ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում, մյուսները մերժել են առաջարկը։ Սա էլ, հավանաբար, կրկին անվստահության հետևանք է, որ բացի ԲՀԿ-ից, ուրիշ ոչ մի քաղաքական ուժ չի վստահել, ըստ այդմ էլ՝ ցանկացել մասնակցել մի գործընթացի, որի հարցում այդքան մեծ է կասկածամտությունն ու անվստահությունը հասարակության ու նաև քաղաքական ուժերի կողմից։