Բակո Սահակյանի ՄԱՍՆԱՎՈՐ այցը Լոնդոն

Բակո Սահակյանի ՄԱՍՆԱՎՈՐ այցը Լոնդոն

Անցյալ շաբաթ Հայաստանի ողջ իշխանական քարոզչամեքենան լծված էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Միացյալ Թագավորություն կատարած այցի լուսաբանման, ավելի ստույգ՝ այցն իբրեւ քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն տարփողելու գործին: Իրականում այն քաղաքական նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այցի ընթացքում բրիտանական շրջանակների հետ կայացած երկու հանդիպումն էլ եղել են մասնավոր՝ ե՛ւ Chatham House-ում, ե՛ւ Միացյալ Թագավորության խորհրդարանում: Բրիտանիայի կառավարությունն առնչություն չի ունեցել հանդիպումներից ոչ մեկի հետ:



Ինչո՞ւ Բակո Սահակյանի հանդիպումը չկար Chatham House-ի լուրերում



Բակո Սահակյանը դեռ Լոնդոն չմեկնած՝ Հայաստանում իշխանական քարոզչամեքենայի ուժերով արդեն լուրեր, ամբողջ վերլուծություններ էին շրջանառվում՝ իբր Սահակյանին հրավիրել են հուլիսի 8-ին Chatham House-ում ելույթ ունենալու, եւ չնայած Chatham House-ը կառավարական մարմին չէ, այդուհանդերձ, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կարգավիճակ ունի, հետեւաբար, այնտեղ ելույթ ունենալը համարյա ԼՂՀ-ի ad-hoc ճանաչում է Մեծ Բրիտանիայի կողմից:



Հուլիսի 8-ը եկավ, սակայն Chataham House-ի կայքում չհաղորդվեց ոչ մի լուր, անգամ tweet Բակո Սահակյանի ելույթի մասին: Բնականաբար, հարց էր ծագում` ինչո՞ւ: Ինչու-ի պատասխանը հնարավոր եղավ ստանալ Chatham House-ից, որտեղից պարզաբանեցին, որ՝ այո, պրն. Բակո Սահակյանի մասնակցությամբ միջոցառում եղել է, սակայն այն կազմակերպված էր Chatham House Rule-ի (Չաթթըմ հաուս կանոնի) ներքո, հետեւաբար, դրա մասին ոչինչ չի կարող հաղորդվել:



Chatham House Rule-ը ձեւակերպվել է մոտ հարյուր տարի առաջ: Անգլերեն այն հնչում է. «When a meeting, or part thereof, is held under the Chatham House Rule, participants are free to use the information received, but neither the identity nor the affiliation of the speaker(s), nor that of any other participant, may be revealed»: Թարգմանաբար` «Եթե հանդիպումը կամ դրա մի հատվածն անցնում է Chatham House Rule-ի ներքո, մասնակիցներն ազատ են օգտագործելու իրենց ստացած տեղեկությունները, բայց ոչ բանախոսի, ոչ որեւէ այլ մասնակցի ինքնությունը կամ առնչությունը (այս կամ այն կառույցին) չի կարող բացահայտվել»:



Ասել է թե՝ բանախոսը հանդես է գալիս լոկ որպես անհատ, որը կաշկանդված չէ պաշտոնական պարտավորություններով եւ կարող է ազատորեն խոսել։ Հանդիպման ոչ մի մասնակից չի կարող բացահայտել, որ բանախոսի հետ հանդիպման է եղել, ոչ էլ կարող է բանախոսի հայտնած տեղեկությունները հանրայնացնելիս դրանց աղբյուրը մատնանշել: Chatham House Rule-ի ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցում են Chatham House-ի անդամները, եւ կանոնը խախտելու դեպքում նրանք զրկվում են անդամակցությունից:



Միով բանիվ, Chatham House Rule-ի ներքո հրավիրվող բանախոսները հետաքրքիր են ՄԹ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամներին՝ կամ ուղիղ կերպով իրենցից տեղեկություններ ստանալու, կամ բանախոսի մտածողությունն ու հոգեկերտվածքը հասկանալու համար: Դա ոչ բանախոսի ճանաչում է, ոչ էլ, առավել եւս՝ նրա ներկայացրած կառույցի կամ ուժի ճանաչում:
Նման ենթատեքստ մեծ ցանկության դեպքում կարելի է վերագրել Chatham House-ի դահլիճում կազմակերպվող միջոցառումներին, երբ քաղաքական ֆիգուրներ, պետությունների ղեկավարներ հրավիրվում են ելույթ ունենալու, եւ միջոցառմանը ներկա քաղաքական, լրատվական, դիվանագիտական, տնտեսական շրջանակներն էլ այդ ելույթից հետեւություններ են անում, այն լուսաբանում եւ այլն: Նման դեպքերում գուցե ինչ-որ տեղ Chatham House-ում ելույթը կարող է մեկնաբանվել որպես տվյալ ֆիգուրի կամ նրա բարձրացրած հարցերի կարեւորության ցուցանիշ:



Պրն․ Սահակյանի պարագային դա չի եղել: Եվ չնայած Սահակյանն անձամբ, իբրեւ բանախոս, իրավունք ուներ հանրայնացնելու, որ ինքը Chatham House-ում հանդիպման է եղել, հազիվ թե արժեր Chatham House Rule-ի ներքո անցած փակ եւ մասնավոր հանդիպումն իբրեւ հրապարակային միջոցառում եւ ելույթ ներկայացնել: Եվ, վստահաբար, ԼՂՀ նախագահի կայքն իրավունք չուներ այդ հանդիպումից լուսանկար հրապարակել:



Զբոսաշրջությունը՝ ՄԹ խորհրդարանում



Անկեղծ ասած՝ ԼՂՀ նախագահի այցը Միացյալ Թագավորություն ուշադրությունս գրավեց Ստեփանակերտից տարածված պաշտոնական լրատվության պատճառով, թե իբր պրն Բակո Սահակյանը ելույթ է ունեցել ՄԹ խորհրդարանում: Ի սեր Աստծո… Բակո Սահակյանը լավագույն դեպքում կարող էր ՄԹ խորհրդարանում հանդիպում ունենալ։ Նա երբեք չէր կարող ելույթ ունենալ, որովհետեւ որտե՞ղ պիտի ունենար այդ ելույթը` Համայնքների՞ պալատում, Լորդերի՞ պալատում, թե՞ նախասրահում գումարվող համատեղ նիստում, որտեղ, ասենք, Մեծ Բրիտանիայի թագուհին է ելույթ ունեցել՝ իր գահակալության 60-ամյակի կապակցությամբ:



Հասկանալիորեն, պրն Բակո Սահակյանը չէր կարող ելույթ ունենալ ոչ խորհրդարանի նախասրահում, ոչ էլ պալատներում: Այդ դեպքում կարո՞ղ էր ելույթ ունենալ խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Տեսականորեն չես բացառի, բայց գործնականում խիստ անհավանական էր, որ պրն Սահակյանը ՄԹ խորհրդարանի որեւէ հանձնաժողովում հյուրընկալվեր եւ չի էլ հյուրընկալվել: Ոչ Համայնքների պալատի, ոչ Լորդերի պալատի տեղեկատվական կենտրոնները որեւէ տեղեկություն չունեին պրն Սահակյանի` խորհրդարան այցելելու մասին, մինչդեռ եթե նա որեւէ հանձնաժողովում հյուրընկալված լիներ, դա հանձնաժողովների լրատվական հոսքով իրենց էլ կհասներ:



Այդ դեպքում մնում էր երկու տարբերակ` կամ պրն Սահակյանը հանդիպում էր ունեցել Համակուսակցական խորհրդարանական խմբերից (All-Party Parliamentary Group) մեկում, կամ ուղղակի հանդիպել էր Համայնքների պալատի կամ Լորդերի պալատի անհատ անդամների: Հայաստանում, վստահաբար, մի քանի հարյուր մարդ կգտնվի, որ եղել է ՄԹ խորհրդարանում եւ գիտի, իսկ ովքեր չեն եղել, նրանց համար ուղղակի պարզաբանեմ, որ ՄԹ խորհրդարան մուտք գործելու համար ընդամենը հարկավոր է այնտեղ Լորդերի կամ Համայնքների պալատի ծանոթ անդամ ունենալ: Ուրիշ ոչինչ, անգամ անձնագիր հարկավոր չէ: Մոտենում ես անվտանգության աշխատակցին, ասում ես` գնում եմ այսինչ լորդի, լեդիի կամ Համայնքների պալատի անդամի մոտ, անցնում ես մետաղորսիչ սարքի միջով, լուսանկարում են, բեյջի տեսքով տալիս են քեզ, եւ վերջ` անցիր ներս:



Պարոն Սահակյանն առնվազն բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ ծանոթ է, այնպես որ, առանց մի խնդրի կարող էր ՄԹ խորհրդարան մուտք գործել: Սակայն հետո ո՞ւմ է հանդիպել, ինչո՞ւ անուններ չեն հաղորդվում: HOC Media Corporate-ում` ՄԹ խորհրդարանի տեղեկատվական կենտրոնում, ճիշտ էին` ասելով, որ, ի վերջո, ՄԹ խորհրդարանը հարյուրավոր անդամներ ունի, որոնք բոլորն էլ մասնավոր հանդիպումներ են ունենում խորհրդարանի ներսում կամ պարտեզում: Եթե հայտնի լինի հանդիպման սենյակը, հնարավոր է ճշտել, թե ում հետ է եղել հանդիպումը, բայց առանց այդ տվյալի անհնար է:
Առավել հավանականն այն էր, որ պրն Բակո Սահակյանն հանդիպած լիներ Բրիտանա-հայկական APPG-ի՝ Համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, քանի որ դա Հայաստանի հետ բարեկամության խումբն է ՄԹ խորհրդարանում: Սակայն այդ խմբի ղեկավարը` պրն. Ջոն Ուիթինգդեյլը, ով, ի դեպ, ապրիլի 24-ի արարողություններին ՄԹ խորհրդարանի կողմից այցելել էր Հայաստան, այժմ կառավարության անդամ է, Քամերոնի կաբինետում զբաղեցնում է մեդիայի եւ մշակույթի պետքարտուղարի պաշտոնը: Հետեւաբար, APPG-ն էլ պաշտոնապես հազիվ թե պրն Սահակյանին կարողանար հանդիպել:



Ի վերջո, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի միջամտությամբ պարզվեց, որ պրն Սահակյանը ոչ թե ելույթ է ունեցել ՄԹ խորհրդարանում, այլ հանդիպել է, ինչպես եւ ենթադրելի էր, Բրիտանիա-Հայաստան խմբի մի քանի անդամների հետ (Our understanding is that a number of members of the British-Armenian All-Party Parliamentary Friendship Group were at the meeting with Mr Sahakyan): Ընդամենը: Անշուշտ, դա էլ քիչ չէ, բայց ՄԹ խորհրդարանում ելույթ չէ։