Աշտարակում առանց մրցույթի ուզում են 9 միլիոնից ավել գումար հատկացնել ոռոգման համակարգի վերականգման համար

Աշտարակում առանց մրցույթի ուզում են 9 միլիոնից ավել գումար հատկացնել ոռոգման համակարգի վերականգման համար

Աշտարակի քաղաքապետարանում կրկին խնդրահարույց որոշման նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որը կքննարկվի Աշտարակի՝ օգոստոսի 26-ին կայանալիք ավագանու նիստում։ Նախագծով նախատեսվում է առանց մրցույթ հայտարարելու միանգամից 9 միլիոն 367 հազար 300 ՀՀ դրամ տրամադրել համայնքի ոռոգման համակարգը սպասարկող Աշտարակի ջրօգտագործողների ընկերությանը՝ Աշտարակ քաղաքի չգործող ներտնտեսային ոռոգման ցանցից խողովակներ ապամոնտաժելու և դրանցով վերը նշված համակարգերը վերականգնելու աշխատանքների իրականացման համար։ Նախագծում այս քայլը հիմնավորվել է այն տրամաբանությամբ, որ «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերով վերոնշյալ աշխատանքների համար անհրաժեշտ է 19 միլիոն 21 հազար 950 ՀՀ դրամ, մինչդեռ համայնքի ոռոգման համակարգը սպասարկող «Աշտարակ» ՋՕԸ-ն պատրաստակամություն է հայտնել այդ աշխատանքներն «իր միջոցներով՝ ընդամենը 9 367 300 ՀՀ դրամով կատարելու»։ Մեր տեղեկություններով՝ այս նախագիծը կրկին հարուցել է Աշտարակի ավագանու անդամների դժգոհությունը, և նրանցից շատերը դեմ են նախագծին՝ այս տեսքով, երբ առանց մրցույթի համայնքի բյուջեից այդքան գումար է հատկացվում տվյալ ընկերությանը։ Նշենք, որ սովորաբար նման խոշոր գնումների դեպքում պարտավոր են մրցույթ հայտարարել, մինչդեռ մրցույթ հայտարարված չէ։ Բացի այդ, մի փոքր կասկածելի է նման «տնավարի» մակարդակով միանգամից 10 միլիոն դրամի սակարկությունը՝ 19 միլիոնից 9 միլիոն դրամ։



Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ մրցույթ չի հայտարարվել, բայց դա պարզաբանեց այսպես, որ մնացածն էլ իրենք իրենց միջոցների հաշվին են անելու՝ իրենց տեխնիկայի և այլն։
«Բացի այդ՝ այդ ոռոգման ջրամատակարարումը իրենք են շահագործում, և իրենցից լավ դա ոչ ոք չի կարող անել»,-ասաց պարոն Անտոնյանը։



-Վստա՞հ եք։ Սովորաբար մրցույթ է հայտարարվում նման դեպքերում, որ տեսնեն՝ ով կարող է ավելի լավ անել տվյալ աշխատանքը, որ նրան ընտրեն։



-Բնականաբար։



-Այդ դեպքում՝ ինչու՞ մրցույթ չի հայտարարվել։



-Չէ, ոչ թե չի հայտարարվել, սա դեռ գումարի հետ կապված խնդիրն է, եթե ավագանին էլ որոշում կընդունի, որ մրցույթ անցկացնենք և մրցույթի արդյունքում էդ նախահաշվով 20-միլիոնանոցը, եթե որևէ մեկը կգա և 8 միլիոնով կանի, թող էդ 8 միլիոնով անի։ Ես բոլոր օրենքներին կենթարկվեմ։



-Բայց, որքանով տեղյակ եմ, օրենքը պահանջում է, որ 1 միլիոնից ավելի գնումների դեպքում պետք է մրցույթ հայտարարվի, մինչդեռ Դուք մրցույթ չեք հայտարարել։



-Հիմա դու ուզում ես հոդվա՞ծ գրել։ Ինչու՞ չես ուզում՝ ավագանու նիստը լինի, նիստից հետո նոր էդ խնդրի վերաբերյալ քո հոդվածը գրես։ Միգուցե ավագանու նիստից հետո ավելի ճիշտ պատկե՞ր ունենաս։ Արի ավագանու նիստին, համարի, որ ես քեզ պաշտոնապես հրավիրում եմ, քննարկումը կլինի, և, ըստ դրա, դու քո պատկերացումը կունենաս։



-Կփորձեմ նաև ավագանու նիստին գալ։ Այս պահին խնդրի մասին բարձրաձայնում եմ մինչև նիստի անցկացումը։



-Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, եթե ավագանու նիստից հետո կարծիքդ ուրիշ լինի, էն ժամանակ ի՞նչ կանես։



-Պարո՛ն Անտոնյան, իմ կարծիքն այստեղ էական չէ, էականն իրողությունն է, էականը փաստերն են և Ձեր խոսքն է։ Ավագանու նիստում թե ինչ կորոշվի, ինչ իրադարձություններ տեղի կունենան, և Դուք այդ ժամանակ ինչ կասեք, կլուսաբանեմ նաև դա, որևէ խնդիր չկա։



Հ․Գ․ Աշտարակի քաղաքապետն անհանգստացած էր նաև, որ մինչև նիստի կայացումը մեր այս հրապարակումը կարող է որևէ ազդեցություն թողնել ավագանու անդամների որոշման ու նախագծի ճակատագրի վրա, մենք էլ նշեցինք, որ բացի դրականից բացասական որևէ ազդեցություն հազիվ թե թողնի մեր հոդվածը: Եթե կա որևէ խնդրահարույց որոշում, որտեղ օրենքի խախտում կամ կոռուպցիոն ռիսկ կա, ապա նման հրապարակումները, սովորաբար, «բուժիչ-կանխարգելիչ», ըստ այդմ՝ պետության և հասարակության շահերից բխող ազդեցություն են ունենում։ Իսկ եթե որևէ խախտում չկա, ապա Աշտարակի քաղաքապետը, կարծում ենք, անհանգստանալու ոչինչ չունի։



Հիշեցնենք, որ Աշտարակի ավագանին հանրապետության թերևս այն եզակի ըմբոստ ավագանիներից է, որը քանի անգամ աչքի է ընկել անցանկալի, խնդրահարույց որոշումներին դեմ արտահայտվելով և տապալելով։ Դրանցից մեկն էլ այն հայտնի գազալցակայանի պատմությունն էր, որ տարածք էին ուզում օտարել իշխանական ապարատի բարձրաստիճան մի չինովնիկի՝ քաղաքի բանուկ հատվածում գազալցակայան կառուցելու համար, սակայն ավագանու համառ ջանքերով որոշումը չընդունվեց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ