Մրցույթով հետաքրքրվողների մեջ մի քանի չինացի կար, ֆրանսիացի, ուկրաինացի եվ իսպանացի

Մրցույթով հետաքրքրվողների մեջ մի քանի չինացի կար, ֆրանսիացի, ուկրաինացի եվ իսպանացի

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարվել է մրցույթ, որին մասնակցելու հետաքրքրություն են ունեցել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից եւ Հայաստանից: Հայտարարում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որտեղ տեղի է ունեցել քննարկում ՏԿ փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ՝ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նրանք նաեւ այցելել են շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ծավալին եւ ճանապարհահատվածի առկա վիճակին։ Չգիտես ինչու, լրատվամիջոցներին, գոնե «Հրապարակին» չեն հրավիրել, թեեւ մենք շատ հետաքրքրված ենք այդ ճանապարհով եւ պարբերաբար լուսաբանում ենք դրա կառուցման ընթացքը։
Այս կապակցությամբ երեկ զրուցեցինք տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հետ։ Վերջինս ասաց, որ հայտերը դեռ չեն ներկայացվել, եւ պարզ չէ, թե քանի ընկերություն է, որոնք են, սրանք այն ընկերություններն են, որոնք հետաքրքրված են մասնակցությամբ։ Սա, ըստ փոխնախարարի, արվում է հրապարակայնությունն ապահովելու համար, որ մասնակիցներին տեղեկատվություն հասնի։ Մրցույթն արդեն հայտարարված է, եւ սեպտեմբերի 4-ը հայտերի ներկայացման վերջնաժամկետն է։ Մրցույթը բաց է։ «Հյուսիս-հարավ»-ից տեղեկացանք, որ Տրանշ-3-ի ծրագրի իրականացման համար վարկ տրամադրող դոնորները երկուսն են՝ Ասիական զարգացման բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը։ ԱԶԲ-ի տրամադրած վարկը 100 մլն․ դոլար է, իսկ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 60 մլն․ եվրո վարկ եւ 12 մլն․ եվրո դրամաշնորհ։



Հիշեցնենք, որ մինչ այժմ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքները մրցույթով հաղթել եւ իրականացնում էր իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունը։ Արդյոք հրաժարվե՞լ են այդ ընկերությունից, որ հիմա նոր մրցույթ են հայտարարել, պարոն Առաքելյանն ասաց, որ իսպանական ընկերության հետ կնքված է Տրանշ 1 եւ Տրանշ 2 ճանապարհահատվածների իրականացման աշխատանքների պայմանագիր, սա Տրանշ 3-ն է, որի համար առանձին մրցույթ է հայտարարվում, մեկը մյուսի հետ կապ չունի։



- Իսկ այդ նույն իսպանական ընկերությունը մասնակցո՞ւմ էր Ձեր հրավիրած քննարկմանը եւ կմասնակցի՞ մրցույթին։



- Իրենք, եթե չեմ սխալվում, ներկա էին էդ ընթացակարգին, իսկ մասնակցում է, թե ոչ, դա կերեւա արդեն հայտերի ներկայացումից հետո։ Սա մի պրոցես է, որը կապ չունի մասնակցության հետ։



- Տրանշ 3-ի մրցույթի անցկացման պահանջները նո՞ւյնն են, ինչ Տրանշ 1-ի եւ Տրանշ 2-ի դեպքում է։



- Պահանջները, բնականաբար, աշխատանքների ծավալից ելնելով, տատանվում են, այսինքն՝ կախված նրանից, թե ինչ ծավալի պայմանագիր է առաջարկվում, ըստ դրա՝ նաեւ տատանվում են այն բոլոր որակավորման պահանջները, որոնք սահմանվում են։ Ըստ էության՝ չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ տարբերություններ կլինեն։



- Իսկ հետաքրքրություն ներկայացրած ընկերությունները հայտնի եւ խոշոր ընկերություննե՞ր են։



- Գիտե՞ք, մենք նման հետազոտություն չենք արել, քանի որ, նորից եմ կրկնում, սա այն փուլն է, երբ որ պետք է զերծ մնանք ինչ-որ շփումներից։ Այսինքն՝ մենք հրապարակային պրոցես ենք արել, հրավիրել ենք բոլորին, կայքում տեղադրված է եղել հայտարարությունը, որ այսինչ օրը, այսինչ ժամին տեղի է ունենալու նշված գործընթացը։ Եվ իրենց հայտնի կամ խոշոր լինելու վերաբերյալ տեղեկատվությունը կստանանք, երբ որ կբացենք հայտերը։ Այս փուլում նման նպատակ եւ նման իրավասություն էլ չկա, որպեսզի մենք հետաքրքրվենք, թե որն ինչ կարողություն ունի։ Միայն կարող եմ նշել, որ մրցույթով հետաքրքրվողների մեջ մի քանի հոգի չինացի կար, Ֆրանսիայից կային, Չինաստանից կային, Ուկրաինայից կային եւ Իսպանիայից կային։



- Այդուհանդերձ, Դուք գո՞հ եք «Կորսան Կորվիամ»-ի կատարած աշխատանքների որակից՝ մինչ այս պահը։



- Մինչ այս պահը, ինչպես նշվել է, աշխատանքները բնականոն ընթանում են, մենք հիմա թեստավորման փուլում ենք, այսինքն՝ Տրանշ-1-ի ավարտական փուլին ենք մոտենում, հիմա թեստեր են իրականացվում, որոնց արդյունքներով, բնականաբար, հայտարարությամբ հանդես կգանք։



- Այս թեստավորման արդյունքները, եթե հատկապես որակական վատ ցուցանիշներ արձանագրվեն, կարո՞ղ են ազդել այս մրցույթի վրա «Կորսան Կորվիամ»-ի մասով, եթե իսպանական ընկերությունը եւս ցանկանա մասնակցել Տրանշ-3-ի մրցույթին։



- Դե, դա բարդ ընթացակարգ է։ Այսինքն, եթե էդ աստիճան խնդիրներ առաջանան, որ սեւ ցուցակի սկզբունք կիրառվի՝ միգուցե, բայց դրա մասին այս պահին խոսելն անիմաստ է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ