Շտապում են, շատ են շտապում

Շտապում են, շատ են շտապում

Սերժ Սարգսյանն առաջիկայում Սահմանադրության նոր նախագծի շուրջ խորհրդարանական ուժերի հետ կսկսի քաղաքական կոնսուլտացիաների շարք։ Այս մասին մեզ հետ զրույցում փաստեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։



«Այդ մասին բազմիցս ասվել է, որ պետք է քաղաքական ուժերի հետ լինեն խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, եւ դա ուժի մեջ է։ Ինձ թվում է, որ մոտ օրերս կստորագրվի արդեն Ազգային ժողով ուղարկելու համար, եւ այդ ընթացքում կլինեն նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ։ Ընդհանրապես, քաղաքական կոնսուլտացիաները չեն կարող խանգարող հանգամանք լինել՝ բացի օգուտից»,- ասաց պարոն Բաղդասարյանը՝ նշելով, որ դրանց ժամկետը նախագահը կորոշի․ «Ինձ թվում է, որ առաջին քառօրյայում արդեն սահմանադրական փոփոխությունների քննարկումները կսկսվեն, դա ինձ թվում է, որովհետեւ, նայելով այն տեմպերին, որով որ աշխատում են փոփոխությունների վրա, ինձ թվում է՝ կհասցնեն, որպեսզի քառօրյայում քննարկման առարկա դառնա»։



Հարցին, թե բացի քաղաքական ուժերից, նախագահի հետ այս թեմայով այլ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց․ «Դա պետք է նախագահն ինքը հայտարարություն անի։ Որեւէ կոնսուլտացիաներից մենք չենք հրաժարվում, ինձ թվում է՝ քաղաքական ուժերի ցանկության դեպքում կլինեն նաեւ քննարկումներ եւ կոնսուլտացիաներ»։



Մեր տեղեկություններով՝ հնարավոր է, որ այս հարցով նաեւ աշնանն արտահերթ նիստ գումարվի։ Սա եւս չժխտեց Վահրամ Բաղդասարյանը, բայց նշեց, որ դեռ հստակ որոշված չէ․ «Ինձ թվում է՝ հարցը կքննարկվի ոչ թե արտահերթ նիստով, այլ հենց առաջին քառօրյայով, կարող է անհրաժեշտություն չլինի արտահերթ նիստի։ Ես հնարավոր տարբերակներն եմ ասում։ Արտահերթ նիստ, ինձ թվում է, կլինի քառօրյայից հետո»։
Նշենք, որ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ