«Քարֆուրում» ինչ-որ բան «ներկա պահին» այն չէ

«Քարֆուրում» ինչ-որ բան «ներկա պահին» այն չէ

Եվրոպական ընկերությունները Հայաստանում դմոկրատիայի, թափանցիկության ու «Public relations»-ի աննախադեպ դրսեւորումներով են աչքի ընկնում: Օրինակ՝ հանրահայտ «Քարֆուրը», որը ֆրանսիական սուպերմարկետների ցանց է, կառավարվում է Դուբայից, իր առաջին խանութն այս տարի բացեց Հայաստանում: Այն տեղակայված է «Երեւան մոլի» տարածքում: Այցելելով սուպերմարկետ՝ պարզեցինք, որ հանրահայտ «Քարֆուրը» ո՛չ հանրային կապերի պատասխանատու ունի, ո՛չ հեռախոսահամար, որով կարող ենք զանգահարել, ո՛չ էլ, առհասարակ, որեւէ մեկը, ով կկարողանա լրագրողների հարցերին պատասխանել:



Իսկ գնացել էինք «Քարֆուր»՝ ծանոթանալու այնտեղի անցուդարձին, հաճախորդների շարժին, թե ինչ ծավալի առեւտուր է ընթանում, ինչպես է վիճակը նորաբաց այդ սուպերմարկետում, ինչպես նաեւ մի քանի հարցերի վերաբերյալ ստանալու պարզաբանում: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ «Քարֆուրի» գործերը լավ չեն, առեւտուրն այն ծավալով չի իրականանում, ինչ որ սպասելի էր նման մասշտաբի սուպերմարկետից, եւ ինչ որ ակնկալում էին սեփականատերերը։ Մատակարարներն էլ առանձնապես գոհ չեն, քանի որ իրենց ապրանքը լավ չի վաճառվում, քաղաքի այլ սուպերմարկետներում առեւտուրն անհամեմատ ավելի լավ է: Իսկապես՝ հաճախորդների շարժը բավականին քիչ էր, խանութի տարածքում անցուդարձ անողները հիմնականում «Քարֆուրի» աշխատողներն էին, դրամարկղերի մոտ էլ դատարկություն էր, եւ սա այն դեպքում, երբ ժամանակին թմբկահարում էին, որ այս սուպերմարկետի մուտքը Հայաստան գրեթե դեմոկրատիայի, ազատ շուկայական հարաբերությունների հաղթանակ է նշանակելու։ Գներն իջնելու են, թանկաբազար խանութները փակվելու են, մարդիկ որակյալ եւ էժան ապրանք գնելու հնարավորություն են ստանալու։



Ընկերության առեւտրի ծավալների, իրենց ակնկալիքների արդարացման, տնտեսական վիճակի, հայաստանյան շուկայի ու մատակարարների հետ համագործակցությանն առնչվող որոշ հարցերի պատասխանը մեզ երեկ «Քարֆուրից» այդպես էլ չհաջողվեց ստանալ: Խանութի աշխատակիցները մեզ նախ չթույլատրեցին նկարահանում կատարել, հետո ուղղորդեցին իրենց գրասենյակ, որպեսզի մարկետինգի գծով ղեկավարը մեր հարցերին պատասխանի: Սակայն գրասենյակի ընդունարանում մեզ դիմավորեց անվտանգության աշխատակիցը, փնտրեց ինչ-որ աղջկա հեռախոսահամար, ով, ըստ նրա, այդ հարցերով է զբաղվում, զանգահարեց, պարզվեց՝ տեղում չէ: Ապա դուրս եկավ մի աղջիկ՝ Անահիտ Գրիգորյանը, ով ներկայացավ որպես կադրերի բաժնի պատասխանատու եւ ասաց, որ տվյալ պահին իրենք չեն կարող մեր հարցերին պատասխանել: Իսկ հանրային կապերի պատասխանատու կամ որեւէ կոմպետենտ անձ այդ պահին չունեին: Տվյալ պահին տեղում չէր նաեւ մարկետինգի բաժնի ղեկավարը, փոխարինող կամ տեղակալ էլ «ներկա պահին» չունեին: Ինչ-որ մեկը փորձեց այցեքարտ գտնել, որտեղ գրված կլինեին իրենց կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, սակայն պարզվեց՝ դա էլ «ներկա պահին» չունեն: Լավ, գոնե հեռախոսահամար տվեք, որ որեւէ մեկի հետ կապվենք, խոսենք․ ոչ, «ներկա պահին» չեն կարող՝ «Քարֆուրը» հեռախոսահամար էլ չունի, որով կարող են ցանկացողները զանգահարել, անվտանգության աշխատակցի տրամադրության տակ գտնվող հեռախոսը միայն ներքին համարներով է աշխատում: Հարցրինք՝ խանութի տնօրենն ո՞վ է, չե՞նք կարող հետը զրուցել։ Վաչե Արսենյանն է, բայց նա էլ «ներկա պահին» տեղում չէ։ Թեեւ եթե տեղում էլ լիներ, հատուկ արարողակարգ պետք է պահպանեինք՝ գլխավոր խմբագրի դիմում եւ այլն: Վերջում մի թղթի կտորի վրա գրեց իրենց էլեկտրոնային հասցեն, որ հարցերն ուղարկենք իրենց: Այս ամենից միանգամայն հասկանալի դարձավ, թե ինչու «Քարֆուրի» գործերը լավ չեն։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ