Հինգշաբթի օրը միգուցե գնանք՝ Բաղրամյան փողոցը նորից փակենք

Հինգշաբթի օրը միգուցե գնանք՝ Բաղրամյան փողոցը նորից փակենք

Երկու օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել Դավիթ Սանասարյանը։ Բաղրամյանի ցույցը ցրելուց ու բարիկադները քանդելուց, փողոցը բացելուց հետո վերջին օրերին պայքարի նախաձեռնությունն իր վրա վերցրած Դավիթը եկավ Ազատության հրապարակ ու որոշեց հացադուլի միջոցով իր վրա ուշադրություն գրավել, սակայն ո՛չ պահանջներ ներկայացնելով։ Մեզ հետ զրույցում երեկ նա իր այս քայլը նախապատմությամբ ներկայացրեց․ ոստիկանությունը, ըստ նրա, հասկացավ, որ իրենց հայտարարած «մեկ քայլ առաջ» մարտավարությունը հաղթական քայլ էր, որը ոչ միայն ֆիզիկապես առաջ գնալ էր, այլ նաեւ գաղափարապես, ուստի նրանք գործողությունների, իսկ ըստ նրա՝ ապօրինի գործողությունների դիմեցին, որպեսզի հեռացնեն ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։



«Ես հայտարարել էի, որ եթե մեր պահանջներից գոնե մի պահանջը կատարվի, մենք կգնանք կոմպրոմիսի եւ կսկսենք այլ քայլեր իրականացնել։ Նրանք դա չարեցին ու փոխարենը մեզ սկսեցին բերման ենթարկելով՝ փողոցը մաքրել, եւ երբ վերադարձա հրապարակ, տեսա, որ շատ քիչ մասսա կար հավաքված, եւ ուղղակիորեն հասկացա, որ պետք է աշխատանք տարվի։ Իսկ ես աշխատանք տանելու եմ էստեղ, ու անընդհատ լրագրողների ուշադրությունն ինձ վրա է։ Ես փորձելու եմ ներկայացնել մոտեցումներ, քաղաքացիների հետ խոսելու եմ եւ հրավիրելու եմ էստեղ»,- ասաց նա՝ նշելով, որ իր հացադուլով ինքը պահանջ չի ներկայացնում իշխանությանը։



Հացադուլն իր վրա ուշադրություն գրավելու համար է, որպեսզի քաղաքացիներին հրավիրի Ազատության հրապարակ՝ միասին պահանջներ ձեւակերպելու, քանզի չի ուզում, որ դա լինի մի քաղաքացու պահանջը մեկ այլ քաղաքացուց։ Սանասարյանը նշեց, որ ինքը ֆիզիկապես կարող է դիմանալ հացադուլին, իրեն լավ է զգում, թեեւ մի փոքր շոգ է․ «Կարելի էր նաեւ նստացույց անել, բայց նստացույցը շատերին չի հետաքրքրում, իմ կարծիքով՝ նստացույցը պետք է լինի շատ կարճ ժամանակվա համար, կոնկրետ տակտիկա գործադրելու համար։ Իսկ հացադուլը հնչեղության առումով ավելի հնչեղ է, բնականաբար, դրա համար էլ գնացի էս քայլին։ Ուստի կոչ կանեմ բոլոր էն քաղաքացիներին, ովքեր հեգնում են, ծաղրում են, անուններ են կպցնում, թող գան իրենք էստեղ, հացադուլ անեն, թող գան ավելի հաղթական առաջարկներ անեն, ու ես դուրս կգամ հացադուլից»։



- Այսինքն՝ հացադուլով հստակ որեւէ պահանջ չի՞ առաջադրվում։



- Ոչ, ուղղակի, որ քաղաքացիները գան էստեղ, որ միասնական ճնշում գործադրելով՝ հասնենք մեր նպատակին։ Դա կարող է լինել Բաղրամյանը նորից փակելով կամ հասնելով Բաղրամյան 26, դա կարող է լինել ամենատարբեր բաներ, կարող ենք այլ փողոցներ փակենք, կարող ենք բոլորս միասին նստենք նստացույցի։



- Նախաձեռնող խմբի անդամների հետ՝ Վաղինակի, մյուսների, կապ կա՞, քննարկո՞ւմ եք ձեր անելիքները։



- Վաղինակին վերջին անգամ երեկ բարիկադների առաջ եմ հանդիպել, եկավ, ողջագուրվեցինք, թեւ թեւի տվեցինք, որ բարիկադները պահենք, դրանից հետո առիթ չեղավ խոսելու, բայց ես իրենց բոլորին հրավիրում եմ Ազատության հրապարակ, կամ իրենք կարող են գալ ինձ ու մյուսներին հրավիրել, բայց մենք կարիք ունենք միասնական պայքար տանելու։



- Միասնականությունը չի՞ խարխլվել, շարժումը կարելի՞ է համարել մարած։



- Քանի դեռ էստեղ քաղաքացի կա, քանի դեռ պայքար կա, շարժումը մարած չէ, բայց կարելի է ասել, որ շարժումը որոշակի վայրէջք ապրեց, ու դա նորմալ է։ Հնարավոր է ինչ-որ կետից շարժումը վերելք ապրի։ Եվ դա կապված է նրա հետ, թե որքան խելացի կգտնվենք, որքան համարձակություն կունենանք, որ մեր նպատակները կյանքի կոչենք։ Այլապես ես մի քանի անգամ կրկնել եմ՝ մենք կունենանք այլընտրանք, եւ դա Հայաստանի Հանրապետությունից փախչելն է ուղղակի։ Ինչ վերաբերում է միասնականության խարխլմանը, ապա բազմիցս ասել եմ, որ կարծում եմ՝ էդպես պետք է չլիներ։ Բայց էականը հիմա դա չէ, կարեւորը, թե հիմա մենք ինչ ենք անելու միասին։



- Քաղաքական պահանջ կամ ենթատեքստ կա՞ Ձեր քայլերում։



- Մեր պահանջները բոլորը քաղաքական են, այն է՝ իշխանությունները կայացնեն իրենց քաղաքական որոշումը եւ չեղարկեն։ Երկրորդը․ իշխանություններն էնքան քաղաքական կամք ունենան, որ այն ոստիկաններին, ովքեր որ ուժ կիրառեցին ամսի 23-ին, նրանց պատասխանատվության ենթարկեն։



- Քաղաքական են, բայց նաեւ քաղաքականացվա՞ծ են պահանջները, շարժումը։



- Շարժումը քաղաքացիական է, բայց շարժման պահանջները քաղաքական են, քանի որ պահանջ ներկայացնում ես իշխանությանը եւ ոչ թե մի կազմակերպության։ Խնդիրը երկու պետությունների մեջ է՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, եւ խնդիրն ինքնին քաղաքական է։



- Եթե հիմա քաղաքական ուժերից որեւէ աջակցություն կամ փորձ լինի միանալու, կընդունե՞ք, այսինքն՝ Ձեր այս կոչը, հացադուլի միջոցով, նաեւ նրա՞նց է վերաբերում, որ գան, քննարկեն անելիքները։



- Ես «մեկ քայլ առաջ»-ի վերաբերյալ իմ ելույթի ժամանակ կոչ էի արել, որ քաղաքական ուժերը գան-կանգնեն ժողովրդի կողքին, պարտադիր չէ, որ հարթակներ զբաղեցնեն, բայց անհրաժեշտ է, որ, ի վերջո՝ լավ են գործում, թե վատ են գործում, ժողովուրդը քվե է տվել իրենց։ Ես ինձ միանալու կոչ որեւէ մեկին չեմ անում, թող գան՝ ինձ հետ չէ, ես իրենց հետ կքննարկեմ, ես նման ամբիցիաներ չունեմ, թող գան՝ միասին հասկանանք, թե ինչպես ենք էս խնդիրը լուծում։ Երբ քաղաքական ուժերը ջայլամի քաղաքականություն որդեգրեն, ինչպես որ անում են, բնականաբար, մենք կունենանք ավելի թույլ իրավիճակ, բայց նրանք, իմ պատկերացմամբ, միասին պետք է հայտարարություն տարածեն եւ նշեն, որ չեն ընդունում Սերժ Սարգսյանի կեղծ քայլերը, կիսաքայլերը եւ իրենք նաեւ որոշակի ստատուս են տալիս միջազգային հարաբերություններում։



- Որքա՞ն է տեւելու հացադուլը։



- Հուսով եմ՝ շուտ կավարտեմ, ու հուսով եմ՝ հինգշաբթի օրը (այդ օրը հանրահավաք է նախատեսված) կլինի այնքան ժողովուրդ այստեղ, ու ես իրենց հետ միասին միգուցե գնանք՝ Բաղրամյան փողոցը նորից փակենք։ Այդ օրը, բնականաբար, ես նաեւ դուրս կգամ հացադուլից, որովհետեւ ինքնանպատակ չեմ էստեղ, ես էստեղ ինձ վրա եմ վերցրել որոշակի ինֆորմացիոն աշխատանքների իրականացման եւ հրապարակը թեժ պահելու գործը։



- Այսինքն՝ չի՞ բացառվում, որ Բաղրամյանը նորից փակեք։



- Չէ, «մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան ուժի մեջ է, եւ եթե իշխանություններն ուժ կիրառելով ուղղակի կանխեցին դա, ես վստահ եմ, որ նրանք վախենում էին ու լավ հաշվարկ արել էին… այսինքն՝ Բաղրամյանը փակելը եւ մյուս քայլերը, էդ բոլորը քաղաքացիների զինանոցում է, եւ նրանք պետք է որոշեն՝ որ զինատեսակից պետք է օգտվեն։



- Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էր ժամանակին հացադուլի միջոցով իր պահանջները փորձում բարձրաձայնել։ Կարո՞ղ ենք զուգահեռ անցկացնել քո եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ այս հարցում։



- Ես էստեղ կուսակցություն չեմ ներկայացնում, գաղափարական որեւէ տարաձայնություն չունեմ, մեր մեջ որեւէ խնդիր չկա, բայց որեւէ զուգահեռ չեմ ուզում անցկացնել, էլի ժողովրդին վերաբերող տարբեր ակցիաներ էին, ես իմ քայլերով եղել եմ իր կողքին ժամանակին ու սատարել եմ իր որոշումներին։ Բայց եթե դիտարկում ենք որպես երկու հացադուլ, ապա երկուսն էլ հացադուլ են ու նման են։ Ինքը երկու անգամ է դիմել հացադուլի, ես էլ եմ երկու անգամ դիմել, սա երկրորդ անգամն է, եւ հուսով եմ, որ այլեւս նման խնդիր ոչ միայն ես չեմ ունենա, այլ նաեւ որեւիցե քաղաքացի նման խնդիր չի ունենա…