Թուրքիայի խճճված իրադրությունը

Թուրքիայի խճճված իրադրությունը

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից անցել է ավելի քան մեկ ամիս, եւ այդ մեկ ամսում ամեն ինչ ավելի է խճճվել երկրում` ե՛ւ ներքաղաքական առումով, ե՛ւ արտաքին քաղաքական:



Մինչեւ անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը նոր կառավարության կազմելու մանդատ չէր տալիս վարչապետ Դավութօղլուին: Թուրքական մամուլում անգամ ասեկոսներ էին հայտնվել, թե Էրդողանը եւ Դավութօղլուն միմյանց պատերազմ են հայտարարել: Էրդողանը միտումնավոր արգելափակում է նոր կառավարության կազմավորումը, որպեսզի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն եւ AK-ից այլ անձի է հանձնարարելու կառավարություն կազմել: Ասվում էր, իբր Դավութօղլուն էլ իր հերթին ընդհանուր լեզու է գտել ազգայնականների հետ եւ հույս ունի Դեվլեթ Բահչելիի (MHP-ի) հետ կոալիցիոն կառավարություն կազմավորելով չեզոքացնելով Էրդողանին:
Կա՞ր արդյոք ճշմարտություն այդ ասոկոսներում` դժվար է ասել, բայց Դավութօղլուին կառավարություն կազմելու մանդատ տալն էլ առանձնապես չի երաշխավորում կառավարության կազմավորումը սահմանված 45-օրյա ժամկետում: Երեկ եւ նախորդած երկու օրերին վարչապետ Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր բոլոր երեք կուսակցությունների հետ, ինչից հասկանալի է դարձել, որ MHP-ն եւ HDP-ին, այսինքն ընտրություններում երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցրած կուսակցություները չեն ցանկանում մաս կազմել կոալիցիոն կառավարությանը եւ առաջարկում են, որ կառավարությունը կազմավորվի AK-ի եւ CHP-ի միջեւ: Բայց CHP-ն հիմնական ընդդիմադիր կուսակցություն է, CHP-ի եւ Էրդողանի AK-ի միջեւ պատերազմները վերջ չունեն եւ CHP-ի առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն էլ հայտարարում է, թե եթե նույնիսկ CHP-AK կոալիցիա ձեւավորվի, ինքը կառավարական պորտֆել չի վերցնի:
Իսկ եթե կոալիցիոն կառավարություն չկազմվի, երկրում կայանալու են նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն Էրդողանի ճակատագիրը մեկընդմիշտ:



Արտաքին քաղաքական առումով ամեն ինչ ավելի ու ավելի վատ է դասավորվում Թուրքիայի համար: Քրդական շարժումները օղակի մեջ են առնում Թուրքիայի հարավ-արեւելքը: Հունիսի կեսերին Սիրիայի հյուսիսում քրդական YPG-ն գրավեց Tell Abyad բնակավայրը, որը Թուրքիայի եւ Սիրիայում գտնվող պրո-թուրքական խմբավորումների, հնարավոր է հենց ISIS-ի միջեւ հաղորդակցության հիմնական ճանապարհն էր: Ինչ խոսք Թուրքիայում հերքել եւ հերքում են, թե իրենք ISIS-ի հետ կապ ունեն կամ ISIS-ին սատարում են, բայց Tell Abyad-ի անկումից հետո Էրդողանը երկրի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել եւ հասել էր Սիրիա ներխուժելու հարցեր քննարկելուն:
Ի պատասխան Սիրիայից քրդական YPG-ն հայտարարեց, որ “իրենք կպատերազմեն ցանկացած ուժի դեմ, որը կփորձի մտնել Ռոջավա”` սիրիական Քուրդիստան: YPG քրդերեն հապավում է, որը ամբողջությամբ թարգմանվում է` Ժողովրդի պաշտպանության միավորներ: YPG-ն ոչ Թուրքիայի քրդերի PKK-ն է, ոչ էլ իրաքյան Քուրդիստանի փեշմարգան, այլ սիրիական քրդերի մարտական կառույցը: Ասում են, որ YPG-ում քրդական ամենամարտունակ եւ հարվածային ջոկատներն են, եւ Քոբանին էլ իրականում ազատագրել է YPG-ն, թեեւ միջազգային լրատվամիջոցները ազատագրումը վերագրում էին իրաքյան քրդերի փեշմարգային: Ահա այս YPG-ն եւ դրա քաղաքական թեւը հանդիսցող PYD-ն վերահսկում են մի քանի հարյուր բնակավայրեր Սիրայի հյուսիս Արեւելքում, որն իրենք կոչում են Ռոջավա: Ամենաէականը YPG-ն այժմ վերահսկում է ոչ միայն Tell Abyad քաղաքը, այլեւ նույնանուն ամբողջ մարզը, որը սահմանակից է Al-Raqqah մարզին, որտեղ ISIS-ի կենտրոնակականն ու մայրաքաղաքն է` Raqqah քաղաքը: Այժմ քրդական YPG-ն առաջանում է դեպի Ռաքքա` գրավելով բնակավայրեր, եւ բնական է, որ միջազգային կոալիցիան Թուրքիային երբեք թույլ չի տա YPG-ի դեմ ճակատ բացել: Բայց ավելի էական է այն, որ YPG-ից բացեիբաց հայտարարում են, որ եթե Թուրքիան ներխուժի սիրիական Քուրդիստանի տարածք, այդ դեպքում Թուրքիայի քրդական բնակավայրերը կապստամբեն պետության դեմ:



Կարծես արձագանքելով YPG-ին Թուրքիայի ներսում PKK-ն էլ օրեր առաջ գրավոր հայտարարեց, որ Թուրքիայի իշխանության հետ հաստատված զինադադարը վերջացած է: PKK- միավորները պատերազմ են հայտարարում ամենքին, ովքեր Թուրքիայի հարավ-արեւելքում զինվորականների կեցության եւ տեղաշարժի համար ենթակառուցվածքային հարմարություններ են կառուցում: Հայտարարությունից հետո էլ արդեն եղել են պայթեցումներ, հարձակումներ եւ այլն: Այնպես որ իրոք, եթե Թուրքիան ներխուժի Սիրիա, չգիտես, թե Թուրքիայից ինչ կմնա:



Ահա բոլոր այս ներքին ու արտաքին խժդժությունների խորքին Էրդողանը մի պահի կարծես որոշեց իր պատկերացմամբ ձիով քայլ կատարել` ձեռնոց նետել այնպիսի ուժի, որի հետ հակադրությունը իրեն կարեւորություն եւ կշիռ կհաղորդեր: Այդ հակառակորդին Թուրքիայում գտել են ի դեմս Չինաստանի: Հուլիսի սկզբին (դժվար թե առանց իշխանությունների հավանության) մի խնդրագիր էր պտտվում թուրքական կայքերում, որում պատմվում էր, թե ինչպես են թուրք-ույգուրները ցեղասպանության ենթարկվում Չինաստանում:



Հասկանալիորեն, միջազգային հանրությանն ու ատյաններին կոչ էր արվում ընթացող ցեղասպանությունը կանխել: Ինչն էր այդ խնդրագրում ճշմարտություն, ինչը ոչ` հարց է, բայց պնդումը, թե անցած 7-8 տասնամյակում Չինաստանը արգելել է ույգուրներին սեփական այբուբեն ունենալ եւ ույգուրները հարկադրյալ չորս այբուբեն են փոխել, ֆանտաստիկա է թվում: Եթե թուրքերն իրենք, եվրոպական քաղաքակրթության օրրանում գտնվելով եւ ազդեցությունը կրելով, 7-8 դարում մի այբուբեն ստեղծել չեն կարողացել` կամ արաբատառ այբուբեն են գործածել կամ լատինատառ, իրենց ավելի հետամնաց ու տափաստաններից դուրս չեկած հայրենակիցները ինչպե՞ս են հաջողացնում մի քանի տասնամյակում մի քանի այբուբեն փոխել, որ դեռ չինացիներն էլ դրանց գործածումը արգելեն: Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացնելու գնով ազգայանական տրամադրություններ բորբոքելը, մեկնաբանների կարծիքով, Էրդողանի` նոր ընտրությունների պատրաստվելու եւ MHP-ի ձայները տանելու նախապատրաստություն է, որը սակայն Թուրքիայի համար կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան ընտրություներում Էրդողանի պարտությունը: