Պոլիսը մեզ ավելի մերձենալի դարձնել | լուսանկարներ

Պոլիսը մեզ ավելի մերձենալի դարձնել | լուսանկարներ

Այս տարվա գարնանը Երեւանում ունեցած «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսից հետո գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լեւոն Լաճիկյանն այս անգամ ստամբուլամերձ Գնալը հայահոծ կղզում հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը ներկայացել է իր 10-րդ անհատական ցուցահանդեսով «Պոլիսը՝ մոտ ու հեռու» վերնագրով։ Ցուցահանդեսում ներկայացված է եղել 30 գծանկար, որոնցից 10-ը Գնալը կղզին են պատկերել, մյուս 20-ը՝ Պոլսո հայկական եւ ոչ հայկական հիշատակները։ Ցուցահանդեսի այցելուների թվում են եղել Թուրքիո խորհրդարանի հայ երեսփոխան Սելինա Դողանը, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ինչպես հայ, այնպես էլ թուրք հայտնի արվեստագետներ, գրողներ, երգիչներ: Ամենակարեւորը, ըստ Լաճիկյանի, ցուցահանդեսը սիրվել է եւ ընդունվել։ Դրա մասին է վկայել նաեւ այն, որ ցուցահանդեսից հետո բոլոր գծանկարները վաճառվել են։
«Գնալում այնպիսի կենդանի հիշատակներ կան, օրինակ, Հակոբ Մնձուրու տունը, Կոմիտասի նորոգյալ տունը, որ կուզեմ հետո դրանց նույնպես անդրադառնալ։ Ես եղա մի պոլսահայ նկարչուհու տանը, ով բերել եւ իր բակում պահել էր այն հին դռները, որոնց Հակոբ Մնձուրու ձեռքն է կպել։ Հիմա մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, որովհետեւ ափսոս են այդ դռները՝ այդպես կորսվեն գնան։ Եթե մեր պատմության մեջ հայտնի է Աղթամարը, Սուրբ Ղազարը, Կոռիկոսը, Գնալը կղզու մասին, որը մեզ այդքան մոտիկ է, ոչինչ չգիտենք։ Մեր տուրիստական ընկերությունները, որ Անթալիա եւ այլ ուղղություններով են տանում, կարող են Գնալը տանեն, որը թե տուրիստական, թե մշակութային առումով շատ հարմար է»։



Լաճիկյանը բացատրում է․ ինչո՞ւ «Պոլիսը՝ մոտ ու հեռու», նախ տպավորվել է Հրանտ Դինքի «2 մոտ ժողովուրդ, 2 հեռու հարեւան» հոդվածների ժողովածուի վերնագրով, որը շատ խորհրդանշական է․ «Դա ինձ այնքան տպավորեց, որ այդ ասոցիացիան ուզեցի ցուցահանդեսիս մեջ օգտագործել, ինչու մո՞տ, որովհետեւ տարածականորեն Պոլիսը մեր մշակութային մայրաքաղաքն է եղել, հեռու, որովհետեւ, այդքան մոտ լինելով, իրապես շատ հեռու է։ Պոլիսը հիմա դարձել է վաճառական մի կենտրոն, բայց ինքն իր մեջ այնքան հարուստ շերտեր ունի, որ մենք անպայման պետք է մերձենանք ու հեռու Պոլիսը մոտի վերածենք։ Եվ բացի այդ, հայ մշակույթը՝ անցյալի, այսօրվա եւ վաղվա, առանց Պոլիս անպատկերացնելի է։ Ես Պոլիսը սիրել եմ նաեւ Արա Գյուլերի լուսանկարներով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ կղզի գալ, բայց ես գնացի իր մոտ, ով իմ նկարները նայելուց հետո ասեց՝ աղեկ են, ինչի համար բախտավոր եմ»։
Լաճիկյանը պատմում է, որ Գնալը կղզին շատ հաճախ հայերն ասում են՝ մեր կղզին, որովհետեւ 100 տարուց ավելի այդ կղզին հայաշունչ է, հայահոծ, իսկ ամառվա ամիսներին նմանվում է Կաննին. ամբողջ աշխարհի պոլսահայերը գերադասում են ամառային հանգիստը հենց այդ կղզում անցկացնել։ Բացի այդ, կղզին մշակութային զորեղ հայկական ավանդույթներ է ունեցել, դեռ 1857-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մեծահարուստ հայերն իրենց ամառանոցները նույնպես այստեղ են կառուցել։ Այդ կղզում են ապրել ու ստեղծագործել Վահրամ Փափազյանն ու Զապել Ասատուրը, Կոմիտասը, Հակոբ Մնձուրին ու Զահրատը:



«Այս ցուցահանդեսը յուրօրինակ մշակութային ավանդույթների նորոգում էր նշանակում։ Իմ նպատակը բոլորովին էլ այն չէր՝ գնալ ու ճշգրտությամբ պատկերել Պոլսի շենքերը, դրա համար լուսանկարչական ապարատ կա, իսկ իմ գծանկարների մեջ ավելի շատ կարոտ կա, հուզական, զգացական շաղախ։ Ես ավելի շատ իմ Պոլիսն եմ նկարում, որն ավելի շատ երեւակայական Պոլիս է, եւ նկատեցի, որ բոլորին գրավում էր այն, որ ես մոտավորապես 100 տարի առաջվա՝ հին Պոլիսն էի վերաստեղծել։ Այն իսկական Պոլիսը, որ գրականության մեջ, արվեստում մնացել է։ Իսկ այսօրվա Պոլիսը, պիտի խոստովանեմ, անհետաքրքիր քաղաք է, խանութներ են միայն, եւ մեծ վաճառասեղան է կարծես դարձել»։
Ցուցահանդեսն արձագանք է գտել ոչ միայն տեղի հայկական, այլ նաեւ թուրքական մամուլում․ «Ես կամեցա, որ սա չլիներ հայերի կողմից հայերի համար արված մի բան։ Ինձ համար մեծ հայտնություն էր «Փարոս» մշակութային ամսագրի գոյությունը, որը 6-րդ տարին է լույս տեսնում եւ իր նյութերի հագեցվածությամբ, բովանդակային հարստությամբ իր հավասարը չունի ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Հայաստանում։ Խմբագիրը հայուհի է՝ Մայդա Սարիսը, խմբագրակազմում էլ հիմնականում հայեր են, բայց ամսագիրն անդրադառնում է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնություններին՝ հայեր, հույներ, ասորիներ»։



Ցուցահանդեսից դուրս Լեւոն Լաճիկյանը շրջել է, զրուցել տեղի հայերի, թուրքերի, պատմաբանների հետ եւ նկատել, որ մեծ մասը շատ լավ էլ գիտի կատարվածը, ովքեր էլ որ չգիտեն, հետաքրքրված են, թե ինչ է եղել 100 տարի առաջ․ «Մի բան էր իմ մեջ տպավորվել, որ Թաքսիմ հրապարակում մի թուրք ուսանողից հեռախոս խնդրեցի, ինքը, իմանալով, որ հայ եմ, ոտքի կանգնեց, ձեռքը տարավ սրտին, խոնարհվեց ու ասաց, որ ներողություն է խնդրում Հրանտ Դինքի սպանության համար։ Այսօր Թուրքիայի տասնյակ համալսարաններում եվրոպացու դեմքով կիրթ երիտասարդներ են սովորում, ովքեր ուսում են ստանում։ Սա արդեն այն անգետ Թուրքիան չէ, աշխարհը փոխվել է, պետք է կարողանանք կամուրջներ ստեղծել, քննարկումներ անել»։



Ըստ արվեստաբանի, քանի դեռ քաղաքական երկխոսություն չկա 2 երկրների միջեւ, մնում է մշակույթը, եւ այդ մշակութային այցելությունները կարծրատիպերը կոտրելու եւ Պոլիսը մեզ ավելի մերձենալի դարձնելու նպատակ ունեն․ «Օրինակ, Ստամբուլի օպերային թատրոնի տնօրեն նշանակվեց Գեւորգ Դավթյանը, սա մեծ փաստ է, բայց մեր օպերային թատրոնն ինչպես եւ ինչ կապեր է ուզում հաստատել, մենք այսօր կարողանո՞ւմ ենք Թուրքիայում ապրող հայ արվեստագետների հետ կապեր հաստատել, հրավիրել։ Սպորտի մեջ՝ համահայկական խաղերի դեպքում, ստացվեց, բայց մենք կարող ենք մշակութային գործիչների հետ էլ ստեղծել այդ փոխադարձ այցելությունների դաշտը, այսօր մեզ ոչ ոք չի խանգարում։ Եթե դիվանագիտական հարաբերություններ չունենք, ապա եկեք ակտիվացնենք մշակութայինը, որը պակաս քաղաքական չէ։ Այսօր Թուրքիայի ամենահայտնի ջազմենը հայ է՝ Բուրակ Պետիկյանը, ով եվրոպական մակարդակի ջազմեն է։ Կարծում եմ՝ Սիբիլի նման, պետք է նաեւ Բուրակին էլ ներկայացնել հայ հանդիսատեսին։ Ինչ լավ կլիներ, եթե մեր Նկարիչների միությունն էլ պոլսահայ նկարիչներին հրավիրեր, ու մի հատ ցուցահանդես էլ այստեղ արվեր։ Այսպիսի մշակութային ձեռնարկներով պետք է կարողանանք մեր կապերը նորոգել»։