Վարորդներին տուգանելը բյուջեն լցնելու միջոց չպետք է լինի

Վարորդներին տուգանելը բյուջեն լցնելու միջոց չպետք է լինի

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ֆինանսավորում է ստացել եւ մեկ տարի ժամկետով ակտիվորեն զբաղվելու է վարորդների իրավունքների պաշտպանությամբ։ Իհարկե, բոլորի գործերով ֆիզիկապես չեն հասցնի զբաղվել, սակայն բոլորը կարող են դիմել իրենց՝ առնվազն տեխնիկական օգնություն ստանալու նպատակով։ Դրա համար չորս փաստաբան է աշխատում կազմակերպությունում, ովքեր կօգնեն վարորդներին հարկ եկած դեպքում դիմել դատարան, ապահովել ներկայացուցչություն դատարանում, մի խոսքով՝ օգնել վարորդներին իրավաբանական բոլոր հարցերով, եթե խախտվեն վարորդների իրավունքները։



Իսկ նման դեպքեր Հայաստանում հաճախակի են լինում։ Չկա վարորդ, որ բողոք-դժգոհություն չունենա մեր ճանապարհային ոստիկանությունից, լուսաֆորների վատ աշխատանքից, ճանապարհային նշանների կիսատ-պռատ, ոչ տեսանելի ու սխալ տեղադրումներից, որոնք տուգանքների պատճառ են դառնում, դե իսկ արագաչափերի ու տեսախցիկների մասին էլ չասենք։ Դրանք պարզապես պատուհաս են դարձել վարորդների համար, քանզի գրեթե բոլորը պնդում են, որ դրանք ոչ թե անվտանգության ապահովման ու երթեւեկությունը կանոնակարգելու, այլ բացառապես վարորդներից ամեն առիթով «փող պոկելու» նպատակ են հետապնդում։ Թվում է՝ գլխավոր նպատակը բյուջեն լցնելն է, բայց այդ տուգանքների միայն մի չնչին մասը՝ 30 տոկոսն է ուղղվում պետական բյուջե, մյուս՝ ահռելի բաժինը գնում է մասնավորի գրպանը, իսկ այդ մասնավորն էլ, ինչպես պնդում են շատերը, բոլորովին էլ պատահական ու անհայտ մարդիկ չեն։ «Չար լեզուները» Սաշիկ Սարգսյանի անունն են շոշափում, ով, ըստ ժողովրդական ավանդույթների, 50 տոկոսով «փայ» է մտած ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես գործարար քաղաքացիների գրպանում։ Առհասարակ, շատ վարորդների կարծիքով, Հայաստանում ՃՈ-ի կողմից ամեն մի «բարեփոխում» արվում է ոչ թե ի շահ վարորդի եւ անվտանգ երթեւեկության, ինչպես շատ ժողովրդավար ու զարգացած երկրներում է, այլ միմիայն վարորդների համար ծուղակներ ստեղծելով տուգանելու նպատակով։



Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով այս ծրագիրն իրականացնողներից է, ըստ այդմ՝ վարորդների իրավունքները պաշտպանող գործող անձանցից մեկը, կարծում է, որ վարորդներին նախ չպետք է ամեն առիթով տուգանել, մյուս կողմից էլ պնդում է, որ այս տուգանքները բյուջեն լցնելու միջոց չպետք է լինեն։ Ըստ նրա՝ վարչական իրավախախտումները չպետք է հարկատեսակ դառնան պետության համար, եւ դրանցից գոյացած գումարները պետք է ուղղվեն բացառապես այդ ոլորտի բարելավմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ոչ թե բյուջեն լցնելու հիմնական միջոց համարվեն։



Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Հայաստանում փորձում այդքան շատ զբաղվել վարորդների իրավունքների պաշտպանությամբ, մի՞թե դրանք այդքան շատ են խախտվում, եւ դա ինչի՞ արդյունք է, արդյոք Ճանապարհային ոստիկանության վատ աշխատանքի՞, թե՞ այլ պատճառներ կան։ Պարոն Զեյնալյանը նախ ասաց, որ վարչական պատիժը պիտի լինի բացառություն, ոչ թե օրինաչափություն, մինչդեռ մեզանում լրիվ հակառակն է։



«Վարչական պատասխանատվության ենթարկելը ֆինանսական էֆեկտ պիտի չհետապնդի, բյուջեն լցնելու միջոց ոչ թե պիտի ուղղակի չլինի, այլ պիտի բացառվի դա։ Բյուջեն երբ որ ձեւավորվում է, պիտի չհաշվարկվեն տույժերն ու տուգանքները, սա արդյունավետ պետական կառավարման ալգորիթմն է»,-ասաց նա՝ նշելով, որ եթե այլ կերպ է, այնպես, ինչպես հիմա, ապա դա արդեն կոռուպցիա է։



Հարցին, թե ինչով է պայմանավորված այս ամենը, իրավապաշտպանն ասաց՝ պետականության ընկալման բացակայությամբ, երբ մարդուն վերաբերում են որպես օբյեկտի, որից պիտի տուգանք կորզես։ Այնինչ, ըստ նրա, պետք է այնպես արվի, որ մարդիկ ստիպված չլինեն խախտում կատարել եւ չընկնեն այդ ծուղակը․ «Սրանք մեծապես ծուղակներ են լարված։ Ճանապարհային ոստիկանությունը երբ բացահայտում է, որ նույն վարքագիծը, չասենք՝ խախտումը, դրսեւորեց մեկը, երկուսը, չորսը, տասը, նշանակում է՝ այստեղ կա համակարգային խնդիր, որ 10 հոգին 15-20 րոպեի ընթացքում նույն բանն անում են, քանզի այդ բոլորը չարամիտներ չեն, հանցագործներ, հակահասարակական էակներ չեն, նրանք պատահաբար են այդ ծուղակի մեջ ընկել»։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ