Համայնքների խոշորացման բուն գործընթաց դեռ չի սկսվել, առայժմ օրենքներն են մշակում

Համայնքների խոշորացման բուն գործընթաց դեռ չի սկսվել, առայժմ օրենքներն են մշակում

Համայնքների խոշորացման հանրաքվեից հետո դեռ ոչինչ չի արվել, առայժմ օրենսդրական փոփոխություններն են արվում։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթն է մշակում, որը մինչեւ օգոստոսի 1-ը պետք է ներկայացնեն կառավարությանը։ Կառավարությունն էլ իր հերթին արդեն աշնանային նստաշրջանում դա կներկայացնի խորհրդարանի քննարկմանը, որպեսզի Ազգային ժողովը հաստատի։ Ապա կնշանակվի համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրության օր, որը, ակնկալում են, կլինի մինչեւ դեկտեմբերի 1-ը։



Այս ամենը մեզ փոխանցեց ՏԿԱԻ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին համայնքների խոշորացման հանրաքվե տեղի ունեցավ ՀՀ երեք մարզերում՝ Սյունիք, Լոռի, Տավուշ։ Դրանցից միայն Սյունիքի մարզի խոշորացման ենթակա համայնքներում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է եղել խոշորացմանը, մյուս մարզերում համամասնությունը տարբեր է եղել․ որոշ համայնքներում մեծ մասով կողմ են եղել, որոշներում էլ, հակառակը՝ դեմ։ Միավորման ենթակա է Լոռու եւ Տավուշի մարզերում 7-ական, իսկ Սյունիքում՝ 8 համայնք։



Պարոն Գիլոյանը նշեց, որ նախատեսվում է անցկացնել խոշորացվող համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ նորընտիր համայնքապետարանի ավագանու անդամների ընտրություն։ Հարցին, թե գյուղապետերի ճակատագիրն ինչ է լինելու, Աշոտ Գիլոյանն ասաց, որ այդուհետ լինելու է ներկայացուցիչ-գյուղապետ․ «Տարբերությունն այն կլինի, որ եթե մինչեւ հիմա համայնքի ղեկավարն (գյուղապետը) ընտրովի էր, հիմա ընտրովի չի լինելու, դա լինելու է հայեցողական պաշտոն՝ նշանակված համայնքի ղեկավարի կողմից, բայց անպայման տվյալ բնակավայրի բնակիչ պետք է լինի»։



Իսկ ի՞նչ սկզբունքով են նշանակվելու գյուղապետ-ներկայացուցիչները, հնարավո՞ր է, որ այսօրվա գյուղապետերը նշանակվեն, ՏԿԱԻՆ պաշտոնյան ասաց․ «Հնարավոր է՝ փոխվեն, հնարավոր է՝ մնան։ Միայն համայնքի ղեկավարը չի որոշում, դա համայնքն է որոշելու, համայնքի ղեկավարը՝ տվյալ համայնքի բնակիչների հետ։ Եթե գործող գյուղապետն իրենց համայնքում հարգանք է վայելում, լավ աշխատում է, բնական է, որ իրեն կնշանակեն նորից»։



Աշոտ Գիլոյանը նշեց, որ համայնքապետարանում յուրաքանչյուր համայնք 2 ներկայացուցիչ է ունենալու, ովքեր բարձրացնելու են իրենց համայնքների ձայնն այնտեղ, մեկը կլինի գյուղապետ-ներկայացուցչի տեսքով, մյուսը՝ ավագանու անդամի, քանզի յուրաքանչյուր գյուղից ավագանու մեկական անդամ է ընտրվելու։ Գյուղապետ-ներկայացուցիչը թեպետ հայեցողական, նշանակովի պաշտոն է լինելու, բայց վարձատրվելու է, աշխատավարձ է ստանալու։



Այս թեմայով զրուցեցինք նաեւ մի քանի գյուղապետերի հետ՝ տարբեր մարզերից։
Լոռու մարզի Շամուտ համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանն ասաց, որ խոսակցություններ կան, որ պետք է սկսեն ճանապարհների նորոգման, ճանապարհաշինության աշխատանքները, որոնք կապվում են հենց համայնքների խոշորացման գործընթացի հետ։ Նա դժվարացավ ասել՝ ինքը կշարունակի՞ մնալ իր պաշտոնին՝ գյուղապետ-ներկայացուցչի կարգավիճակում, թե՞ ոչ․ «Ես նման թեմայով դեռ գյուղում ոչ մի բան չեմ խոսացել, կարող ա գյուղում մեկն ինձանից ավելի հարգանք վայելող անձնավորություն լինի, նա աշխատի, դա էդքան էական չի, որ պետք ա պարտադիր ես աշխատեմ»։ Դիտարկմանը, թե իրենց համայնքի բնակիչների մեծ մասը հանրաքվեով դեմ է արտահայտվել համայնքների խոշորացմանը, պարոն Վանյանն ասաց․ «Ես էդ ժամանակ նոր էի օպերացիա եղել ու, կարելի ա ասել, չեմ խառնվել էդ հարցերին ու չգիտեմ ոնց ա արվել, ինչ ա արվել, ու ինչ պատճառով ա «ոչ»-երը շատ եղել»։ Իսկ ինքը կո՞ղմ է խոշորացմանը, գյուղապետն ասաց․ «Դե, կողմ եմ նրանով, որ մեր փոքր համայնքներում, ընդհանրապես, մեզանով չենք կարում գյուղում ոչ մի աշխատանք կատարենք՝ ո՛չ ճանապարհաշինություն, ո՛չ, ասենք, ջրերի վերանորոգում։ Եթե իրենց ասածներն ի կատար ածվեն, ասենք՝ ճանապարհները վերանորոգեն, ջրագծերը վերանորոգեն, 100 տոկոսով լավ բան ա, վատ բան չի»։



Սյունիքի մարզի ամենախոշոր՝ Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանն էլ ասաց, որ դեռ որեւէ գործընթաց չի սկսվել իրենց մոտ։ Այս համայնքում բնակչության մեծ մասը՝ 1000-ից ավելի մարդ, կողմ է արտահայտվել խոշորացմանը, միայն մոտ 20 հոգի է դեմ եղել։ Խոշորանալով՝ Սյունիքի մարզի 8 համայնքները միավորվելու են մեկ ընդհանուր՝ Տաթեւ համայնքի մեջ, իսկ կենտրոնն էլ լինելու է հենց Շինուհայրը։ Իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ պարոն Երեմյանը եւս դժվարացավ որեւէ բան ասել, սակայն չբացառեց, որ հնարավոր է ինքն առաջադրի իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ի դեպ, խոշորացված համայնքների ղեկավարի պաշտոնն ընտրովի է լինելու։ Իսկ թե ով կնշանակվի գյուղապետ-ներկայացուցիչ, ցույց կտա ժամանակը։ Հարցին, թե ի՞նչ է կարծում, համայնքը կցանկանա՞, որ ինքը դառնա ղեկավար կամ համայնքում իր ներկայացուցիչը, պարոն Երեմյանն ասաց․ «Դե, չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, իմ կարծիքով՝ 2005 թվականից եթե բնակիչները վստահում են ինձ, կարծում եմ՝ նույն ձեւ էլ կշարունակվի»։



Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավարն էլ դժվարացավ ասել, թե ինչ իրավիճակում կհայտնվի ինքը, երբ սկսվի խոշորացման գործընթացը։ Այս համայնքը եւս կողմ է արտահայտվել խոշորացմանը։ Նա նաեւ նշեց, որ որեւէ աշխատանք այս ուղղությամբ իրենց համայնքում դեռ չի սկսվել։ Իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում կառաջադրի՞ իր թեկնածությունը, ասաց, որ ոչ, իսկ, ահա, գյուղապետ-ներկայացուցչի հարցում դժվարացավ հստակ պատասխանել՝ կախված է իրավիճակից։ Ամեն դեպքում, վստահեցրեց, որ հարգանք վայելելու հարցում «ինքը բնակիչների հետ խնդիր չունի»։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ