Բայց ինչը՞ ցրի, ցրելու խնդիր չկա. նախարարը՝ Բաղրամյանի ցույց ցրելու մասին

Բայց ինչը՞ ցրի, ցրելու խնդիր չկա. նախարարը՝ Բաղրամյանի ցույց ցրելու մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի համար «փողոցային պայքար» արտահայտությունն այդքան էլ ընդունելի չէ, մենք ժողովրդավարական երկիր ենք և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին ենք գտնվում, և այս ամենը՝ նկատի ունի էլեկտրաէներգիայի թանկացման դեպ պայքարը Բաղրամյան պողոտայում, ըստ նրա՝ առողջ պրոցես է, որը յուրաքանչյուր բաց հասարակության մեջ կարող է տեղի ունենալ։
«Այսինքն՝ հասարակության որոշակի շերտեր, որոշակի խմբեր որոշակի պահանջներ ունեն, մտահոգություններ ունեն և դրանք բարձրաձայնում են, որի հնարավորությունները տրված են Սահմանադրությամբ և օրենքներով»,-Ծաղկաձորում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ նկատելով, որ մյուս կողմից էլ մենք ունենք կայացած, ամուր պետություն և ոստիկանություն, որը պարտավոր է հասարակական կարգը պահպանել։
Այս երկու գործընթացներն էլ, նախարարն ասաց, որ ինքը շատ առողջ է գնահատում։



Hraparak.am-ի հարցին՝ ոստիկանությունը ինչու՞ մինչև հիմա չի փորձում ցրել ցույցը, նախարարն ասաց․ «Բայց ինչը՞ ցրի, ցրելու խնդիր չկա։ Պարզապես մեր ոստիկանությունը շատ խոհեմ ուզում է, որպեսզի հասարակությունը․․․»։



Դիտարկմանը, այդ դեպքում՝ ինչու՞ առաջին օրը ցրեցին, որովհետև պողոտան փակել էին, իսկ դրանից հետո մինչ օրս ոչինչ չարեցին, պարոն Մանուկյանն ասաց, որ իր կարծիքով՝ այս հարցի հասցետերը ինքը չէ․ «Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ միշտ ավելի լավ է պրոցեսները, հատկապես՝ պրոցեսներ, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում և որոշակի հանրային սպասումների կամ որոշակի մտահոգությունների և հուզումների առիթ են, այս պրոցեսները ավելի լավ է՝ հանդարտ իրենց տրամաբանական ավարտին հասնեն, քան թե ինչ որ ավելի կտրուկ․․․»։



Հարցին, թե այդ ավելացված 6.93 դրամը հարվածում է ոչ միայն հասարակ քաղաքացու, այլ նաև պաշտոնյաների գրպանին, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրեն տեսնենք պայքարող քաղաքացիների կողքին, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պայքարի ձևը միայն Բաղրամյան պողոտայում կանգնելը, քնելը կամ այնտեղ լինելը չէ։



«Պայքարի շատ ավելի այլ ձևեր կան»,-ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով, եթե յուրաքանչյուր պաշտոնյա բարեխիղճ է կատարում ամեն օր իր ծառայողական պարտականությունները, դա ևս պրոցեսին դրականորեն նպաստող երևույթ է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ