Վարորդներն անվճար իրավաբանական օգնություն կստանան

Վարորդներն անվճար իրավաբանական օգնություն կստանան

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամի» ֆինանսավորմամբ նոր ծրագիր է մեկնարկել՝ անվճար իրավաբանական օգնություն վարորդներին։
«Մենք ունենք չորս փաստաբան, հիմնական աշխատանքը նրանք են անելու, մենք միայն ղեկավարելու ենք, առաջարկելու ենք կոնցեպտուալ լուծումներ, ղեկավարելու ենք նաև հանրային իրազեկումը, եթե հարկ լինի, կդիմենք նաև Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան կամ էլ, ես կասեի նաև՝ Վճռաբեկ դատարան, որպեսզի կոնցեպտուալ լուծումներ տրվեն»,-ասաց ծրագրի իրականացնողներից փաստաբան Արա Ղազարյանը։



Hraparak.am-ի հարցին՝ ո՞ր դեպքերում կարող են դիմել իրենց, արդյոք բոլոր վարորդները ցանկացած դեպքում, երբ կհամարեն, որ իրենց իրավունքները խախտվել են, կարո՞ղ են դիմել իրենց օգնությանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց․ «Մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն, տարեկան մոտավորապես 1.5 միլիոն վարչական տուգանքի որոշում է կայացվում։ Մենք ստեղծելու ենք իրավական պաշտպանության մեխանիզմներ, որպեսզի անձինք, ովքեր որ կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարողանան ինքնուրույն իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը։ Մենք, բնականաբար, բոլոր գործերը չենք կարող վերցնել, մենք վերցնելու ենք որոշակի խումբ գործեր, որոնք դառնալու են այն բացողը, այն հունը, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան առանց մեր միջամտության պաշտպանել իրենց իրավունքները»։



Արա Ղազարյանն էլ ասաց, որ թեպետ իրենք բոլոր գործերը չեն կարող վերցնել, բայց տեխնիկական օգնություն կարող են ցուցաբերել բոլորին․ «Մեզ կարող են զանգել և մենք խորհրդատվություն կտանք, մենք կարող ենք ձևաթուղթ ուղարկել, մենք կարող ենք նրանց ուղղորդել, թե հայցը ինչպես ներկայացնել, այսինքն՝ այն, ինչ մենք անում էինք վերջին երեք տարվա ընթացքում մի կերպ, ռեսուրսների բացակայության պայմաններում առանձին գործերի հիման վրա, հիմա մենք ամբողջը հավաքել ենք, ստեղծել ենք համակարգ, որովհետև ռեսուրս ունենք, և դա հանրությանը տալիս ենք»։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ ծրագիրը գործելու է մեկ տարի ժամկետով, սակայն, եթե հաջողությամբ իրականացվի այն, և արդյունքները գոհացնեն, հնարավոր է՝ երկարաձգեն վարորդներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրենց այս ծրագիրը։



Բանախոսները նշեցին, որ այս նպատակով ստեղծված է նաև կայք՝ varordtuganq.am, ինչպես նաև Ֆեյսբուքում էջ ունեն՝ «Իրավաբանական օգնություն վարորդներին» անունով, որոնց միջոցով վարորդները կարող են կապ հաստատել իրենց հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ