Տավուշեցիները դժգոհեցին. ինչո՞ւ չեք օգնում սահմանամերձ բոլոր գյուղերի ուսանողներին | լուսանկարներ

Տավուշեցիները դժգոհեցին. ինչո՞ւ չեք օգնում սահմանամերձ բոլոր գյուղերի ուսանողներին | լուսանկարներ

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ և սահմանսպահ համսյնքներ էր այցելել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում տնօրենի և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ուսուցիչներից մեկը հետաքրքրվեց նախարարից, թե ինչու իրենց գյուղի ուսանողներին ուսման վարձի զեղչ չի հասնում, մինչդեռ սահմանամերձ այլ համայնքներ կան, որոնց ուսանողների ուսման վարձի մի մասը վարչապետի որոշմամբ վճարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:



Ի պատասխան` նախարարն ասաց, որ բոլորին չեն կարող օգնել:
«Երբ որ մի բան ուզում ես անել, միանգամից շատերն են ուզում էդ օգնությունը ստանալ: Բոլորին չես կարող դա անել, սա անկեղծ խոսում ենք: Կամ ինչ-որ մի հատվածին պիտի օգնես, կամ, պարզապես, ասես, որ չես կարող օգնել»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` անցյալ տարի փորձեցին օգնել և մի ամսվա մեջ ցուցակները ուռճացրեցին. «Դուք գիտեք ինչքան էին փորձում չարաշահել մեր ցանկությունը` օգնելու էդ երեխեքին, ինչքան մարդ փորձեց, կներեք բառիս համար, խցկվել էդտեղ: Ես ի մի բերեցի էդ բոլոր ցանկերը, որ հավաքել էինք, պարզվեց, որ հազարավոր սահմանամերձ գյուղերից մենք ուսանողություն ունենք: Այսինքն` ով մի քիչ կապ ուներ ինչ-որ մի գյուղի հետ, գյուղապետին խնդրում էր ու մի հատ միջնորդագրով գալիս էր: Էն առաջին ցուցակը, որ ասում էին` հարյուր հոգի ա, հետո դարձավ հազար հոգի»:
Նշենք, որ նույն խնդիրը կա նաև սահմանամերձ Ոսկեպար համայնքում, որի ղեկավարը ևս մարզպետարանում խորհրդակցության ժամանակ նույն հարցը բարձրացրեց:



Hraparak.am-ին էլ Աշոտյանն ասաց, որ սահմանամերձ ոչ բոլոր գյուղերն են մտել այս ծրագրի մեջ, իսկ թե ինչ չափորոշիչներով են ընտրվել, նախարարը դժվարացավ հստակ պատասխանել. «Երևի այն գյուղերն են ընտրվել, որոնք գտնվում են ամենաթեժ և վտանգավոր կետերում»: Նկատենք, սակայն, որ այստեղ բոլոր գյուղերի բնակիչներն էլ պնդում են, որ իրենց գյուղերն ամենաթեժ կետերում են գտնվում` մշտապես հակառակորդի գնդակոծման տակ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ