Մանրամասներ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից

Մանրամասներ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից

Մի քանի օր առաջ կառավարությանը հարցում էինք ուղարկել՝ պարզելու մի շարք մանրամասներ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի, դրանից ստացվող գումարների տնօրինման մասին, որը, ինչպես հայտարարվել է, ուղղվելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի վճարմանը։ Մասնավորապես՝ հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքի պայմանագիրը, եւ արդեն փոխանցվե՞լ է գումարը, թե՞ ոչ։



Բացի այդ, ստացված գումարի ո՞ր մասն է ուղղվելու էլեկտրաէներգիայի ավելացված սակագնի վճարմանը, եւ նույնիսկ ամբողջությամբ այդ նպատակին ծառայելու դեպքում արդյոք կբավականացնի՞ այն մինչեւ աուդիտի անցկացման ավարտը եւ վերջնական արդյունքների ստացումը։



Եթե ոչ, ապա հնարավո՞ր է, որ կառավարությունը կրկին ստիպված լինի որեւէ բան վաճառել կամ այլ աղբյուրներ փնտրել այդ 6.93 դրամի հետ կապված հավելավճարը փոխհատուցելու համար։ ՀՀ կառավարությունից թեպետ թվարկված հարցերից վերջին մասի պատասխանը կարծես թե շրջանցել են, բայց մի հետաքրքիր «բացահայտում են» արել։



Գրել են, որ, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրի համաձայն, գույքի վաճառքի գինը 86,14 մլրդ դրամ է (կամ 180 մլն ԱՄՆ դոլար), որի 50 տոկոսը (43,07 մլրդ դրամը կամ 90 մլն ԱՄՆ դոլարը), ըստ պայմանագրի պայմանների, գնորդը վճարել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին ս.թ. հուլիսի 30-ին: Ստացված գումարից նախատեսվում է հատուցել ս.թ. օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի գների ավելացումը՝ մինչեւ աուդիտի իրականացումը, որը նախատեսվում է ավարտել առնվազն երեք ամսվա ընթացքում:



Այստեղ մեր մի հարցը շրջանցել են, թե արդյոք ստացված գումարը կբավականացնի՞ մինչեւ աուդիտի անցկացման ավարտը հատուցել էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումը՝ ժողովրդի փոխարեն, կամ հնարավո՞ր է՝ չբավականացնելու դեպքում դարձյալ ստիպված լինեն որեւէ բան վաճառել։ Ըստ երեւույթին՝ հաշվարկել են այդ երեք ամսվա գումարն ու նաեւ աուդիտի անցկացման ժամկետը։ Մնում է հասկանալ, թե որքանով կկարողանան հասցնել երեք ամսում աուդիտ իրականացնել, հատկապես որ դեռ պարզ չէ, թե որ ընկերությունն է իրականացնելու այն, որքան գումար է դրա դիմաց վճարվելու։ Հայտնի չէ նաեւ, թե ինչ միջոցներից է վճարվելու այդ գումարը, երբ է մեկնարկելու գործընթացը։



Կառավարությունից մեզ տեղեկացրել են նաեւ, որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գույքի վաճառքից ՀՀ 2015 թ. պետական բյուջեով մուտքեր նախատեսված չեն, ըստ այդմ՝ այն 2015 թվականի բյուջեի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել։



Ինչ վերաբերում է «Որոտանի» միջոցների տնօրինմանը, ապա կառավարությունից պարզաբանել են, որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքից ստացվող միջոցները հանդիսանում են նշված ընկերության սեփականությունը եւ չեն դասվում բյուջետային մուտքերի շարքը:



Այդ իսկ պատճառով «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքից ստացվող միջոցները պետք է փոխանցվեն նշված ընկերության հաշվին:
Եվ քանի որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ բաժնետերը, ըստ ընկերության պաշտոնական կայքում նշված տեղեկության, հանդիսանում է ՀՀ կառավարությունը, հետեւաբար, հայրենի կառավարությունն իր սեփական՝ արտաբյուջետային միջոցները, կարելի է ասել, լավության կարգով սեփական գրպանից փոխանցում է ժողովրդի փոխարեն հոսանքի գնի վճարմանը։



Ի դեպ, բացատրել են նաեւ, թե որոնք են արտաբյուջետային միջոցները, ըստ այդմ՝ դրանք այն միջոցներն են, որոնց շրջանառությունն իրականացվում է արտաբյուջետային հաշիվների միջոցով:



Ուստի «Որոտանի կասկադի» մասով ընդգծել են, որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ն դասվում է բյուջետային հիմնարկ չհանդիսացող առեւտրային կազմակերպությունների շարքը, որոնց հաշիվները չեն հանդիսանում արտաբյուջետային հաշիվներ, եւ դրանց մուտքերն ու ելքերը պետական եւ համայնքների բյուջեներում ու դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:



Փաստորեն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ժողովրդի փոխարեն վճարվելու է ոչ բյուջետային, ոչ էլ նույնիսկ արտաբյուջետային միջոցներից, ինչ-որ մի երրորդ «գրպանից», քանզի, ինչպես երեւում է կառավարության պատասխանից, «Որոտան ՀԷԿՀ»-ի հաշիվները չեն հանդիսանում արտաբյուջետային հաշիվներ, ըստ այդմ՝ դրանից ստացվող գումարներն էլ չեն համարվում արտաբյուջետային միջոցներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ