Այսօր շատ երեխաներ շատ ավելի լավ են խաղում շախմատ, քան իրենց հայրերն ու պապերը միասին վերցրած

Այսօր շատ երեխաներ շատ ավելի լավ են խաղում շախմատ, քան իրենց հայրերն ու պապերը միասին վերցրած

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այժմ գտնվում է Տավուշի մարզում: Մարզպետարանում ելույթ ունենալով` նախարարը խոսեց խնդիրների, ձեռքբերումների մասին, նաև մի քանի լավ լուր ընդգծեց` նկատելով, որ մամուլն ու հասարակությունը հիմնականում բացասականի մասին է բարձրաձայնում: Անդրադառնալով շախմատ առարկայի ներդրմանը մեր դպրոցներում` նա ասաց, որ շախմստ առարկան կարծես դարձել է Հայաստանի բրենդը աշխարհում կրթական առումով, քանզի Հայաստանը նաև դրանով են սկսել ճանաչել:
«Դպրոցներում այս առարկայի ներդնումից հետո այսօր շատ երեխաներ շատ ավելի լավ են խաղում շախմատ, քան իրենց հայրերն ու պապերը միասին վերցրած: Եթե ես էլ առաջ իմ տղայիս օգնում էի երբեմն, որ խնդիրները լուծեր, հիմա ինքը ինձանից լավ է դա անում»,-ասաց Աշոտյանը:



Նշենք, սակայն, որ մինչ նախարարի ելույթը ելույթ ունեցան նաև մարզի որոշ գյուղերի դպրոցների տնօրեններ: Բերդավանի տնօրենը, ի թիվս այլ խնդիրների, մի խնդիր մատնանշեց նաև շախմատ առարկայի հետ կապված: Ըստ նրա` շախմատ առարկայի 3-րդ դասարանի դասագրքերը շատ բարդ են կազմված, քանզի դրանցում խնդիրներ կան, որ նույնիսկ նրանց հայրիկներն ու պապիկները, որոնց թվում է, թե իրենք շատ լավ գիտեն շախմատ, չեն կարողանում լուծել, ուր մնաց երեխաները լուծեն:
Նախարարն էլ ասաց, որ այս հարցով կխոսի շախմատի դասագրքերի ստեղծման հեղինակային խմբի հետ և կփորձեն հասկանալ` որևէ խնդիր կա, թե ոչ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ