Ծեծի ենթարկված ՀԿ ղեկավարը հաշվառվա՞ծ է հոգեբուժարանում

Ծեծի ենթարկված ՀԿ ղեկավարը հաշվառվա՞ծ է հոգեբուժարանում

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների կողմից ծեծի ենթարկված՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը 2005թ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեպքի առթիվ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում դեռ չի հաջողվել հարցաքննել նրան ու կնոջը: Թե Վահան Մարտիրոսյանը, թե նրա կինը գործով ճանաչվել են տուժող, նրանց ծանուցում է ուղարկվել՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն պարզվել է, որ այդ հասցեում չեն բնակվում: Իսկ երբ քննչականից կապվել են նրանց հետ՝ հրավիրելով հարցաքննության, տարբեր պատճառաբանություններ են բերել: Իրավապահ համակարգում սկսել են ուսումնասիրել նաեւ Վահան Մարտիրոսյանի կնոջ՝ ծեծի ենթարկվելու հետեւանքով երեխան կորցնելու մասին լուրերը: Քննությանը մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանի կնոջ մոտ հղիություն, ապա վիժում չի եղել:



Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեցինք Վահան Մարտիրոսյանի հետ։ Իր՝ հոգեբուժարանում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկության մասով Մարտիրոսյանը նախ ծիծաղեց, ապա զարմացավ․ «Ոչ, չեմ եղել։ Դրա մասին դեռևս․․․ ուրեմն Արշակին գիտեք, չէ՞, Զաքարյան, ռեժիսոր, Արշակի հետ մենք անցած տարի միասին սկսեցինք Գազպրոմի դեմ պայքարը, ու երբ եկան ինձ տանից ձերբակալելու էն օրը, երբ ես ցույց էի հրավիրել Հանրապետության հրապարակում, մեր տուն եկավ ոստիկան՝ ցույցից կես ժամ առաջ, Էրէբունու ոստիկանության բաժնից մայոր, անունը Գուրգեն էր, ու ասաց՝ քեզ տանում եմ բաժին։ Ես ասացի՝ ծանուացիր կա՞, ինչի՞ համար, ասաց՝ հարևաններից բողոքել են։ Ասացի՝ լավ, ծանուցագիրը ցույց տուր, տարեք, եթե չկա, չեմ գալիս։ Համակարգչի դիմաց էի, իրեն զգուշացրի, ասեցի՝ հիմա ես Ֆեյսբուքում գրում եմ, դու լավ գիտես՝ ես մի ժամից ցույց եմ անելու, ու եկել ես ինձ տանից ուզում ես տանես։ Ես գրեցի էդ, Արշակը առաջինը սկսեց տարածել դա Ֆեյսբուքով, ու դրա տակ ոստիկանության տուզիկները սկսեցին էդ լուրը շրջանառել, որ ես, իբր թե, ինչ-որ թիվն էլ էին նշում, էդ թվից հաշվառված եմ եղել հոգեբուժարանում։ Ես էդ հաստատության տեղը նույնիսկ չգիտեմ»։



Հետաքրքրվեցինք նաև՝ իր դեմ քրեական գործ երբևէ հարուցվե՞լ է, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով, Վ․ Մարտիրոսյանն այստեղ էլ մեկ այլ պատմություն հիշեց՝ ի պատասխան․ «Ուրեմն, եթե Դուք հիշում եք, վերջին էն գործը, որով ես զբաղվում էի, աղմկահարույց՝ էդ բռնաբարության գործն էր։ Ոչ միայն ես, այլ նաև իմ միջոցով Լարիսա Ալավերդյանը, Զորիկյան Էդվարդը, Զառան Փոստանջյան և այլն։ Հետո, երբ որ ես պարզեցի, որ էդ տղայի վրա, փաստորեն, շառ ա արվում, և հրապարակում արեցի ՖԲ-յան իմ էջում, ներողություն խնդրեցի բոլոր լրատվամիջոցներից, ովքեր որ իմ միջնորդությամբ աջակցել էին, և բոլոր էն մարդկանցից, ովքեր որ ստորագրել էին։ Դրանից հետո, նույն էդ սուբյեկտը, հայտնի անբարոյականը, ում բռնաբարել էին, ինձ դատի տվեց՝ անձնական տվյալ հրապարակելու վերաբերյալ։ Անունը փակ էին գրում, գրում էին Հասմիկ։ Բայց, պարզվեց, որ ակնհայտ էր, որ բռնաբարություն չի եղել։ Սակայն էն ընթացքում, որ ես զբաղվել եմ դրանով, ես տվել եմ երկու մամուլի ասուլիս, հասարակական նամակ եմ պատրաստել, որի տակ 30 հոգի են ստորագրել, այդ թվում՝ նույն իմ իշխանամետ ընկերները, օրինակ՝ Տիգրան Քոչարյանը և այլն, և այլն, որ գլխավոր դատախազը պահանջի տվյալ գործի վերաբացում, քանզի մենք կարծում էինք, որ կոպտագույն խախտումներ են եղել։ Հետո, երբ ես պարզեցի, որ դա, մեղմ ասած, էդպես չի, և պարզեցի, որ էդ աղջիկը, իրականում, հոգեկան հիվանդ է, ու, բացի դրանից, ինքը մտել էր իմ ընտանիք ու ինձ ու կնոջս էր ուզում իրար հետ գժտեցնել, ես Ֆեյսբուքում գրառում արեցի, որ էսինչ մարդը այ սենց կեղտոտություն ա արել։ Ինձ իրենք դատի տվեցին, նու, քրեական գործ հարուցվեց, դատի էլ չտվեցին, 144 հոդվածով ես իմ մեղքն ընդունեցի, ասի՝ լավ եմ արել, գրել եմ, պարզաբանեցի՝ ինչի եմ գրել բացահայտ իր անուն ազգանունը»։
Իսկ բացի այդ՝ ուրիշ նմանատիպ այլ պատմություն եղե՞լ է, որ դատական որևէ պրոցես կամ քննություն, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ինքն ընդհանրապես դատական պրոցեսների մեջ երբեք ներգրավված չի եղել, և իր դեմ հարուցված միակ գործը եղել է դա, որը նկարագրեց։



Ինչ վերաբերում է իր կնոջ մոտ հղիություն չհայտնաբերելու մասին տեղեկությանը, Մարտիրոսյանն ասաց․«Ի՞նչ բժիշկ ա պարզել։ Ես հիմա Մարգարյանից եմ դուրս գալիս կնոջս հետ, էստեղ ասում են՝ եղել ա, կա հղիություն, բայց չեն կարում սպրավկա տանք, չենք տալիս սպրավկա։ Բժիշկները հրաժարվում են տալ ինչ-որ թուղթ, ցանկացած թուղթ, որտեղ որ ասվում ա՝ ոչ թե, որ հղիություն չի եղել, այլ, որտեղ որ ասվում ա, որ դա չի եղել արհեստական միջամտությամբ ընդհատում, այլ կոնկրետ եղել ա կորուստ»։
Մեր տեղեկություններով, իրավապահ համակարգը վաղը հաղորդագրություն է տարածելու Վահան Մարտիրոսյանի՝ հոգեբուժարանում հաշվառված լինելու, սուտ մատնության մեղադրանքով նախկին քննությունների եւ կնոջ՝ հղիության փաստը չհաստատվելու մասով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ