Մարդիկ փորձում են քննադատելով վարկաբեկել դեռեվս չստեղծված խորհրդի աշխատանքը

Մարդիկ փորձում են քննադատելով վարկաբեկել դեռեվս չստեղծված խորհրդի աշխատանքը

Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ռազմավարական արդեն երրորդ ծրագիրն է իրագործում։ Այս կոնտեքստում ձեւավորվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որում ընդգրկված է 4 բարձրաստիճան պաշտոնյա՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Խորհրդի առաջին նիստը կլինի առաջիկայում՝ կմշակվի 2015-18 թթ․ ռազմավարությունը։



Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում կանխարգելիչ բնույթ է կրում, իրենք փորձում են այնպես անել, որ հանրային ծառայողներն ավելի բարեխիղճ լինեն, ավելի կրթված, էթիկայի հարցերին են ավելի ուշադրություն դարձնում, նաեւ կրթական, վերապատրաստման ծրագրեր են իրականացնում։ Այս ամենով հանդերձ, պարոն Քրմոյանը մի կարեւոր խնդիր է տեսնում՝ հասարակության կողմից անվստահության խնդիրը, որ թերահավատություն կա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հարցում։ Արդարադատության փոխնախարարից նախ հետաքրքրվեցինք, թե այդ անվստահությունն ինչով է պայմանավորված։



- Դա բազմաթիվ պատճառներ ունի, նախ այդ երեւույթները խորհրդային տարիներից են գալիս, բայց նաեւ պատճառներ կան, որ մեր ցուցանիշները՝ կոռուպցիայի, բավականաչափ տեսանելի են հասարակությանը, մարդիկ, առօրյա կյանքում հանդիպելով կոռուպցիոն երեւույթների, ինչու չէ՝ նաեւ հասարակական կազմակերպությունների բացասական կարծիքը, այդ ամեն ինչն ազդում է այդ անվստահության վրա։ Պատճառների մեջ էլ նաեւ այն է, որ դրական քայլերը՝ պետության, ՀԿ-ների, բիզնեսի կողմից իրականացվող, չեն լուսաբանվում եւ չեն ներկայացվում հասարակությանը։



- Բայց 25 տարի շարունակ հասարակությունը տեսնում է կոռուպցիոն լրջագույն երեւույթներ, բարձրաստիճան անձինք, թաթախված կոռուպցիայի մեջ, շարունակում են մնալ նույն դիրքերում ու չպատժվել, հենց սա է խորացնում անվստահության մթնոլորտը։



- Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք բազմաթիվ կոռուպցիոն երեւույթների մասին, ցավոք սրտի, մենք վերացական լեզվով ենք խոսքում՝ բոլորը ներգրավված են, բոլորը թաթախված են․․․ մենք ավելի հստակ խնդիրների մասին ենք խոսում․․․ կոնկրետ քայլեր կան, ոլորտներ, գերատեսչություններ, որոնք հստակ քայլեր են իրականացրել ու հստակ արդյունք ունեն կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք ունենք բժշկական կազմակերպություններ, որտեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ չկա, ունենք բիզնեսի պետական մարմիններ, որտեղ այդ ռիսկերը բացառվել են, բայց մենք դրանց մասին չենք խոսում․․․



- Բայց եթե քաղաքացին տեսնի, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պատժվեց կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար, դա վստահությունը կբարձրացնի։



- Ես չեմ ուզում կոնկրետ դեպքեր թվարկեմ, բայց ուզում եմ ուղղակի հետադարձ նայեք, թե վերջին մի քանի տարիների ընթացքում քանի բարձրաստիճան պաշտոնատար անձ, որոնց երբեւիցե չէիր մտածի՝ սկսած դատավորներից, պետական ծառայության ղեկավարներից, որոնց դատավարությունները բավականաչափ թափանցիկ են եղել․․․ Բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ միայն պատժիչ եղանակը չէ, նաեւ կանխարգելիչ․․․



- Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների դեպքը, որոնց հարցում հասարակությունը վստահ է, որ նրանք անպատժելի են, քանի որ իշխանության հովանավորությունն են վայելում։ Ձեր կարծիքով՝ նման պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելը չի՞ մեծացնի վստահությունը։



- Մենք ռեալ խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին՝ պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք, կաշառքի միջնորդություն։ Ես չեմ ուզում անդրադառնալ կոնկրետ մարդկանց դեպքերին, ես ուզում եմ անդրադառնալ էն սկզբունքին, որ մենք ներկայումս պայքարում ենք եւ քայլեր ենք անում ու մենք պետք է օրենքի գերակայության, օրենքի հավասարության սկզբունք կիրառենք։ Ես կարծում եմ, որ նշված բոլոր դեպքերում պետք է քննություններ իրականացվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն։



- Բայց նույն Սյունիքի մարզպետի հետ կապված գործերին ընթացք չտալը, չպատժելը կոռուպցիայի դրսեւորում չէ՞, պաշտոնական դիրքի չարաշահում չէ՞։



- Ցավոք սրտի, ես հիմա էդ գործերին չեմ ծանոթացել եւ չգիտեմ ինչն է օրենքի տառից շեղում, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարում այն է, որ օրենքի գերակայություն եւ հստակ օրենսդրություն լինի, որը հստակ կիրառվի։



- Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում կառավարության 4 անդամ կա, որոնք նաեւ մեծ կարողությունների տեր են։ Այդ կարողությունը, ի՞նչ եք կարծում, կոռուպցիայի արդյունքո՞ւմ չի դիզվել։ Եվ նրանց ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում զավեշտալի՞ չէ եւ անվստահության հիմք չէ՞։



- Նախ ասեմ, որ այդ պաշտոնատար անձինք խորհրդի կազմում ներգրավված են ի պաշտոնե։ Բազմաթիվ մարդիկ փորձում են քննադատելով վարկաբեկել դեռեւս չստեղծված խորհրդի աշխատանքը, բայց ես ուրիշ առաջարկ ունեմ՝ եկե՛ք տեսնենք խորհրդի աշխատանքը, թող մեկ-երկու նիստ իրականացնեն, քայլեր ձեռնարկեն, հետո գնահատենք։



- Իսկ մի՞թե պետք չէր նրանց հարցում հակակոռուպցիոն որոշակի միջոցառումներ, պայքար իրականացնել։



- Ոչ, ես առաջարկում եմ, որ ձեւավորված կառավարությունը եւ նշանակված համապատասխան պաշտոնատար անձինք՝ կառավարությունից դուրս, համախմբվեն նաեւ ՀԿ-ները, եւ էդ քննադատություններն ու քննարկումները խորհրդի ներսում ծավալվեն։ Եթե խորհրդի աշխատանքի արդյունքում փոփոխություններ չնկատվեն, մենք կքննադատենք այդ խորհուրդը, խորհրդի անդամներին։
Հասարակությունը թող արդյունքներով գնահատի՝ արդյոք այդ ստեղծված խորհուրդն իր կազմով ու անդամներով արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ