Դեպի Իրաք թռիչքներ՝ ամեն շաբաթ

Դեպի Իրաք թռիչքներ՝ ամեն շաբաթ

Դեռ ամիսներ առաջ, երբ Սամվել Ալեքսանյանին մամուլը «նշանակում» էր Իրաքում Հայաստանի դեսպան, խոսվում էր այն մասին, որ Հայաստանից Իրաք ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն։ Խոսակցությունն արդեն մի քանի ամիս է՝ իրականություն է դարձել։ Երեւանից Իրաքի Էրբիլ եւ Բաղդադ քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ ամեն շաբաթ թռիչքներ կան։



Երեկ, սակայն, երբ փորձեցինք պարզել այս թռիչքների հետ կապված որոշ մանրամասներ, հետաքրքիր ապատեղեկատվական շղթայի մեջ ընկանք։
Նախ զանգահարեցինք ՀՀ քաղավիացիայի վարչություն, որտեղից մի քանի համարներով «պաս» տալուց հետո վերջապես ընկանք մի բաժին, որը լրատվության բաժինը չէր թեեւ, բայց ասացին, որ թռիչքներ, այո, իրականացվում են, մոտավորապես մարտ ամսից, իրականացնողն էլ Iraqi Airways-ն է։ Իսկ թե ով է պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ասացին՝ «Ավիա սերվիս» ընկերությունը։ Այն, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ զբաղվում է ոչ միայն ավիատոմսերի վաճառքով, այլեւ ավիասպասարկմամբ, ինքնաթիռներում ուտելիքների մատակարարմամբ եւ այլն։



Զանգահարեցինք «Ավիա սերվիս»։ Այստեղից մեզ ասացին, որ Քաղավիացիայից մեզ սխալ տեղեկատվություն են հաղորդել, իրենք ո՛չ ներկայացուցիչն են այդ ընկերության, ո՛չ էլ տոմսեր են վաճառում այդ ուղղությամբ։ Քաղավիացիայից էլ մեզ ասացին, որ «Ավիա սերվիս»-ից երեւի մեր զանգին ոչ կոմպետենտ մարդ է պատասխանել, եւ առաջարկեցին փորձել մեկ այլ համարով զանգահարել։ «Սփյուռ»-ում նշված չորս հեռախոսահամարներից երրորդով փորձեցինք, «ընկանք» հաշվապահություն։ Այստեղից էլ ասացին՝ այո, մենք զբաղվում ենք դեպի Իրաք թռիչքների տոմսերի վաճառքով, ավելին, նույնիսկ այդ թռիչքների սպասարկումն են իրականացնում։ «Վաճառք էլ ենք իրականացնում՝ որպես ագենտ»,- ասացին հաշվապահությունից, սակայն վաճառքի մանրամասներից տեղյակ չէին եւ խնդրեցին սպասել՝ ճշտեն, նոր ասեն։ Ավելի ուշ նույն անձը մեզ ասաց, որ զանգահարենք իրենց ընկերության Սայաթ-Նովայի մասնաճյուղ, եւ այնտեղից մեզ հստակ կպատասխանեն։



Նորից փորձեցինք նշված համարներով զանգել, որ ճշտենք Սայաթ-Նովայի գրասենյակի հեռախոսահամարը։ Այստեղից, սակայն, մեզ ասացին, որ մեզ սխալ տեղեկատվություն են տրամադրել, իրենք Սայաթ-Նովայում գրասենյակ չունեն եւ Իրաքյան ավիաուղիների եւ տվյալ թռիչքների ո՛չ սպասարկմամբ են զբաղվում, ո՛չ ներկայացուցիչն են, ո՛չ էլ տոմսերն են վաճառում։ Այդ դեպքում ինչո՞ւ են իրենց հաշվապահությունից մեզ նման բան հաղորդել, «Ավիա սերվիս»-ի՝ տոմսերի վաճառքի բաժնի աշխատակցուհին մեզ ասաց․ «Դե, նա հաշվապահ է, ինքն ի՞նչ գիտի»։ Պարզվեց՝ հիմա էլ «ոչ կոմպետենտ» անձը հաշվապահն է։ Ապա նշեցին, որ իրենց էլի են զանգահարել նման հարցով, քանզի ինչ-որ տեղ նման հայտարարություն է եղել, եւ երեւի իրենց հաշվապահն էլ, մյուսներն էլ թյուրիմացության մեջ են ընկել հենց այդ հայտարարությունից։ Այդուհանդերձ, մեզ խորհուրդ տվեցին զանգահարել Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչություն՝ Astron Travel ընկերություն, այնտեղից միգուցե մեզ օգնեն։
Զանգահարեցինք այստեղ եւս եւ վերջապես ստացանք մեզ հետաքրքրող տեղեկատվությունը։ Պարզվեց՝ Հայաստանից Իրաքի Հանրապետություն թռիչքներ իրականացնում է Iraqi Airways ընկերությունը, շաբաթական մեկ թռիչք, Իրաքի երկու քաղաքներ՝ Էրբիլ եւ Բաղդադ։ Տոմսերի միակողմանի թռիչքի արժեքն այս պահի դրությամբ նվազագույնը մոտ 150 հազար դրամ է։ Իսկ թե ով է պաշտոնական ներկայացուցիչը, իրենք տեղյակ չէին։



ՀԳ․ Մեր տեղեկություններով, իրաքյան չվերթների տոմսերի վաճառքն իրականացնողը ոչ միայն Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ընկերությունն է, այլեւ նախաձեռնությունը կյանքի է կոչվել բացառապես բիզնես նպատակներով՝ Իրաքի մեծահարուստներին Հայաստան բերելու համար։ Եվ այս չվերթների սկիզբը համընկել է «Մուլտի գրանդ» խաղատան բացման հետ։ Այսինքն՝ իրաքյան մեծահարուստները հատուկ այս ինքնաթիռներով գալու են Հայաստան՝ կազինոյում խաղալու։