Սահմանադրության նախագծի շուրջ նաև զավեշտալի առաջարկներ են հնչել՝ հայտնի դեմքերի կողմից

Սահմանադրության նախագծի շուրջ նաև զավեշտալի առաջարկներ են հնչել՝ հայտնի դեմքերի կողմից

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս պահին դեռեւս հստակ չի որոշել՝ կանցկացնի՞ մարզային այցելություններ, այլ ձեւաչափով քննարկումներ, իրազեկող հանդիպումներ հասարակական տարբեր շերտերի հետ, ինչպես արվեց անցյալ տարի ամռանը, թե՞ ոչ։



Այս պահին քննարկման ձեւաչափը, եթե դա կարելի է լիարժեք քննարկում անվանել, մեկն է՝ արդարադատության նախարարության կայքում հրապարակված է նախագիծը, բոլորի համար հասանելի է, եւ բոլոր նրանք, ովքեր ունեն առաջարկություններ, դիտողություններ, կարող են դրանք ուղարկել մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն, հանձնաժողովը կուսումնասիրի դրանք, կքննարկի եւ պատասխանը կտա։ Այս պահին իրենք հենց այդ գործով են զբաղված՝ դեռ ստանում են առաջարկություններ, մշակում դրանք, որից հետո նոր պարզ կլինի՝ կգնա՞ն այլ քննարկումների, թե՞ ոչ, մինչեւ խորհրդարանում ներկայացվելը։



Այս մասին մեզ հայտնեցին հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահի տեղակալ Գեւորգ Դանիելյանն ու հանձնաժողովի քարտուղար, միաժամանակ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը։



«Հատուկ ձեւաչափ չենք որոշել, բայց մենք հիմա աշխատում ենք, հավաքագրում ենք էդ առաջարկությունները եւ առաջարկությունների վերաբերյալ մեր մոտեցումներն ուղարկում ենք քարտուղարություն, որ ամփոփվի, որ հետագայում դրանց արդեն ամփոփված անդրադառնանք։ Առայժմ էդպես քննարկում՝ հանդիպումների տեսքով, դեռ չկա, բայց մի քանիսը նախատեսել ենք մամուլի միջոցով, մեկ էլ, արդեն, կոնկրետ լսարաններում, ոստիկանության հետ ենք քննարկումներ կազմակերպել, բայց էդպես հատուկ ծրագիր դեռ չենք մշակել»,- ասաց Գեւորգ Դանիելյանը։



Դանիելյանը նշեց, որ առաջարկությունները շատ են, ամենատարբեր շրջանակներից՝ մասնավոր անձանցից մինչեւ ՀԿ-ներ, քաղաքական գործիչներ, կուսակցություններ եւ այլն։



Սակայն դժվարացավ ասել, թե ովքեր են հատկապես առաջարկներ ուղարկել, որ կուսակցությունները, քաղաքական գործիչները՝ տվյալները չուներ ձեռքի տակ։
Հանձնաժողովի քարտուղար Սիրանույշ Սահակյանն ավելի քաջատեղյակ էր առաջարկություններից։ Այս պահի դրությամբ ավելի քան 20 առաջարկ է ներկայացվել, որոնցից 4-ը քաղաքական կուսակցությունների առաջարկներն են։ Այդ կուսակցություններն են՝ «Ազատություն»-ը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս դրա ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի, Անի Զախարյանի «Նոր քաղաքական մշակույթ»-ը եւ Հայրիկյանի ԱԻՄ-ը։ Խորհրդարանական ուժերից առաջարկներ դեռեւս չեն եղել։ Ի դեպ, հարյուրից ավելի առաջարկներ են եղել նաեւ նախկինում՝ մինչ այս ներկայացված հայեցակարգի վերաբերյալ, սակայն հիմա արդեն նախագծի վերաբերյալ են հնչում առաջարկները։ Առաջարկների որոշ մասը, ըստ տիկին Սահակյանի, շատ գնահատողական են եւ սուբյեկտիվ, անգամ զավեշտալի առաջարկներ կան։



«Օրինակ՝ մարդ կա, ով առաջարկում է դրոշի հետ կապված գույնը փոխել, կան առաջարկներ, ըստ որոնց՝ պետք է հանրապետության անունը փոխել, այն է՝ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Արմենիա Հանրապետություն»,- ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահը, սակայն, էթիկայից ելնելով, չցանկացավ նշել տվյալ անձանց անունները՝ միգուցե նրանք չեն ցանկանում, որ հրապարակայնացվեն իրենց առաջարկները։



Սակայն մենք պարզեցինք, որ «Արմենիա» անվան հետ կապված առաջարկի հեղինակը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։



Թե դրոշի գույնի փոփոխության ինչ առաջարկ է եղել, հանձնաժողովի քարտուղարն ասաց՝ առաջարկում են հայկականացնել մեր դրոշը, որպեսզի դրա գույները մեր հայկական մրգերին տիպական լինեն։ Օրինակ՝ նարնջագույնը փոխել դարձնել ծիրանագույն, քանզի նարինջը հայկական միրգ չէ, իսկ, ահա, ծիրանը լրիվ հայկական, «ավանդական» մրգերից է։ Այս նուրբ եւ շատ հայրենասիրական փոփոխության հեղինակը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ դաշտավայրի եւ որ սորտի ծիրանի գույնով կցանկանար ներկվեր մեր դրոշը՝ Արարատյան դաշտավայրի կարմրաթո՞ւշ ծիրանի, թե՞ «աղջանաբադ» սորտի կլորիկ, դեղնակարմրավուն՝ օրինակ։ Եղել են նաեւ այլ զավեշտալի առաջարկներ՝ կրկին հայտնի անձանց կողմից։



Մեկն էլ առաջարկել է Սահմանադրության առաջին, երկրորդ հոդվածները փոխել, որոնք Սահմանադրության մեկ այլ հոդվածով արգելվում է փոփոխել։



Եղել են նաեւ հետաքրքիր ու օգտակար առաջարկություններ։ Օրինակ՝ տեղական ինքնակառավարման վերաբերյալ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության մասով, մարդու իրավունքների մասով, առաջարկ է եղել նաեւ կրթության ոլորտին առնչվող, օրինակ՝ պարտադիր կթության տեւողության հարցում ամրագրել պարտադիր 12-ամյա կրթությունը եւ այլն։ Խորհրդարանական մոդելի վերաբերյալ նոր առաջարկներ, կարծես թե, չեն եղել. եղել են ավելի շատ Սահմանադրության նախագծով առաջարկվող խորհրդարանական մոդելում որոշակի խմբագրական բնույթի առաջարկներ՝ տարբեր կետերի շուրջ։



Նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանն էլ է առաջարկություններ ուղարկել, որոնք վերաբերում են ընտրիչների ժողովին. Բագրատյանն առաջարկել է, որ ընտրիչների ինստիտուտը հանվի։



«Կան առաջարկներ էլ, որ պառլամենտականին կողմ են, բայց ցանկանում են, որ ե՛ւ նախագահը, ե՛ւ պառլամենտի ղեկավարն առաջնային մանդատ ունենան։ Առաջարկ էլ կա, որ բարձրագույն դատական խորհուրդը կամ ինչ-որ դատավորներ ընտրվեն համաժողովրդական ընտրությունների միջոցով, եւ համանման այլ առաջարկություններ»,- եզրափակեց Սիրանույշ Սահակյանը։



 Վահե Մակարյան