Ջորջ Սորոս. Համաշխարհային բարեգո՞րծ, թե՞ ֆինանսական խարդախ

Ջորջ Սորոս. Համաշխարհային բարեգո՞րծ, թե՞ ֆինանսական խարդախ

Լրացավ միլիարդատեր և ֆիլանտրոպ, բարեգործ և ֆինանսական սպեկուլյանտ, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, հայր և որդի Բուշերի ադմինիստրացիաների մոլի հակառակորդ Ջորջ Սորոսի ծննդյան 85-ամյակը:



Ծագումով հրեա Սորոսը ծնվել է Բուդապեշտում, որտեղ նրա ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրաշքով է փրկվել նացիստական հալածանքներից և համակենտրոնացման ճամբարներից: Սորոսի կենսագրությունն ուսումնասիրած մի շարք վերլուծաբան-քաղաքագետների կարծիքով, նացիստական օկուպացիայի տարիներին անցկացրած նրա մանկությունը մեծ դեր է խաղացել նրա հետագա գործունեության վրա, մասնավորապես` նրա արդարության ձգտման վրա:



«Երբ դու ապրում ես ֆաշիստների միջավայրում, ովքեր սպանում են հրեաներին, այդ իռացիոնալ սարսափի մթնոլորտում, անհնար է չմտածել արդարության մասին», - ասել է իր մասին Սորոսը:



ԱՄՆ-ում սկսելով իր կարիերան որպես նյույորքյան շարքային ֆինանսական բրոքեր, նա 10 տարվա ընթացքում կարողացել է մեծ հաջողության հասնել, որպես ֆինանսիստ և եվրոպական արժեթղթերի վաճառական: ԱՄՆ-ում և Անգլիայում նա մի քանի գործ է փոխել, մինչ 1969-ին չի հիմնել իր սեփական Soros Fund Managenment հիմնադրամը:
Այսօր նրա կարողությունը, որը հիմնականում վաստակվել է ֆինանսական սպեկուլյացիաների շնորհիվ, կազմում է մոտ 23 մլրդ դոլար:



«Ինձ անվանում են ներդրող, ով քայլում է շուկայի միտումներին հակառակ, սակայն ես շատ զգույշ եմ, որպեսզի գնամ ողջ նախրին հակառակ, ինձ կարող են ոտնատակ տալ», - գրել է Սորոսը` 1995-ին լույս տեսած «Սորոսը ինքն իր մասին» գրքում:
Իսկ միայն վերջին 15 տարիների ընթացքում հետկոմունիստական տարածքում ամենատարբեր կրթական և բարեգործական ծրագրերի վրա Սորոսը ծախսել է մոտ 1 մլրդ դոլար:



«Իմ սկզբունքը կայանում է այն բանում, որպեսզի նախևառաջ գոյատևել, իսկ այնուհետև միայն` փող վաստակել: Ես չեն ընդունել այլոց ոկղմից առաջարկված կանոններ: Եթե ես դա արած լինել, այժմ ողջ չէի լինի», - իր գործունեության մասին մի առիթով ասել է միլիարդատերը:



Ջորջ Սորոսին համարում են այն մարդը, «ով կարողացավ փլուզել Անգլիական բանկը» (իսկ դրանից առաջ նա սնանկացրեց Հարավ Ասիական մի շարք բանկեր, ինչի արդյունքում, դժվար չէ հասկանալ, թե քանի միլիոն ասիացիներ հայտնվեցին աղքատության եզրին` սա չէ՞ բարեգործության միանգամայն հակասական «դեմքը»), նաև մարիխուանայի օրինականացման ընդգծված կողմնակից, շուկայական մեքենայությունների խոշոր վարպետ, ինչպես նաև աշխարհի ամենատարբեր երկրներում ընդդիմադիր խմբավորումների հովանավոր:



Միայն 1992-ին անգլիական ֆունտի կուրսի ` գերմանական մարկի դիմաց անկման հաշվին նա կարողացավ մոտ 1 մլրդ դոլար վաստակել:



Նրա` 1980-ականների վերջին հիմնադրած հիմնադրամը, որը վերանվանվեց Բաց հասարակության ինստիտուտի, և որի նպատակն էր աջակցել ժողովրդավարության կայացմանը արևելաեվրոպական երկրներում, իսկ 1991-ից` ԽՍՀՄ փլուզումից հետո նաև հետխորհրդային հանրապետություններում բարեգործական ծրագրեր է իրականացնում 25 երկրներում:



Պատահական չէ, որ 2010-ին ներդրողը համաձայն «The Cronicle Of Philantropy» պարբերականի, ճանաչվեց Ամերիկայի ամենաշռայլ միլիարդատեր` իր «Open Society Fund» հիմնադրամին փոխանցելով 332 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ ոչ կոմերցիոն նախագծերի վրա Սորոսը ամեն տարի ծախսում է շուրջ 300 մլն դոլար:
Հայտնի է, որ Սորոսն իր հզոր ֆինանսական միջոցներով և քաղաքական լծակներով անմիջական դերակատում է ունեցել Հարավսլավիայում Միլոշևիչի ռեժիմի տապալման, ինչպես նաև` տարիներ անց Վրաստանում վարդերի հեղափոխության իրականացման և Միխաել Սահակաշվիլիի իշխանության գալու գործում:



Հայտնի է նաև, որ Սորոսը, համաշխարհային կացութաձևի կերտման ևս երկու ակնառու դեմքերի` Դավիդ Ռոքֆելերի և Հենրի Քիսինջերի հետ միասին ձգալի դեր է խաղացել ԽՍՀՄ փլուզման նախագծի մշակման մեջ:



«Փողը հաջողության բաղադրիչներից միայն մեկն է», - մեկ այլ առիթով ասել է Սորոսը` փաստացի, այս կերպ ձևակերպելով իր բարեգործության «բաղադրատոմսը»:
Այժմ Ջորջ Սորոսն ապրում է Նյու Յորքի երկնաքերներից մեկի փենթհաուսում: Չնայած իր ահռելի կարողությանը, իր կենցաղում բավական համեստ է` հասարակ հագնվում է և շատ համեստ սնվում, չունի թանկ ավտոմեքենաների հավաքածու իր ավտոտնակում, կամ` դղյակներ ամենատաբեր կղզիների վրա: Տարբեր կանանցից ունի հինգ երեխա և ներկա պահին զբաղվում է միայն ընտանեկան գործերով:



Լևոն Գևորգյան