Վա՞տ է, որ ՀԷՑ-ը «Լույս»-ին փող է փոխանցել, որ գնան Ամերիկյան համալսարանում սովորեն, իհարկե, լավ է

Վա՞տ է, որ ՀԷՑ-ը «Լույս»-ին փող է փոխանցել, որ գնան Ամերիկյան համալսարանում սովորեն, իհարկե, լավ է


Վերջերս տեղեկացանք, որ ՀԷՑ-ը վերջին չորս տարիների ընթացքում միլիոնավոր դրամներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին։ Սակայն այդ փոխանցումների վերաբերյալ միայն 2013 եւ 2014 թթ․ հաշվետվություններում են երեւում, azdarar.am կայքում, թե որքան գումար է հատկացրել ՀԷՑ-ը «Լույս»-ին։ Մասնավորապես, 2014 թվականին՝ 1 միլիարդ 500 մլն դրամ, իսկ 2013-ին՝ 1 միլիարդ 300 մլն: Մյուս երկու տարիների հաշվետվություններում էլ բարեգործություն արված գումարների չափը չի երեւում։



«Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է այս ամենից, եւ արդյոք թափանցիկության խնդիր չկա՞ այստեղ։ «Այո, կա, կա էդ խնդիրը։ «Լույս»-ի վերջին խորհրդի նիստի ժամանակ ես՝ ինքս այդ ՀԷՑ-ի հետ կապված հարցը բարձրացրի, բարձրացրի նաեւ՝ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ինչ-որ կազմակերպություն կա, չէ՞ (խոսքը Lydian International-ի մասին է), որ նա էլ ներդրել է։ Հիմա տեսեք, «Լույս» հիմնադրամը պիտի ունենա հովանավորներ, ինձ կոնկրետ պատասխանեցին, որ ինչ է, վա՞տ է, որ ռուսական կազմակերպությունը մեր «Լույս» հիմնադրամին ֆինանսավորել է, որպեսզի մեր երեխաները գնան՝ ամերիկյան եւ անգլիական բարձրագույն համալսարաններում սովորեն։



Դե, ո՞նց կարող ես ասել, որ վատ է։ Իհարկե, վատ չէ, իհարկե, շատ լավ է, որ տվել է, բայց ինչի՞ դիմաց է տվել, էս հարցի պատասխանը ոչ մեկը չունի»,- ասաց տիկին Բախշյանը՝ նշելով, որ իրեն էլ դա պարզ չէ։



- Իսկ այն, որ հաշվետվություններում փոխանցվող գումարների ոչ ամբողջն է երեւում, մի մասը կա, մի մասը չկա, սա ինչ-որ կասկած չի՞ հարուցում Ձեզ մոտ, միգուցե այստեղ մախինացիաներ կան, կոռուպցիոն ինչ-որ գործարք, փողերի լվացում։



- Գիտե՞ք, «Լույս»-ի կրթական ծրագրի խորհրդի անդամին շատ հստակ ներկայացվում են այն գումարները, որոնք մուտք են լինում եւ ծախսվել են։



- Հիմա Ձեզ ներկայացվե՞լ են բոլոր տարիներինը։



- Այո, ամեն տարվանը։



- Այդ դեպքում ինչո՞ւ հրապարակված չէ ամբողջը, մի մասը կա, մյուս մասը չկա։



- Ես չգիտեմ, թե ովքեր են էդ գումարները տալիս։



- ՀԷՑ-ի փոխանցած գումարների մասին է խոսքը։



- Ես չգիտեմ։



- ՀԷՑ-ի փոխանցած գումարներից Դուք ամբողջությամբ տեղյա՞կ եք։



- Չէ, ես հոդվածից եմ իմացել։



- Բա ասում եք, որ Ձեզ տրամադրվո՞ւմ է այդ հաշվետվությունը։



- Ներողություն, ճիշտն ասած, հիմա ես ասում եմ․ «Լույս»-ի՝ կրթական ծրագրին տրամադրվող գումարը ես տեսնում եմ, ես գիտեմ, թե ինչքան է տրամադրվել, իսկ ովքեր են տրամադրել կրթական ծրագրի խորհրդին, մեր թղթերում դա չի երեւում, որովհետեւ դա մեր գործը չէ․ փողը տրվում է, փողը ծախսվում է, ինչպես է ծախսվում՝ մենք տեսնում ենք։



- Այդ դեպքում կասկած չի՞ առաջացել Ձեզ մոտ, թե ինչու է…



- Դե, դրա համար էլ հոդվածը քսերոքս արել՝ տարել եմ, էլի, ասում եմ՝ էսպիսի բան են գրել, ժողովուրդ, էս ի՞նչ է նշանակում։ Իրենք էլ ասացին՝ վա՞տ է, որ ռուսական կազմակերպությունը «Լույս» հիմնադրամին գումար է տալիս, որ մեր երեխաները գնան ամերիկյան բուհերում սովորեն, որին ես ասում եմ՝ իհարկե, վատ չէ, իհարկե, լավ է, բայց ինչի՞ դիմաց է տվել, ի՞նչ է եղել էդտեղ, որ ՀԷՑ-ը որոշել է միլիարդուկես դրամ տալ։



- Կամ՝ որ մի մասը կա, մի մասը չի երեւում, դա կասկած չի՞ հարուցում Ձեզ մոտ։



- Ո՞նց, ես չգիտեմ դրա մասին… ուրեմն չի փոխանցվել, չեմ կարող ասել, որովհետեւ չեմ հավատում, որ փոխանցված լինի «Լույս»-ին եւ հաշվետվության մեջ չերեւա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ