Կադրային ջարդ անելու խնդիր չի դրել իր առջեվ, բայց ազատումներ եղել են

Կադրային ջարդ անելու խնդիր չի դրել իր առջեվ, բայց ազատումներ եղել են

Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանն արդեն երրորդ շաբաթն է, ինչ զբաղեցնում է Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքի ղեկավարի աթոռը։ Նա դեռ ծանոթանում է քաղաքային կառավարման ոլորտին, փորձում է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, ինչից պետք է սկսել, ինչ անել։



«Շատ բաներից տեղեկացված էի, գիտեի, բայց արդեն խորապես ուզում եմ հասկանալ, որովհետեւ բավականին բարդ ոլորտ է, կան մոտավորապես 18 ՀՈԱԿ-ներ (համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ), հանդիպել եմ բոլորի հետ, ծանոթանում եմ բոլորի շենքային պայմաններին, խնդիրներին։ Հետո էն, որ ասում էինք քարոզարշավի շրջանակներում, որ սա մի օրվա, մի ամսվա կամ մի տարվա խնդիր չէ, հետո չես կարող առաջնահերթություն տալ այս կամ այն խնդրին, որից կարելի է սկսել»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետը՝ նշելով, որ արդեն նախաձեռնել է գործընթացներ։ Փորձում են աշխատանք տանել նաեւ համատիրությունների հետ կապված, դրանք խոշորացման նպատակ ունեն․ «Որովհետեւ մեր քաղաքում կա 33 համատիրություն, որը չգիտես, թե ինչով են զբաղվում»։ Նաեւ մշակութային նախաձեռնություններ են իրականացրել։



-Ես որքան հիշում եմ՝ Դուք խոսում էիք սոցիալական խնդիրներից, Աբովյանն աբովյանցիների համար ավելի լավը դարձնելուց։ Այդ ուղղությամբ որեւէ քայլ կատարո՞ւմ եք, Ձեր նախընտրական ծրագրի խնդիրներից ո՞րն է առաջնային։



- Ես արդեն ասացի՝ բոլորն էլ առաջնային են։ Հիմա տեսեք, մեր քաղաքում, օրինակ, խնդիր կա՝ մոտավորապես 2 հազար հերթագրված երեխա, որոնց ծնողները ցանկություն ունեն երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու։ Ու, մեծ հաշվով, ես ասել եմ, էլի եմ ասում՝ էդ բակը բարեկարգ է, թե ոչ, սոցիալական խնդիր ունի, թե չունի, էդ ծնողի աչքին ոչ մի բան չի երեւում, քանի դեռ ինքը չի կարողանում իր երեխային մանկապարտեզ տեղավորել։ Քաղաքացիների համար արդեն երկու մեծ ընդունելություն եմ իրականացրել, չնայած նրան, որ ամեն օր դուրս եմ գալիս փողոց, շփվում եմ քաղաքացիների հետ։ Լուրջ խնդիր ունի Աբովյանի բնակֆոնդը, մենք ունենք շուրջ 262 բազմաբնակարան շենք, որոնցում, եթե հետեւողական աշխատանքի արդյունքում ժամանակին էդ տանիքները, նկուղային հարկերում էդ ջրահեռացման համակարգի խնդիրները չլուծենք, վաղը, մյուս օրը, եթե էսօր Աբովյանում կա 3-4 վթարային շենք, մի տասը տարի հետո ամբողջ քաղաքում ունենալու ենք լուրջ խնդիր։



- Նախորդ քաղաքապետը շա՞տ խնդիրներ է Ձեզ թողել լուծելու։



- Ես, ինչպես քարոզարշավի ժամանակ, էնպես էլ հիմա իմ առջեւ խնդիր չեմ դրել ինչ-որ մեկին քննադատելու, այդ թվում՝ նախորդ քաղաքապետերին։ Բոլորն էլ ունեցել են իրենց ուրույն ձեռագիրը, բոլորն էլ լավ աշխատել են, ես չեմ խոսում թերությունների մասին, ես եկել եմ աշխատելու։ Փառք Աստծո, նախկին քաղաքապետի հետ, ով այսօր մարզպետ է, ինչո՞ւ չէ, նաեւ մարզային իշխանությունների հետ լավ համագործակցելու արդյունքում լավ ծրագրեր կիրականացնենք։ Մարզխորհրդի նիստին մասնակցել եմ, օրինակ, Աբովյան քաղաքի հետ կապված՝ ինչ-որ խնդիրներ արդեն ներկայացրել եմ։



- Կադրային փոփոխություններ, նոր նշանակումներ կամ ազատումներ արդեն արե՞լ եք։



- Քանի որ ես իմ առաջ չեմ դրել կադրային ջարդ անելու խնդիր, բայց ասել եմ ու էլի եմ ասում, որ ինձ հետ պետք է աշխատեն բացառապես բանիմաց եւ գրագետ մարդիկ։ Հիմա, օրինակ, հասարակայնության հետ կապերի ու միջազգային կառույցների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետի կարիք ունեմ ու ուզում եմ, որ լինեն աբովյանցիներ։ Առաջիկայում նախատեսում եմ նաեւ կառուցվածքային փոփոխություններ, բայց մարդիկ եղել են, որ ազատվել են արդեն, պայմանագրային աշխատողներ են եղել, որ կարծում եմ՝ նրանց տեղը ես վաղը կունենամ ավելի խելացի աշխատողներ։



- Աշխատակիցները նախո՞րդ քաղաքապետի կադրերն են, թե՞ ավելի հնուց մնացածներ։



- Իրականում Կարապետ Գուլոյանն ու Կարո Իսրայելյանը, մեծ հաշվով, կադրերի ձեռք չեն տվել, այսինքն՝ իմ մարդը, իմ մտերիմը, որպես էդպիսին, չկա էս շենքում։ Այ, հիմա իմ առջեւ նստած է Լերմոնտ Մանուկիչը, ով 1957 թվականից աշխատում է էս քաղաքում, մարդ, ով ծնված օրվանից տիրապետում է ամբողջ քաղաքին։ Հիմա, օրինակ, քննարկում ենք անում, դիտահորերի հետ կապված, ու ինքն անգիր գիտի, թե որ դիտահորով ինչ է անցնում, ինչ կոմունիկացիա կա։ Այսինքն՝ էս առումով ես կադրային խնդիր չունեմ, հիմա ես ո՞նց կարող եմ ասել՝ Մանուկիչը եղել է Գուլոյա՞ն Կարոյի մարդը, Իսրայելյա՞ն Կարոյի մարդը, թե՞ Ավագյանի կամ Ոսկերչյանի մարդը։ Ես հիմա Մանուկիչին պիտի էնպես պահեմ-փայփայեմ, որ ինձանից հետո ով որ լինի քաղաքապետ, էլի Մանուկիչը մնա աշխատի։



- Քաղաքապետի թեկնածուների հետ որեւէ շփում եղե՞լ է ընտրություններից հետո, համագործակցության առաջարկ, հանդիպում։



- Ոչ, չի եղել։ Միայն Արթուր Հարությունյանը շնորհավորել է ինձ լրատվամիջոցներով, այդքանը։



- Իսկ հնարավո՞ր է նրանց եւս ներգրավել քաղաքային կառավարման գործին, ի վերջո, նրանք բոլորն էլ դրան էին հավակնում, միգուցե պաշտոն առաջարկեք, փորձեք միասին կառավարել քաղաքը։



- Ես որեւէ մեկից նման առաջարկ չեմ ստացել, իսկ համագործակցության համար իմ դռները, քաղաքապետարանի դռները բաց են բոլորի առջեւ, եթե մարդիկ կլինեն, որ հանդես կգան լավ առաջարկություններով, քաղաքում ինչ-որ խնդիրներ լուծելու առաջարկություններով, ինչո՞ւ չէ, պատրաստ եմ քննարկել ու համագործակցել բոլորի հետ անխտիր։ Էս քաղաքում ինձ համար յուրայիններ եւ թշնամիներ չկան, ես քաղաքապետն եմ ամբողջ քաղաքի։ Ու հիմա նայել, թե ընտրարշավի ժամանակ ով է դեմ եղել, ով է կողմ եղել, ով որ թիմից է եղել, սխալ եմ համարում։



- Առաջիկայում ի՞նչ նոր, արմատական քայլ եք նախատեսում, որ աբովյանցին տեսնի ու հասկանա, որ ինքը նոր քաղաքապետ ունի։



- Ծրագրեր շատ կան, որ էտապ-էտապ փորձում ենք կանոնակարգել, հիմա աշխատում ենք մեծ քաղաքային պուրակի նախագծի վրա, եւ հուրախություն ինձ եւ քաղաքացիների ասեմ, որ սա համայնքի բյուջեի միջոցների հաշվին չի լինելու, սա լրիվ մասնավոր անձանց սրտացավ վերաբերմունքի, ներդրումների արդյունքում է լինելու, ու մինչեւ տարեվերջ մենք էդ պուրակը կունենանք։ Առաջիկա օրերին բոլոր քաղաքային այգիներում, զբոսայգիներում կունենանք անվճար wi-fi քաղաքացիների համար։ Մշակութային լավ ծրագրեր ունենք՝ սպարտակիադաներ, համահայկական խաղերի ջահակիրն է եկել, ընդունել ենք Աբովյանում…