Deutsche Welle-ի եվ Գերմանիայի ուղերձները

Deutsche Welle-ի եվ Գերմանիայի ուղերձները

Անցյալ շաբաթ` հունիսի 22-24-ը, Գերմանիայի Բոնն քաղաքում գումարվել էր Deutsche Welle (թարգմանաբար` Գերմանական ալիք) հեռուստառադիոընկերության Գլոբալ մեդիա ֆորումը (DW GMF), որն ամենամյա իրադարձություն է եւ հրավիրվում է հունիս ամսին, Բոննում: Այս տարի մասնակիցների թիվը շուրջ երկու հազար էր, աշխարհի ավելի քան հարյուր երկրից: Բացի մեդիա աշխարհի ներկայացուցիչները, որոնք կարող են նախապես ֆորումի մասնակցության հայտ ներկայացնել, վճարումները կատարել եւ մեկնել Բոնն, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր դեսպանատների ներկայացմամբ որոշ երկրներից նաեւ հրավիրում է մասնակիցներ: Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն այս տարի որոշել էր առաջարկել մասնակից, Գերմանիայի ԱԳՆ-ին ներկայացվել էր իմ թեկնածությունը, եւ ԱԳՆ-ի երաշխավորությամբ էլ ինքս հրավիրվեցի Բոնն` մասնակցելու Deutsche Welle-ի Գլոբալ մեդիա ֆորումին:



Deutsche Welle-ն՝ հուշերում եվ այսօր



Հայաստանյան ընթերցողին քաջածանոթ են թե Բոնն, թե Deutche Welle անվանումները: Բոննը գիտեն ամենքը, որովհետեւ այն Արեւմտյան Գերմանիայի մայրաքաղաքն էր մինչեւ Բեռլինի պատի փլուզումն ու Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաների վերամիավորումը 1990-ին: 1991-ին Գերմանիայի խորհրդարանը քվեարկեց հօգուտ դաշնային իշխանության մարմինները երկրի նոր մայրաքաղաք` Բեռլին տեղափոխելու: Պաշտոնյաներն ու աշխատակիցները տեղափոխվեցին, իսկ շինությունները Բոննի նախկին կառավարական թաղամասում մնացին: Ինչ խոսք, սուրբ տեղը դատարկ չի մնում` ոչ միայն ալեգորիկ, այլեւ ուղիղ իմաստով: Նման կատարյալ ենթակառուցվածքների առկայությունը` տրանսպորտային հաղորդակցությունից մինչեւ շինությունների ներքին տեխնիկական հագեցվածություն, չէր կարող նոր հաստատությունների չգրավել: Եվ այսօր օրինաչափ ընթացքով Բոննը վերածվում է ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանի: Բոննում են հաստատվել ՄԱԿ-ի բազմաթիվ մասնագիտացված կառույցներ: Քյոլնից Բոնն է տեղափոխվել եւ Բոննի կառավարական թաղամասում մի քանի երկնաքերներ է զբաղեցնում նաեւ Գերմանիայի միջազգային հեռարձակող ընկերությունը` Deutsche Welle-ն:



Հայաստանում Deutsche Welle-ն կհիշեն ամենքը, ովքեր հիշում են 1988-ի Ղարաբաղյան շարժումը: Հատկապես 1988-89-ին, երբ ղարաբաղյան շարժման ղեկավարները բանտարկված էին Մոսկվայում, իսկ Խորհրդային Հայաստանի լրատվամիջոցները գտնվում էին գրաքննության ներքո, Voice of America-ն եւ Deutsche Welle-ն էին հայաստանցիների լրատվության աղբյուրը: Մարդիկ ջանում էին բաց չթողնել «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության ռադիոհաղորդումները: Երկրորդ հասանելի լրատվության աղբյուրը Deutsche Welle-ի կամ Немецкая волна-ի ռուսալեզու ռադիոթողարկումներն էին: Թե դրանք ինչ պատմական ժամանակներ էին, եւ միջազգային հեռարձակողներն ինչ դեր էին կատարում ԽՍՀՄ-ում ընթացող զարգացումները լուսաբանելու առումով, լավագույնս նկարագրել է ԽՍՀՄ վերջին նախագահը` Միխայիլ Գորբաչովը: 1991-ի օգոստոսից երկու տասնամյակ անց BBC-ի նկարահանած մի վավերագրական ֆիլմում Գորբաչովը պատմում էր, որ 1991-ի օգոստոսին ГКЧП-ի կազմակերպած հեղաշրջման` путч-ի օրերին, երբ ինքը կնոջ եւ թոռնիկների հետ ըստ էության տնային կալանքի ներքո էր հայտնվել սեւծովյան «Ֆարոս» կառավարական ամառանոցում, իսկ ԽՍՀՄ հեռուստառադիոեթերում միայն ГКЧП-ի հեղինակած տեքստերն էին ընթերցվում, իր միակ հաղորդակցությունն աշխարհի հետ մնացել էին գրպանի ռադիոընդունիչը եւ BBC-ի ռադիոծառայության թողարկումները: Գորբաչովը ֆիլմում խոստովանում էր. «Ես լսում էի BBC… ի վերջո, ես միշտ էլ վստահել եմ BBC-ին… նրանք համարյա միշտ էլ ճշմարտությունն են ասել… BBC-ից էի տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում եւ Մոսկվայում»:



Ոչ միայն ԽՍՀՄ նախագահը, այլեւ շարքային քաղաքացիներն էին BBC-ից, Radio Liberty-ից, Deutsche Welle-ից եւ մնացյալ միջազգային հեռարձակողներից տեղեկանում, թե ինչ է կատարվում իրենց երկրում: Ինչ խոսք, այժմ ինտերնետը եւ թվային տեխնոլոգիաները հեղաշրջել են լրատվության աշխարհը, տեղեկատվություն տարածում են ամենքը եւ ամենուր, սակայն միջազգային հեռարձակողները դարձյալ մնում են հեռուստա-ռադիոլրագրության առաջատար եւ չափանիշ:



Արտադրված է ուղեղի համար



Deutsche Welle-ն (DW) հիմնադրվել է 1953-ին, իբրեւ ռադիոծառայություն եւ այդպես էլ գործել է մի քանի տասնամյակ, մինչեւ 20-րդ դարավերջ, երբ ստեղծվել է Deutsche Welle-ի հեռուստատեսային ծառայությունը, ավելի ուշ՝ նաեւ ինտերնետային կայքը (www.dw.com): Սկզբնական առաքելությունը եղել է Գերմանիան միջազգային հանրությանը ներկայացնելը: Սակայն ժամանակին համընթաց պահպանելով գերմանական մշակույթը, գիտությունը, տնտեսությունն ու ժողովրդավարությունն աշխարհին ներկայացնելու առաքելությունը, DW-ն զուգահեռաբար ընդլայնել է միջազգային անցուդարձի լուսաբանումը: Եվ այսօր DW-ն նույնպիսի միջազգային հեռարձակող է, ինչպես ամերիկյան CNN-ը, բրիտանական BBC World News-ը, ֆրանսիական France24-ը, CCTV9-ը՝ Չինաստանում, Al Jazeera-ն՝ Ծոցի երկրներում, NDTV-ն՝ Հնդկաստանում եւ այլն:



Դրանք բոլորն էլ միջազգային հեռարձակողներն են, որոնք լուսաբանում են իրենց երկրների եւ միջազգային անցուդարձը 24/7 ռեժիմով, արբանյակային եւ ինտերնետային հեռարձակմամբ, մի քանի լեզվով եւ լսարաններ են գեներացնում բոլոր մայրցամաքներում:
Deutsche Welle-ի ռադիոթողարկումները եւ համացանցային կայքէջերի բովանդակությունը հասանելի է մոտ երեսուն լեզվով, հեռուստահաղորդումները` գերմաներեն, արաբերեն, իսպաներեն, եւ անցյալ շաբաթվանից՝ նաեւ անգլերեն: DW-ի անգլերեն հեռուստաալիքի խորհրդանշական մեկնարկը տրվեց հունիսի 22-ին, Գլոբալ մեդիա ֆորումի` GMF 2015-ի բացման նիստում: Տեղական ժամանակով 11:00-ից վայրկյաններ առաջ, Բոննի Համաշխարհային կոնֆերանս կենտրոնի դահլիճում, որտեղ գումարվել էր Մեդիա ֆորումը, բեմահարթակ բերվեց խորհրդանշական կոճակը: Սկսվեց ժամանակի հետհաշվարկը, եւ 11:00-ին DW-ի գլխավոր տնօրեն Պիտեր Լիմբուրգի եւ Գերմանիայի մշակույթի ու մեդիայի դաշնային նախարարի խորհրդանշական կոճակի համատեղ սեղմումով եթերային կյանքն սկսեց DW-ի անգլալեզու հեռուստաալիքը` DW News-ը:



Եթերն սկսվեց առանց որեւէ նախաբանի, առանց ուվերտյուրային գեթ մեկ բառի, ուղղակի լուրերի թողարկումով միանալով միջազգային պուլսացիային, ինչն իրոք տպավորիչ էր ու հարգանք ներշնչող: Հաջորդ րոպեին ֆորումի դահլիճում եւ միջազգային հեռուստադիտողների էկրաններին Եվրոպայի թիվ 1 շոումենն էր` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, եվրագոտում Հունաստանի մնալ-չմնալու գլուխկոտրուկով: Մի քանի րոպե անց, իհարկե, հեռուստադիտողները մնացին DW News-ի հետ, իսկ մեդիա ֆորումը շարունակեց աշխատանքը:



Գլոբալ մեդիա ֆորումների անցկացումը DW-ն նախաձեռնել է 2009-ին, եւ յուրաքանչյուր տարի ֆորումը նվիրված է եղել միջազգային օրակարգի մի թեմայի: Այս տարվա ֆորումի խորագիրն էր․ «Լրատվությունը եւ արտաքին քաղաքականությունը՝ թվային դարաշրջանում»: Թեման արդիական էր եւ հետաքրքիր: Ինչպես թեմատիկ քննարկումների բանախոսներից մեկն ասաց. «Անցյալում լուրերը հաղորդվում էին լսարաններին, այժմ լսարաններն իրենք են լուրեր գեներացնում եւ հաղորդում: Սա մեր օրերում կատարված հեղաշրջումն է, ինչի հետ պետք է հաշվի նստել»:



Սակայն արդյոք լրատվությունն ավելի արագ հաղորդելու հնարավորությունը կամ աղբյուրների երիցս բազմապատկված քանակությունը փոխո՞ւմ է լրագրության բովանդակությունը: Հազիվ թե: Վերջնահաշվում լրագրությունը ոչ թե տեղեկությունների անիմաստ հոսք ապահովելն է, այլ այդ հոսքի մեջ էականն ընկալելու, գնահատելու, ճշտելու եւ հաղորդելու կարողությունը: Made for minds (Արտադրված է ուղեղի համար) հռչակում էր DW-ի նոր կարգախոսը, եւ դա կարծես այն ուղերձն էր, որ Deutsche Welle-ն հղում էր իր լսարաններին ու մրցակիցներին` խոստանալով դասական լրագրության արժեհամակարգ` տեխնոլոգիապես հեղաշրջված աշխարհում:



DW-ի ներկայությունը Հարավային Կովկասում



GMF 2015-ը, ինչպես եւ նախորդ տարիներին գումարված ֆորումները, եռօրյա ծրագիր ուներ: Յուրաքանչյուր օրը աշխատանքներն սկսվում եւ ավարտվում էին պլենար նիստերով, որտեղ բանախոսները քննարկում էին տրված թեման, իսկ օրվա ընթացքում երկու կամ երեք փուլով տարբեր դահլիճներում գումարվում էին ավելի փոքր մասշտաբի 4-5 զուգահեռ քննարկումներ: Ընդհանուր առմամբ, երեք օրվա ընթացքում նախատեսված էր 40 քննարկում, որոնցից 4-5-ն էր պլենար նիստերի ձեւաչափով, մնացյալն աշխատանքային քննարկումներն էին (workshops):
Անձամբ ինձ համար, իհարկե, որքան էլ մի քանի workshop հետաքրքիր լիներ, ավելի հետաքրքիր էին մամլո ասուլիսները, օրինակ՝ DW գլխավոր տնօրեն Պիտեր Լիմբուրգի կամ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Նկատելով, որ անգլալեզու եթերի գործարկմամբ DW-ն ակնհայտորեն իր միջազգային լսարանն ընդլայնելու նպատակ է հետապնդում, միանգամայն օրինաչափ էր պրն Լիմբուրգին հարցնել, թե DW-ն ինչ կարեւորություն է տալիս ԵՄ ԱլԳ ծրագրին, եւ արդյոք իրենք Հարավային Կովկասում ավելի ակտիվորեն ներկայանալու եւ գործելու ծրագրեր ունե՞ն: Պրն Լիմբուրգի պատասխանն սպառիչ էր. թե Արեւելյան գործընկերության երկրներին, թե, մասնավորապես, Հարավային Կովկասին DW-ում մեծ կարեւորություն են տալիս, քանի որ այս տարածաշրջանի անցուդարձը վերջնահաշվում առնչվում է Եվրոպայի անվտանգությանը:



Ներկա դրությամբ պրն Լիմբուրգը գոհ էր, որ Երեւանում եւ Թբիլիսիում DW-ն ունի գործընկեր հեռուստատեսություններ, ինչի շնորհիվ Հայաստանում եւ Վրաստանում հեռարձակում են DW-ի ռուսալեզու նորությունների թողարկումները (ավելի ուշ DW-ի մեկ այլ պատասխանատուից տեղեկացա, որ Ադրբեջանում DW-ն արգելված է, Բաքվում անգամ թղթակից չունեն): Ապագայի առնչությամբ պրն Լիմբուրգը հետաքրքրված էր եւ ցանկալի էր համարում ավելի սերտ համագործակցությունը, այդ թվում՝ հայաստանյան մեդիա դաշտի հետ, եւ, իհարկե, DW-ի ավելի մեծ ներկայություն ԱլԳ երկրներում եւ Հարավային Կովկասում: Ի դեպ, արժեքավոր դրվածք է այն, որ DW-ի տեղական թղթակիցները, այդ թվում՝ հայաստանյան թղթակիցը, աշխատում են Բոննի կենտրոնակայանի հետ, առանց տարածաշրջանային գրասենյակներով միջնորդավորվածության:



Ամենից հաճելի հատվածը ֆորումի ծրագրում ինքնաբերաբար նավով զբոսանքն էր Հռենոս գետում եւ Բոննի քաղաքապետարանի ճաշկերույթ-ընդունելությունը: Սակայն ամենից զգացականը, կարեւորն ու հիշարժանը BOB մրցանակների շնորհման արարողությունն էր: