Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաներին ոմանք սրտատրոփ են սպասում, ոմանք ընդհանրապես չեն սպասում

Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաներին ոմանք սրտատրոփ են սպասում, ոմանք ընդհանրապես չեն սպասում

Սահմանադրության նախագծի շուրջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական կոնսուլտացիաներ սկսել քաղաքական ուժերի հետ։ Մեր քաղաքական ուժերի մեծ մասը, սակայն, «ցավին անտեղյակ, դավին անտարբեր» վիճակում է։ Ոմանք էլ, հակառակը՝ սրտատրոփ սպասում են «մեծարգո պարոն նախագահի» հրավերին, որ շտապեն իրենց առաջարկությունները ներկայացնելու, քննարկելու Սահմանադրության նոր նախագծի իրենց դուր չեկած կետերը, ողջունելու դուր եկածները։



Երեկ ում զանգահարում էինք, կա՛մ քաղաքում չէին՝ հանգստանում էին, կա՛մ ինչ-որ խառը տեղ էին՝ սեմինարի, կոնֆերանսների, ու Սահմանադրության հավեսը չունեին, նախագահի հրավերից էլ տեղյակ չէին, ավելին՝ ոմանք ոչ էլ սպասում էին։ Հիշեցնենք, որ բարեփոխումների մեկնարկից առաջ, անցյալ տարի, Սերժ Սարգսյանը նորից նման կոնսուլտացիաների հրավեր էր ուղարկել, որոնց խորհրդարանական հինգ ոչ իշխանական ուժերից միայն ՀԱԿ-ը չէր մասնակցել։ Թեպետ ՀԱԿ-ից էլ մեկ այլ առիթով փորձել էին հին ու նոր նախագահների մակարդակով կոնտակտի մեջ մտնել Բաղրամյան 26-ի հետ՝ «մեծարգո նախագահին» նամակ գրելով, որից առանձնապես բան դուրս չեկավ։



Առաջին զբաղված քաղաքական գործիչը ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էր, ով նեղ տեղից հասցրեց կարճ պատասխանել, որ նախագահի հետ հանդիպման չեն գնալու։ Նախագահի հետ նախորդ անգամ հանդիպած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ, ով այդ անգամ սիրահոժար գնացել էր հանդիպման, դեռ Արմեն Մարտիրոսյանին էլ հետը տարել, պարզվեց՝ «քաղաքում չէ», թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ լավ էլ քաղաքում է՝ Ձորաղբյուրի ամառանոցում։ Նա միայն նշեց, որ ոչնչից տեղյակ չէ, ուստի չի կարող պատասխանել. «Ի՞նչ կոնսուլտացիա, ես որեւէ բանից տեղյակ չեմ եւ քաղաքում չեմ էս պահին»։ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ քննարկումների իմաստը չի տեսնում։ «Իմաստը չեմ տեսնում ուղղակի, արդեն մի անգամ մասնակցել ենք, մեր առաջարկներն արել ենք, չեն ընդունվել, երկրորդ անգամ մասնակցելու իմաստը ո՞րն է»։ Հիշեցնենք, որ նրանց նախորդ այցն ավարտվեց գրեթե սկանդալով՝ «Ժառանգության» վարչությունն ու նախագահն իրենց բացասական վերաբերմունքը հայտնեցին այդ այցելության առիթով։



Մարտիրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ սա ի՞ր տեսակետն է, թե՞ կուսակցության, նա ասաց, որ իր տեսակետն է, կուսակցությամբ էլ դեռ չեն որոշել. «Չէ, որոշում չի եղել, որովհետեւ հրավեր էլ չի եղել։ Երբ որ հրավեր լինի, նոր այդ ժամանակ կքննարկենք, հետեւաբար, սա իմ տեսակետն է»։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյա՞կ է այս գործընթացներից եւ Հայաստանո՞ւմ է, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ պրոցեսներից տեղյակ է, բայց այս պահին Հայաստանում չէ։



Վերածնված ՀՀՇ վարչության անդամ, «Ժառանգությունից» անկախացած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, մեր հարցը լսելուն պես, կարճ պատասխանեց, որ որեւէ ինֆորմացիա չունի այդ թեմայով եւ մեկնաբանություն չի կարող տալ, ու անմիջապես անջատեց հեռախոսը։ Նույն վարչության անդամ Կարապետ Ռուբինյանն ավելի բարեհաճ գտնվեց եւ ասաց, որ ինքն անձամբ չի հանդիպելու, իսկ վարչության մասով էլ հորդորեց դիմել վարչությանը, բայցեւ նշեց, որ իրենց հրավեր չի եղել։



ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են վաղն ասուլիս հրավիրել, որտեղ բոլոր մանրամասները կհրապարակեն։ Իսկ քաղաքական ուժերին, այդ թվում՝ իրենց, հրավեր եղե՞լ է նախագահականից, պարոն Վարդանյանն ասաց, որ մյուսներից տեղյակ չէ, իսկ իրենք քննարկումներ են իրականացնում, որոնք ընթացքի մեջ են։ Իսկ թե իրենց եղե՞լ է հրավեր նախագահի կողմից կամ ոչ, Աղվան Վարդանյանը հստակ պատասխան չտվեց. «Ես հետեւյալը կասեմ. մենք այս օրերին ակտիվ քննարկումների մեջ ենք, ունենք բազմաթիվ առաջարկություններ էդ նախագծի վերաբերյալ, եւ քննարկումները շարունակվում են։ Մնացածը՝ ուրբաթ օրվա ասուլիսին»։



Իրենց ներկայացրած առաջարկությունների առընչությամբ, պարոն Վարդանյանն ասաց, որ դրանցից մեկը վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ ՀՅԴ-ի համոզմունքը հետեւյալն է. «Եթե առաջին փուլով կայուն մեծամասնություն չի առաջանում, հնարավորություն է տրվում կոալիցիա ձեւավորելու առաջին փուլի արդյունքներով, եւ եթե կոալիցիա չի ձեւավորվում, նոր միայն երկրորդ փուլ»։ Կառավարման մոդելի վերաբերյալ էլ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց իրենց 7 կետերը, որտեղ ամրագրված են խորհրդարանական կառավարման համակարգին եւ համամասնական ընտրակարգին անցնելու իրենց պահանջները, եւ հավելեց. «Այս ընթացքում մենք անընդհատ աշխատանքի մեջ ենք՝ ի տարբերություն շատ-շատերի, մենք անընդհատ քննարկումներ ենք արել, առաջարկություններ ենք ներկայացրել…»։ Իսկ հատկապես ո՞ւմ հետ են եղել քննարկումները, մասնագիտական հանձնաժողովի՞, թե՞ անձամբ նախագահի, պարոն Վարդանյանն ասաց՝ տարբեր ֆորմատներով։



ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, սպասողական վիճակում է, քանզի դեռ հրավեր չի ստացել, բայց ստանալուն պես կքննարկի։ Ամեն դեպքում, ԲՀԿ-ականներն իներցիայով հայտարարում են, որ իրենք, «որպես ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժ», չեն կարող անտարբեր մնալ այս գործընթացներին։ ՕԵԿ-ից էլ որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց հեռախոսները կա՛մ անջատված էին, կա՛մ զանգերին չէին պատասխանում։



Փորձեցինք զրուցել նաեւ ԱԺ անկախ պատգամավորների հետ։ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» արտախորհրդարանական կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը մեր հարցին՝ հրավեր ստացե՞լ են, արդյոք, Սերժ Սարգսյանից եւ ստանալու դեպքում կմասնակցե՞ն քննարկումներին, տվեց հակիրճ պատասխան. «Ո՛չ ստացել ենք, ո՛չ էլ ակնկալում ենք»։ Դեռեւս որեւէ քաղաքական ուժ չներկայացնող Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ինքը նույնպես հրավեր չի ստացել եւ տեղեկություն էլ չունի, թե ինչ կոնսուլտացիաների մասին է խոսքը։ Իսկ եթե հրավեր լինի, կմասնակցի՞ հանդիպմանը, պարոն Մարուքյանն ասաց. «Չի եղել, չգիտեմ, ես կարծում եմ՝ քաղաքական ուժերի հետ են հանդիպում, իսկ ես որեւէ քաղաքական ուժ էս պահին չեմ ներկայացնում»։



Ինքն ակտիվորեն չի ներգրավվել այս թեմայով որեւէ քննարկման մեջ: «Բայց քննարկումներ եթե լինեն, չեմ էլ խուսափում որեւէ քննարկումից, իմ կարծիքը, բնականաբար, ես պատրաստ եմ ցանկացած հարթակում ներկայացնել»։ Որեւէ առաջարկություն ունի՞ այս նախագծի հետ կապված, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն իր առաջարկությունները պատրաստվում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացնել, երբ որ փաստաթուղթը մտնի ԱԺ հանձնաժողով։ «Որովհետեւ ամենաճիշտ ֆորմատը պատգամավորների համար, կարծում եմ, պետաիրավական հարցերի հանձնաժողովում էդ հարցերը բարձրացնելն է, մինչեւ էդ չեմ կարծում, որ էդպես դրույթ առ դրույթ բովանդակային քննարկում լինի։ Կարող է ինչ-որ համակարգային հարցեր քննարկեն, բայց դրույթ առ դրույթ, թե ինչ վտանգներ կան, ինչ հարցեր կան, կարծում եմ՝ ամենալավ պլատֆորմը լինելու է հանձնաժողովում»,- եզրափակեց անկախ պատգամավորը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ