Նիկողոսյանի հայտարարությունն արհամարհանք է մեր պետությանն ու այն պաշտոնյաներին, ովքեր նրան կոչումների են արժանացրել

Նիկողոսյանի հայտարարությունն արհամարհանք է մեր պետությանն ու այն պաշտոնյաներին, ովքեր նրան կոչումների են արժանացրել

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցությունը, ի դեմս խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի, նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է Հայաստանը Ռուսաստանի կազմում պատկերացնող Անդրանիկ Նիկողոսյանին զրկել քաղաքապետի կողմից շնորհված պարգեւներից եւ կոչումներից։ Պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Անդրանիկ Նիկողոսյանն այդքան կարեւո՞ր անձ է այս երկրում, ում ամեն մի հայտարարությանն արժե այսքան հնչեղություն տալ ու լուրջ վերաբերվել։



- Այստեղ խնդիրը Անդրանիկ Նիկողոսյանի անձը չէ, խնդիրը նրանում է կայանում, թե ովքեր են արժանանում բարձրագույն պետական պարգեւների։ Դրանում է խնդիրը, եւ մեր անհամաձայնությունը՝ քաղաքապետի կողմից Նիկողոսյանին պարգեւատրմանը, եւ չենք հասկանում, թե ինչ արժանիքների համար է Նիկողոսյանն արժանացել էդ պարգեւին։ Մենք դեմ ենք պարգեւատրել մի մարդու, ով որ դեմ է Հայաստանի անկախությանը։



- Քաղաքապետը որեւէ կերպ արձագանքե՞լ է այս նախաձեռնությանը կամ մեկնաբանե՞լ է այս հարցը՝ մինչեւ դիմումը հանձնելը։



- Ոչ։ Մենք սպասում ենք մեր դիմումի պատասխանին։



- Իսկ օրենքն ուսումնասիրե՞լ եք, պարգեւները հետ վերցնելու հնարավորություն կա՞։



- Հետ վերցնելու հնարավորություն չկա, բայց կա հնարավորություն՝ քաղաքապետի որոշումը չեղյալ համարել։ Չէ՞ որ դա քաղաքապետի որոշմամբ է այդ կոչումը, մեդալը շնորհվել։



- Ըստ Ձեզ՝ Տարոն Մարգարյանը կցանկանա՞ իր սխալն ընդունել, եթե այդ որոշումն իսկապես սխալ է եղել։



- Դե, ըստ էության, սխալ եւ ճիշտ լինելու մասին մենք չենք դիմել պարոն քաղաքապետին, այլ դիմել ենք այդ մարդուն, որ նա, ով որ այսօրվա դրությամբ նման վարքագիծ է դրսեւորում, նա արժանի՞ է այդ կոչումը կրելուն, թե՞ ոչ։ Եթե ոչ, նա հանդես է գալիս ՀՀ անկախության դեմ, նշանակում է՝ մենք ունենք այդ առիթը եւ պատճառները։



- Ըստ Ձեզ՝ նա իսկապե՞ս Հայաստանի անկախության դեմ է հանդես եկել, ի վերջո, բոլոր ռուսամետ ու «ստրկական» մտածողություն ունեցողներն էլ երազում են մի նոր Սովետի մասին։
- Դե, իհարկե, հանդես է գալիս, երբ նա առաջարկում է, որ ՀայաստանիՀանրապետությունը մաս կազմի Ռուսաստանին ու դառնա ՌԴ որեւէ գուբերնիա։



- Չե՞ք կարծում, որ նման քաղաքական հայացքներ ունեցող անձանց ծնունդ են տալիս ու պարարտ հող են ստեղծում նրանց համար այսօրվա իշխանությունները, ովքեր նմանատիպ ռուսամետ քաղաքականություն են վարում, եւ եթե ժամանակին չպարգեւատրեին, մի բան էլ՝ «թաթիկին խփեին», այդպես չէր լինի։



- Կարծում եմ։ Դե հիմա մենք փորձում ենք, Ձեր ասածի նման, «թաթիկին խփել», որ նման մարդիկ, ովքեր կրում են մեր պետության, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումները, հանդես չգան Սահմանադրության դեմ, ըստ էության։



- Գործնականում հավասարազոր չեն, իհարկե, այս երկու օրինակները, սակայն չե՞ք կարծում, որ ԵՏՄ-ին անդամակցումը եւս նման որոշակի հող ստեղծող քայլ էր իրենից ներկայացնում։



- Իմ կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցելը ՀՀ-ի համար տնտեսական համագործակցություն է, եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության սուվերենության խնդիր է այստեղ դրվում, իսկ Նիկողոսյանն առաջարկում է, որ Հայաստանը դառնա Կրասնոդարի մարզի նման մի փոքր մարզ՝ Մոսկվայի ենթակայության տակ։ Այսինքն՝ կորցնենք մեր սուվերենությունը, մեր ինքնությունը՝ որպես պետություն, ինչին դեմ ենք, բնականաբար։ Այստեղ մտածելու բան ունեն բոլոր պաշտոնյաները, ովքեր այդ կոչումներին են արժանացրել նրան։



- Իսկ այն, որ Նիկողոսյանը պատասխանել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանին, թե ավելի շուտ նրան մանդատից կզրկեն, քան իրեն՝ այդ պարգեւներից, սա ինչի՞ մասին է խոսում, որ ինքը, ամեն դեպքում, թիկունք ունի, ինչ-որ տեղից պաշտպանվա՞ծ է, որ այդպես «դուխով» է խոսում։
-



Դե, միգուցե հենց դրանով էլ պայմանավորված է, որովհետեւ Էդմոն Մարուքյանը ոչ թե Նիկողոսյանի կամ ինչ-որ մեկի կողմից ընտրված պատգամավոր է, այլ, բառիս բուն իմաստով, ընտրողների կողմից, եւ նրան այդ պատգամավորի մանդատից զրկելու լիազորություն ոչ մեկը չունի, ունի միայն այն ընտրազանգվածը, որը նրան ընտրել է։ Եվ Նիկողոսյանի կողմից արված այդ հայտարարությունն արհամարհանք է Հայաստանի Հանրապետությանն ու այն պաշտոնյաներին, ովքեր նրան այդ կոչումներին արժանացրել են։ Դա բառիս բուն իմաստով արհամարհանք է մեր պետության եւ պետականության նկատմամբ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ